Հայերեն   English   Русский  

​Ռազմիկ Մարուքյան. բալետի նորավառ աստղը Օպերայի թատրոնում


  
դիտումներ: 5652

Օպերայի բեմում օրերս հանրահայտ «Ժիզելն» էր: Բալետային ներկայացումից հետո թատրոնի ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հոտնկայս երկար ծափահարում էր ու գոչում՝ բրավո: Հիացմունքն ուղղված էր ոչ միայն ներկայացմանը, այլև հատկապես ներկայացման ամենաերիտասարդ մասնակցին՝ Կոմս Ալբերտի դերակատար 17-ամյա Ռազմիկ Մարուքյանին:

2009 թվական, օսոստոսի 11: Ռազմիկ Մարուքյանն Էջմիածնից տատի հետ Երևան էր եկել: Նրանք քայլում էին Բայրոնի փողոցով, երբ Պարարվեստի ուսումնարանի շքամուտքին տատը հանկարծ նկատում է «Ժիզելի» պաստառը: Թոռնիկի ձեռքը բռնում է և վայրկենապես ներս մտնում: Նա մտքում արդեն որոշել էր՝ թոռը պետք է բալետի պարող դառնա: Այդպես 9-ամյա Ռազմիկը, առանց անգամ գաղափար ունենալու, թե ինչ բան է բալետը, տատիկի որոշմամբ ընդունվում է Պարարվեստի պետական քոլեջի դասական պարի բաժին:

«Առաջին տարիներին չսիրելով էի գնում բալետի,- խոստովանում է Ռազմիկն ու ծիծաղելով ավելացնում,- դե, գիտեք, հայ տղաների մոտ էսպիսի մի բան կա՝ ո՞նց կարելի է տրիկո հագնել: Հետո հասկանալով, որ սա ճակատագիր է, փորձում էի սիրել: Մտածում էի՝ գոնե մի կերպ ավարտեմ ուսումնարանը, մի ուրիշ բանով զբաղվեմ: Բայց 2-րդ, 3-րդ կուրսում, երբ սկսեցի դիտել բալետային ներկայացումներ, կամաց-կամաց իսկապես սկսեցի սիրել այս արվեստը»:

Ռազմիկ Մարուքյան

Արդեն 8 տարի անընդմեջ ամեն օր առավոտյան Էջմիածնից հասնում է Երևան, երեկոյան վերադառնում: Շուրջ կես տարի է, ինչ նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի պրակտիկանտից դարձել է մենապարող:

Գլխավոր դերում առաջին բեմելը եղել է «Դիմակահանդես» ներկայացման մեջ, այս տարվա մարտին: Հանդես է եկել Իշխան Զվեզդիչի դերում: Հետո Գիքո՝ «Գայանեում», վերջերս էլ՝ Կոմս Ալբերտ «Ժիզելում»:

17 տարեկանում նման փայլուն հաջողությունները բալետում պատահական չեն լինում: Ամենակարևոր գործոնը՝ տաղանդը, իհարկե, ակնհայտ է, սակայն երիտասարդ պարողը հասկանում է, որ այս արվեստում նաև չափազանց կարևոր է աշխատասիրությունը, և աշխատում է գիշեր-ցերեկ: «Դեռ աճելու շատ տեղ ունեմ,- ասում է,- իմ կարիծիքով՝ բալետում կայացած պարող կարող ես դառնալ առնվազն 21 տարեկանում»:

2017 թվականը 17-ամյա արտիստի համար իսկապես բեկումնային է ու լի շռնդալի հաջողություններով: Տարեսկզբին առաջին անգամ Ռազմիկ Մարուքյանը Բրյուսելում մասնակցում է բալետի, ջազի և ժամանակակից պարի «Արաբեսկ» միջազգային մրցույթին, որտեղ գրավում է առաջին տեղը՝ միաժամանակ արժանանալով «Ամենարտիստիկը» հատուկ պարգևին: Այդ ժամանակ Ռազմիկը դեռևս թատրոնի պարող չէր և մրցույթին մասնակցել էր «Պարը հանուն զարգացման» հիմնադրամի շնորհիվ:

Ռազմիկ Մարուքյան

2017 թվականի հունիսի 11-20-ը Ռազմիկը մասնակցում է Մոսկվայի Մեծ թատրոնում կայացած Բալետի արտիստների և խորեոգրաֆների XIII միջազգային մրցույթին, որը բալետի ամենահեղինակավոր մրցույթներից մեկն է աշխարհում: Նա անգամ հույս չուներ, որ մրցույթի առաջին փուլը կանցնի, քանի որ մրցակցությունն իսկապես չափազանց մեծ է: Առհասարակ այս մրցույթին ներկայացվելն արդեն իսկ մեծ բան է: Ինչևէ, Ռազմիկ Մարուքյանը ոչ միայն մրցույթի առաջին փուլն է անցնում, այլև բոլոր երեք դժվարին փուլերը: Երիտասարդների տարիքային կրտսեր խմբի մասնակիցներից միայն 19-ն են հասնում երրորդ փուլ և միայն հինգն են պարգևատրվում մեդալներով ու դիպլոմներով: Ռազմիկ Մարուքյանն այդ 5 պարգևատրվածների շարքում էր՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Նրան շնորհվում է նաև «Մրցույթի դիպլոմանտ» պարգևը:

«Ինձ համար այդ մրցույթում ամենակարևորն այն էր, որ հնարավորություն ունեցա պարելու Մեծ թատրոնի բեմում: Երբ ես այդ բեմում պարեցի, կարելի է ասել՝ այդ մրցանակն այլևս ինձ պետք չէր, քանի որ դա ավելի մեծ պարգև էր ինձ համար, քան մրցանակը»:

Ռազմիկ Մարուքյանի հետ զրույցում անդրադարձանք նաև այս օրերին ամենալայն քննարկման թեմա դարձած տարկետմանը: Հետաքրքիր էր լսել փայլուն կարիերա սկսած 17-ամյա բալերոնի կարծիքը: Իսկ այդ կարծիքը սպասվածից ավելին էր. «Եթե պետք է, ուրեմն պիտի գնաս ծառայելու, արդեն չես քննարկում՝ ինչ կլինի, ոնց կլինի: Բնականաբար, կարիերայում հետխաղացում կլինի, որովհետև այս տարիքը բալետի համար շատ կարևոր տարիք է: Բայց տղամարդը պետք է գոնե զենք բռնել իմանա: Համենայն դեպս, ավելի լավ է՝ գնաս ծառայես ու հանգիստ խղճով հետ գաս, քան ամբողջ կյանքում փախած ման գաս»:

Ռազմիկ Մարուքյան

Ի դեպ, փախուստի մասին: Ռազմիկն ասում է, որ բալետի շատ պարողներ ինչ-ինչ պատճառներով, այդ թվում և ծառայության, Հայաստանից դուրս են եկել ու աշխատում են օտար բեմերում: «Ես, օրինակ, չեմ պատկերացնում ինձ դրսում: Այո, կուզենամ գնալ, կատարելագործվել, բայց որ անպայման վերադառնամ»:

Այո, դրսում միգուցե ավելի լավ են վարձատրվում ու ապրում, բայց մայր թատրոնի արտիստ լինելը նրա համար այլ արժեք ունի. «Եթե մեր խաղացանկը թարմացվի, որի հնարավորությունը մեր թատրոնն ունի, դասական մեծ ներկայացումներից բացի, ավելի թեթև ներկայացումներ էլ ցուցադրվեն, մարդիկ ավելի շատ կգան բալետ դիտելու, եկամուտը կմեծանա, մնացածն էլ իր հերթին կզարգանա»,- ասում է նա:

Ռազմիկի տատի կայծակնային որոշման մեջ հավանաբար նախախնամության մատը խառն էր, քանի որ ոչինչ պատահական չի լինում: Այդ օրն էլ 9-ամյա Ռազմիկն ու իր տատը պատահական չանցան Պարարվեստի ուսումնարանի կողքով ու մի պահ կանգ առան «Ժիզելի» գեղեցիկ պաստառի առջև: Եվ չնայած ընդունելությունն արդեն ավարտվել էր, տատի համառության շնորհիվ ուսումնարանում համաձայնեցին ստուգել Ռազմիկի ֆիզիկական տվյալները և որոշեցին նրան ընդունել ուսումնարան: Ռազմիկի տատն այդ օրը գուցե «Ժիզելի» պաստառի առջև կանգնած երազեց, բայց չէր կարող պատկերացնել, որ ընդամենը 8 տարի անց նույն «Ժիզելի» պաստառը կփակցվի Օպերայի և բալետի թատրոնի շքամուտքին և այնտեղ արդեն իր թոռան պատկերն ու անունը կլինի:

Ռազմիկ Մարուքյան

Տատը մեծ ոգևորությամբ դիտում է թոռան բոլոր ներկայացումները և հպարտությամբ լցվում չդադարող ծափողջույններից: Սակայն ոչ մի անգամ նրան չի հիշեցնում, որ բալետի ճանապարհով նրա կամքին հակառակ է տարել: Իսկ 17-ամյա բալերոնն արդեն չի պատկերացնում իր կյանքն առանց բեմի. «Բալետն իմ մի մասն է, այլևս փախչելու տեղ չունեմ,- ծիծաղում է,- առհասարակ արվեստն ուրիշ բան է, և արվեստի մարդը տարբերվում է նրանով, որ կարող է մի կյանքից ավելի կյանք ապրել՝ բեմի կյանքերը՝ տարբեր ապրումներով ու զգացողություններով: Բեմն այդ առումով կախարդական է»:






Մեկնաբանություններ - 1

gohar     17.11.2017 գրում եք , տատ հա տատ ․․ տատը նկար չունի՞, անուն ազգանուն չունի՞։ կարող է գրեք, մենք էլ ճանաչենք ավելի շատ ուրախանանք։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: