Հայերեն   English   Русский  

Բողոքող ուսանողները ծառայությունից խուսափելու նպատակ չունեն. Գառնիկ Իսագուլյան


  
դիտումներ: 1324

«Երիտասարդները շատ ճիշտ կարողացան կողմնորոշվել և, ըստ էության , կարողացան ցույց տալ, որ ոչ մի ուժի կողմից չեն ուղղորդվում: Նրանք չեն ուզում առիթը բաց թողել և ընդհանուր սեղանի շուրջ նստելով իշխանությունների հետ ՝ գոնե ենթաօրենսդրական ակտերով կարողանալ կարգավորել խնդիրները»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը`անդրադառնալով զինծառայության մասին օրենքի փոփոխություններին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովը 86 ձայնով կողմ քվեարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրեր առաջ ուսանողների սկսած բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցին:

Ըստ Իսագուլյանի՝ այդ խնդիրները հուզում են ոչ միայն երիտասարդներին, այլև բոլորին, ովքեր զբաղվելու են գիտությամբ:

Նա շատ է կարևորում իշխանությունների և ուսանողների համագործակցությունը.«Պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որում գտնվում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունները, ինչ գործընթացներ են առկա, ինչ վիճակում է բանակը, ինչ լուծումներ են պետք անվտանգության ապահովման համար: Ես ողջունում եմ երիտասարդների այդ քայլը»,- ասաց Իսագուլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի անկախ պատմության տարբեր շրջաններում, երբ իշխանությունները և ընդդիմությունը կարողացել են նստել ընդհանուր սեղանի շուրջ, նրանք կարողացել են լուծել ծառացած բոլոր խնդիրները:

Իսագուլյանը գտնում է, որ պետք է քննարկել հարցը բոլոր կողմերից. արդյո՞ք տարկետումից հետո ուսանողները նույն արդյունավետությամբ կկարողանան զբաղվել գիտությամբ կամ մինչև այժմ եղած տարկետման իրավունքը ի՞նչ արդյունքներ է ունեցել:

«Կարևոր է հասնել հավասար պայմանների: Որևէ մեկը չի խուսափում ծառայությունից: Առավել ևս բողոքի ակցիաներին մասնակցած ուսանողներից 5-ից 4-ը ծառայած են: Չես կարող ասել, որ նրանք ամեն ինչ անում են չծառայելու համար»,- նշեց նա:

Այն հարցին, թե ինչու ուսանողների և պատգամավորների հանդիպումը տեղի ունեցավ օրենքի ընդունման օրը, Իսագուլյանը նշեց. «Շատ լավ կլիներ, որ դա լիներ շատ ավելի շուտ, բայց ստացվեց այնպես, որ կողմերն այդ պահին ընդհանուր հայտարարի եկան: Այն, ինչ նախաձեռնել էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բացառապես բխում էր հայկական երկու պետությունների շահերից և բացարձակապես չի խոչընդոտում գիտության զարգացմանը: Ապրիլյան պատերազմը, բանակի վերնախավի փոփոխությունը պարտադրեց նման լրացումներ կատարելը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: