Հայերեն   English   Русский  

Թուրքիայում Մարմարա համալսարանի 22 աշխատակից ձերբակալվել է


  
դիտումներ: 518

Թուրքիայի Մարմարա համալսարանի գիտական, վարչական և հասարակական բաժիններում աշխատող 42 անձանց նկատմամբ գործողություն է իրականցվել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ) դեմ գործի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, կազմակերպության հետ կապեր ունենալու կասկածանքով 22 անձ ձերբակալվել է: 24 կասկածյալների՝ Մարմարա համալսարանի աշխատասենյակներում խուզարկում է իրականացվել՝ առգրավելով նրանց անձնական իրերը:

Հիշեցնենք, որ 2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: Հեղաշրջման փորձից հետո՝ 2016 թ-ի հուլիսի 20-ին, Թուրքիայի նախագահը երեք ամիս ժամկետով արտակարգ դրության ռեժիմ է հաստատել, որի ժամկետն արդեն երեք անգամ երեք ամսով երկարաձգվել է:

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու վերջին որոշումը կայացվել է սույն թվականի հուլիսին: Քանի դեռ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ է հաստատված, սահմանափակումներ են սահմանվել հանրահավաքների և որոշ զանգվածային միջոցառումների համար, ուժային կառույցներն առավել լայն իրավունքներ են ստացել: Միևնույն ժամանակ, մի շարք եվրոպական երկրներ և թուրքական ընդդիմությունը քննադատաբար են մոտենում արտակարգ դրության նոր երկարացմանը` նշելով, որ այն սպառնում է երկրի բնակչության ազատությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: