Հայերեն   English   Русский  

Դատական նիստերի լուսատեսանկարահանման իրավունքը պետք է հստակեցվի. Արման Ղարիբյան


  
դիտումներ: 10301

« Դատական նիստերի լուսաբանման պրակտիկան բավական տխուր է, դաշտը կարգավորված չէ օրենսդրական առումով, տարբեր դատավորներ տարբեր մոտեցումներ են ցուցաբերում այս կամ այն պատճառներով»,-

լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության արդյունքներն, ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ համահինադիր Արման Ղարիբյանը։

Հետազոտությունը իրականացվել է Դռնբաց դատական նիստերի լուսաբանման վերաբերյալ միջազգային և ներպետական օրենսդրությունների համեմատական վերլուծության հիման վրա: Հաշվի է առնվել նաև Հայաստանում առկա պրակտիկան:

«Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ու Միացյալ Թագավորությունում հրաժարվում են դատական նիստերի հեռարձակումն ու տեսանկարահանումը արգելելու կանոնից և սահմանում են դրա նկարահանման որոշակի կանոններ։ Աշխարհը հաշվի է նստում մարդկության, տեխնիկայի, տեղեկտվական տեխնոլոգիաների զարգացման հետ և գնալով ավելի բաց է դառնում. Հայաստանը չպետք է հետ մնա այս զարգացումներից»,-նշեց Ղարիբյանը:

Անդրադառնալով ներպետական օրենսդրությանը՝ նա նշեց, որ մեզ համար էլ խորթ չէ հրապարակային դատավարության իրավունքը, որը սահմանված է Սահմանադրությամբ, սակայն մեր քրեական դատավարության օրենսգրքերը տարբեր մոտեցումներ են ցուցաբերում. « Մենք ունենք քրեական, քաղաքացիական ու վարչական դատավարության օրենսգրքեր, որոնցով էլ ենթադրվում է, որ պետք է հստակեցվեր դատական նիստի լուսաբանման իրավունքը և ընթացակարգերը։ Սակայն խառնաշփոթ իրավիճակ է, քանի որ երեք օրենսգրքերում տարբեր մոտեցում է: Այսպես քրեական դատավարության օրենսգիրքն ընդհանրապես չի անդրադառնում դատական նիստի լուսանկարահանմանը և լուսաբանմանն առհասարակ: Քաղաքացիականը սահմանում է, որ լուսատեսանկարահանումը կարելի է կատարել դատավորի թույլտվությամբ կողմերի կարծիքները լսելուց հետո, իսկ վարչական դատավարության օրենսգիրքը ավելի հստակ է ներկայացնում հարցը, սակայն ի վնաս լրագրողների. ըստ դրա՝ առհասարակ արգելված է տեսանկարահանումը: Դա կարելի է կատարել միայն դատարանի թույլտվությամբ, իսկ որպես ընթացակարգ, ասում է, որ բացառապես այն դեպքերում, եթե դատավարության կողմերից որևէ մեկը կմիջնորդի դատավորին, այսինքն՝ մեր լուսանկարահանում անելու իրավունքի համար դիմելու ընթացակարգը մերը չէ, պետք է խնդրենք կողմերից մեկին, որ միջնորդեն»։

Արման Ղարիբյանն ընդգծեց՝ ՀՀ օրենսդրությունն այս առումով բարելավման կարիք ունի. «Մենք խորքային հարցազրույցներ են անցկացրել 12 լրագրողների հետ, որոնք 5-25 տարվա պրակտիկա ունեն դատական նիստեր լուսաբանելու, ինչպես նաև առցանց հարցումներ են կատարել 30 լրագրողների շրջանում, որոնք պարբերաբար լուսաբանել են դատական տարեբր նիստեր: Լրագրողները երեք հիմնական խնդիրներ են առանձնացրել. առաջինը տեսալուսանկարահանման արգելքն է առհասարակ, երկրորդը ժամանակային սահմանափակումը, երբ դատավորը որոշում է, օրինակ, 5 րոպեից ավելի չես կարող տեսանկարահանել, և երրորդը տեխնիկական խոչընդոտներն են»։

Արման Ղարիբյանի խոսքով՝ պատճառաբանությունները կարող են ամենատարբեր լինել՝ օրինակ՝ ոստիկանության ներկայացուցիչը կարող է հայտարարել՝ ինձ մի նկարահանեք, քանի որ ես կին եմ, այնինչ դատավարության մասնակիցները հանդես են գալիս ի պաշտոնե: Կամ կարող է ասել ես հարս ունեմ թոռ ունեմ, մի նկարեք, կամ չեմ ուզում, որ իմ լուսանկարը ֆեյսբուքում լայքեն։

«Այսպիսի ծիծաղելի պատճառաբանություններով դատավորները կարող են տեղի տալ և արգելեն լրագրողներին տեսանկարահանել: Էլ ավելի զավեշտալի է, երբ կողմերից ոչ ոք չի առարկում, բայց դատավորն իր ցանկությամբ արգելում է: Դատավորները հիմնականում չեն մեկնաբանում նման որոշման պատճառը: Կան դատավորներ, որոնք շատ բաց են և ում հետ խնդիր չի գրանցվում: Լուսանկարահանման կամ տեսանկարահանման արգելքի պատճառ կարող է լինել այն, որ դատավորը պարզապես չի համակրում լրագրողին կամ նրա ներկայացրած լրատվամիջոցին, քանի որ այն նախկինում անդրադարձել է իր նախկին դատավճիռներին, կոռուպցիոն բացահայտումներ է արել և վրեժ լուծելու համար կարող է արգելել նկարահանել»,- նշեց Ղարիբյանը:

Ըստ հետազոտության՝ լրագրողների 50 տոկոսը կարծում է՝ օրենսդրական փոփոխությունների կարիք կա:

«Մենք հանդես ենք գալիս առաջարկություններով Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի լուսատեսանկարահանման իրավունքը հստակեցնելու համար, ընդունել մեր պատրաստած օրենքի նախագիծը, Արդարադատության խորհրդին ենք դիմում մեր առաջարկությամբ՝ կարգապահական պատասխանատվության ենթարկել բոլոր այն դատավորներին, որոնք գերազանցում են իրենց լիազորությունները և ապօրինի կերպով սահմանափակում նիստերի լուսատեսանկարահանումը »,- ասաց Արման Ղարիբյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: