Հայերեն   English   Русский  

Լրանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյակը


  
դիտումներ: 4148

Այս տարի լրանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի 20-ամյակը: Քսան տարիների գործունեության, ձեռբերումների եւ առաջիկա ծրագրերի շուրջ էլ զրուցեցինք ԵՊԿ ԳՄի տնօրեն, ՀՀ վաստակավոր գործիչ, արվեստագիտությամ դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԱՎԴԱԼՅԱՆԻ հետ:

-Տիկին Ավդալյան, ինչո՞վ է նշանավորվում այս տարին ԵՊԿ ԳՄ-ի համար:

Այս տարի լրանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20-ամյակը:

Այն հեռավոր տարիներին հետաղետալի Գյումրին կանգնած էր հոգեւոր ճգնաժամի եւ անհուսության առջեւ, երբ համատարած ընդհարացման եւ նիրհի մեջ, որպես հուսո փարոս մաեստրո Լորիս Ճգնավորյանի շնորհիվ ծնվեց արվեստների կենտրոն ստեղծելու գաղափարը եւ 1991 թ. սկիզբ առավ մի աննախադեպ ուխտագնացություն: Այն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997թ-ին: Նույն տարվա հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու «Արվեստների ակադեմիայի» հանդիսավոր բացումը, որտեղ անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ Վարչապետ Արմեն Դարբինյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի գործունեության կարեւորությունը:

-Շքեղ շենքային պայմանների ապահովումից բացի ,որոնք էին հաջողության ուղիով տանող ճանապարհների գրավականները։

Շենքային պայմանների ստեղծումից հետո առավել կարեւոր էր նրանում լիարժեք ուսումնական գործընթաց կազմակերպելու խնդիրը, որտեղ մեծ գնահատանքի է արժանի ԵՊԿ ԳՄ-ի առաջին ղեկավարների՝ Ստյոպա Խաչատրյանի, Լյուդմիլա Մելիքյանի եւ գործադիր տնօրեն Կառլեն Համբարձումյանի դերակատարումը: Նրանց շնորհիվ արվեստների մայրաքաղաք Գյումրիում իր ուսումնական գործընթացը սկսեց մի հաստատություն, որի անցած 20 տարիների ընթացքում ունեցել է նշանակալի հաջողություններ:

Մեծ հպարտությամբ ցանկանում ենք նշել հատկապես 2003 թվականից սկսած մեր ունեցած ձեռքբերումները:

ԲՈՒՀ-ի կայացման եւ անընդհատ աճող հեղինակության բարձրացման մեջ մեծ էր հայ դասական երաժշտության երախտավորներ, դարի խորհրդանիշ հանդիսացող կենդանի լեգենդներ՝ Էդ. Միրզոյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի ներդրումը:

2005թվ. սկիզբ առավ «Մշակույթների երկխոսություն» հանրապետական, այնուհետեւ 2008թ-ից միջազգային գիտաժողովը: 2007թ.-ից հիմնադրվեց «Վերածնունդ» հանրապետական մրցույթ-փառատոնը, որը 2009թ-ից ստացավ միջազգային կարգավիճակ: 2006թ-ից լույս տեսավ արվեստի տարբեր ճյուղերին անդրադարձող եւ այդ տարիներին նման ձեւաչափ ունեցող միակ ամսագիրը՝ «Արվեստ եւ ժամանակ, հայացք Գյումրիից» գիտամշակութային հանդեսը, որը Գյումրու Արվեստագետների արտահայտման մի նոր հարթակ էր:

2004-2005թթ. ուսումնական տարվանից սկսեց գործել «Իմպրոռիթմ» բազային ուսումնական հաստատությունը, որը մինչ օրս կադրեր է ապահովում ոչ միայն կոնսերվատորիայի, այլեւ արվեստի մյուս ճյուղերի համար:

-Տիկին Ավդալյան, բուհի գործունեությունը միջազգային մակարդակում ինչ հիմքերի վրա է դրված:

Հպարտ ենք, որ կատարված աշխատանքը այսօր տալիս է իր պտուղները: Դա առաջն հերթին ԲՈՒՀ-ի վարկանիշի բարձրացումն է, միջազգային գործունեության ընդլայնումն ու գործընկերների ձեռքբերումը, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերը նոր հեռանկարներ են նախանշում գիտամանկավարժական ու կատարողական գործունեության ոլորտներում: Մեր բազմաթիվ գործընկերների շարքում նշենք Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ակադեմիան, Մոսկվայի, Կազանի, Դոնի Ռոստովի, Թբիլիսիի, Ղրղզաստանի, Թուրքմենիայի, ԱՄԷ պետական կոնսերվատորիաները, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Ղազախստանի, Սլովենիայի, Վիենայի արվեստի ակադեմիաները եւ այլն:

Այդ համագործակցության շնորհիվ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի հաղթողներն ու ԲՈՒՀ-ի ուսանողները հնարավորություն են ստացել մասնակցել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում անցկացվող համերգներին եւ վարպետության դասերին:

ԲՈՒՀ-ն այսօր էլ ապրում է ակտիվ ուսանողական կյանքով, որի մաս են կազմում ուսանողական բանահավաքչական գիտարշավները, վարպետության դասերն ու համերգները:

Այս հոբելյանական տարվանից սկիզբ է առնելու եւս մեկ նախագիծ՝ ուսանողական միջազգային գիտաժողովը:

Վերը նշվածի շնորհիվ սովորողի առօրյան դառնում է առավել հագեցած, բովանդակալից եւ նպատակամետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: