Հայերեն   English   Русский  

​Տղամարդկանց մասին անկեղծ զրույց Բաբկեն Չոբանյանի հետ


  
դիտումներ: 8518

Արդեն երկար տարիներ աշխարհում նոյեմբերի 19-ը նշվում է որպես Տղամարդկանց միջազգային օր, ինչը, սակայն, մեզ մոտ այնքան էլ տարածված չէ, եթե չասենք՝ գրեթե անհայտ է:

Ուստի սա լավ առիթ է այս թեմային անդրադառնալու համար: Մեր զրուցակիցն է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը, որ զրույցի ընթացքում հարցերին մոտեցավ նաև իր մասնագիտական դիտանկյունից:

Սկզբում նա խոստովանեց, որ իր համար տղամարդ կամ կին լինելուց առաջ ավելի կարևոր է մարդ լինելը, որովհետև, ի վերջո, սեռը մենք չենք ընտրում: «Ուզենք, թե չուզենք, սեռերի տարբերություն պետք է լիներ, բայց ցանկալի է, որ լիներ զուտ հակասության համար, որից ծնվում է գեղեցիկը, ինչի շնորհիվ էլ կյանքը շարունակվում է: Իսկ այն, որ այսօր աշխարհում բաժանվում են բանակների, պայքարում իրար դեմ, փորձում նմանվել կամ արհեստականորեն հեռանալ իրարից, անընդունելի է: Իրականում կինն ու տղամարդը հակադիր բևեռներ են, որոնցից մեկի բացակայության դեպքում, սակայն, մյուսի գոյությունն անիմաստ է դառնում»,-նկատեց դերասանը և հավելեց, որ ավելի հեշտ կանանց մասին է խոսում, քան տղամարդկանց, որովհետև նրանց ավելի հաճախ է կողքից ուսումնասիրում:

Ըստ Չոբանյանի՝ սխալ է հասարակության մեջ տարածված իսկական տղամարդ հասկացությունը. իրականում կա՛մ տղամարդ ես, կա՛մ ոչ, իսկականի կարիք բացարձակապես չկա: Այլ հարց է, որ տղամարդ լինելը շատ բարդ է: Տղամարդկությունն առաջին հերթին բնորոշվում է կնոջ նկատմամբ վերաբերմունքով: Մնացած հատկանիշերը շատ են (ուժեղ լինել, խոսքի տերը լինել, արժանապատվություն ունենալ, ընտանիք պահել և այլն), բայց ոչ առաջնային:

Տղամարդկային հատկանիշերի մեջ զրուցակիցս կարևորեց նաև հասկացված և ազատ լինելու ցանկությունը. «Ազատությունը տարբեր դրսևորումներ ունի: Գուցե ազատություն ասելով՝ շատերն այլ բան հասկանան, բայց այն ինձ համար ավելի ընդգրկուն հասկացություն է: Ազատությունը, ի վերջո, այն չէ, որ անես այն, ինչ ուզում ես, այլ չանես այն, ինչ չես ուզում»,- բացատրեց նա: Զրուցակցիս կարծիքով՝ տղամարդկային հատկանիշերը պիտի որ ազգություն չճանաչեին, բայց ազգային մտածողության, մշակութային առանձնահատկություններից ելնելով՝ ամեն դեպքում տարբեր են:

Բնական է, որ պիտի անդրադառնայինք հայ տղամարդուն բնորոշ հատկանիշերին: «Քանի որ մեր երկրում ընտանիքի ինստիտուտը դեռ հարաբերականորեն կայուն արժեք է, տղամարդու ընտանիքին նվիրվածության աստիճանով էլ շատ բան որոշվում է, թե ինչքան լավ ամուսին է, ինչքան լավ հայր է, առհասարակ ինչքան լավ տղամարդ է իր ընտանիքի, իր շրջապատի համար: Ի դեպ, տղամարդ և կին հասկացություններն առաջնահերթ միավորվում են ընտանիքում: Ցավում եմ միայն, որ մեր տղամարդկանց այսօր շատ բան է պակասում, ուղղակի չեմ ուզում ընդհանրացնել, որովհետև նկատածս հատկանիշները՝ քաղաքավարության, պատվի, պատասխանատվության պակասը, բնավ հարիր չեն հայ տղամարդուն»,- ասում է դերասանը և ավելացնում, որ տղամարդու և ընդհանրապես ծնողների վարքը շատ կարևոր է երեխաների դաստիարակության հարցում: «Կարիք չկա բացատրել նրանց, թե կյանքում ինչն է լավ, ինչը՝ վատ, քանի որ ասելուց և սխալ արարք գործելուց հետո խոսքդ արժեզրկվում է: Ուստի ինչպիսին ուզում ես, որ երեխադ լինի, այդպիսին պիտի լինես դու: Այնքան նրբություններ կան, որ տարիքի հետ երեխաները վերցնում են իրենց ծնողներից: Դրա համար շատ կարևոր է, որ ընտանիքները և՛ հայր ունենան, և՛ մայր: Օրինակ՝ այն ընտանիքում, որտեղ տղամարդ չի եղել կամ հակառակը, երեխան ուրիշ կերպ է մեծանում, ոչ թե լավ կամ վատ, այլ մի տեսակ պակաս», - համոզված նկատում է Չոբանյանը և անդրադառնում անկախության տարիներին անհայր մեծացած սերնդին, որի հետևանքները մենք մի քանի տարի հետո հաստատ կզգանք, երբ այդ սերունդն իրեն ուրիշ կերպ կդրսևորի: «Գուցե դա սոցիոլոգների, հոգեբանների ուսումնասիրության առարկան է, բայց կիսատության զգացում նրանք հաստատ ունենալու են՝ դրա հետևանքով ավելի շատ սխալվելով, ինչից հոր ներկայության պարագայում կարող էին և խուսափել: Էլ չեմ ասում սիրո պակասի մասին, որովհետև գուցե հայրական սերն այնպես ջերմ չի արտահայտվում, բայց այն շատ կարևոր է, հատկապես՝ տղա երեխայի կյանքում: Պարտադիր չէ, որ նրանք անպայման խեղճ լինեն, բայց սիրո պակասից շատ բարդույթներ են ծնվում. վտանգ կա, որ վաղը կարող են անպատասխանատվության զգացում ունենալ իրենց նորաստեղծ ընտանիքների հանդեպ: Այս ամենին զուգահեռ՝ տղամարդիկ էլ դարձան կիսատ, որը ոչ թե որպես բացասական բնորոշում եմ դիտարկում, այլ ուզում եմ շեշտել այդ կիսատության մեջ առկա տառապանքի մեծ բաժինը: Ի վերջո, բոլորը չէ, որ այդպես հեշտ ու հանգիստ լքեցին իրենց հարազատներին: Այս վիճակը մեզ մի տեսակ պարտադրվեց, - անհանգստանում է Բաբկեն Չոբանյանը և որպես ապացույց իր խոսքերի հավելում,- իմ կյանքում չկան մարդիկ, որոնց կուզեի նմանվել: Թերևս միակ տղամարդը, որ օրինակ է եղել ինձ համար, հայրս է, որին ենթագիտակցորեն, հետո նաև ինչ-որ ժամանակահատվածներ նաև գիտակցորեն, հետևել եմ ու ազդվել: Եվ հատկապես թանկ են այն արժեքներն ու դրսևորումները, որոնք վերցրել եմ ենթագիտակցորեն՝ ևս մի անգամ համոզվելով, որ մեր կենսակերպն է ամենամեծ դասը»:

Զրուցակիցս անդրադարձավ նաև դրսից մեզ պարտադրվող այն ծրագրերին ու մտածողությանը, որոնք բացասական ազդեցություն են թողնում հայ տղամարդկանց վրա. «Միջազգային հասարակությունն այս կամ այն կերպ փորձում է աղավաղել տղամարդու կերպարը՝ անգամ քարոզելով մեր արժեհամակարգին շատ անհարիր երևույթներ: Ընդ որում, սրանք նեղ ազգային խնդիրներ չեն, այլ վերաբերում են ողջ մարդկությանը: Արական սեռը հայտնվել է վտանգի տակ: Առհասարակ սեռերն են վտանգի տակ, կանայք էլ խնդիր ունեն, որովհետև հետևանքներն անմիջականորեն վերաբերում են նաև նրանց: Հայերիս մեջ այդ գործընթացը դանդաղ է ընթանում՝ պայմանավորված մեր ավանդականությամբ: Ինչ ուժով որ այն կզիջի իր դիրքերը՝ կրկնակի քայլերով վտանգը կմոտենա մեզ: Ուզենք, թե չուզենք, աշխարհի քաղաքացի ենք, ինչքան էլ հեռու ենք և կղզիացած, այդ ամենը մեզ առնչվում է, եթե չի էլ առնչվում՝ պարտադիր տեղյակ են պահում»,- մտահոգվում է Բաբկեն Չոբանյանը:

Զրույցի ընթացքում անհնար եղավ տղամարդու կերպարն առանձնացնել կնոջ կերպարից: Հետաքրքիր էր, թե ըստ դերասանի՝ այս երկու սեռերն ինչ են փնտրում իրար մեջ և ինչը չեն ներում միմյանց: «Ես չունեմ այս հարցի պատասխանը. կինն ինձ համար իր տեսակով արդեն կատարյալ է, անիմաստ է նրա մեջ ինչ-որ բան փնտրելը, պետք է կնոջն ընդունել այնպես, ինչպես կա: Եթե սիրում ես նրա գեղեցկությունը, ուրեմն դա ես փնտրել, եթե կինը քեզ համար ընտանիքի հենարան է և երեխաների մայր, ուրեմն՝ դա, և այսպես շարունակ: Բայց հավանաբար տղամարդն առաջին հերթին փնտրում է զուգընկեր: Ինչ վերաբերում է կանանց, ինչքան էլ նրանց շրջապատում լինես՝ մեկ է, մինչև վերջ չես հասկանա՝ կինն ի՛նչ է մտածում: Երևի նրանք էլ տղամարդու մեջ փնտրում են հենարան ու պաշտպան, ինչը բնավ չի նշանակում, թե թույլ սեռ են: Դա սխալ կարծիք է: Կյանքում բազում առիթներ եմ ունեցել համոզվելու, որ կանայք շատ հարցերում ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչը չեն ներում իրար երկու սեռերը, հավանաբար՝ դավաճանությունը: Խոսքը, իհարկե, միայն ամուսնական դավաճանության մասին չէ: Մի՞թե, առհասարակ, դավաճանությունից վատ բան կա. մարդուն վստահես, հավատաս, ու մի օր թիկունքում կամ հենց աչքիդ առջև պարզվի, որ խաբված ես եղել: Դա շատ դժվար է, ինքս երբեք չեմ ների»,- անկեղծանում է Բաբկեն Չոբանյանը և շարունակում, որ կարող է անզորանալ նաև կանացի արցունքներից, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի տարբերի՝ անկեղծ են դրանք, թե ոչ: Ըստ զրուցակցիս՝ մի փոքր դժվար է նաև, երբ անօգնական ու հուսահատ կին է տեսնում, այդ ժամանակ կարծես ինքն էլ է անզորանում, բայց ընդամենը մի պահ:

Որպես դերասան՝ Չոբանյանը կարևորեց տղամարդկանց այցելությունները թատրոն. «Ես համոզված եմ, որ ներկայացումից հետո մեր տղամարդիկ շատ բաներ այլ կերպ կանեն. իրենց կնոջ, երեխային, գործընկերոջն ու ընկերոջն այլ աչքով կնայեն: Սա շատ թանկ երևույթ է, երբ թատրոնը, կինոն, առհասարակ արվեստը մարդու մտածողության մեջ ինչ-որ բան է փոխում: Սրանով նաև դերասանների գործն է արժևորվում: Մարդկային մտածողություն փոխելն ինձ համար արդեն ձեռքբերում է»,- բացատրեց դերասանը՝ նաև նշելով այն երևույթը, որ իր կերտած կերպարներն էլ, անկախ դրական կամ բացասական լինելուց, իր վրա են ներգործում՝ ավելի լավը դարձնելով, որովհետև ամենից առաջ փորձում է հասկանալ մարմնավորած հերոսների էությունը, ինչի շնորհիվ ինքն այսօր արդեն զգուշանում է ժամանակից շուտ մարդկանց մասին կարծիք կազմելուց, դիմացինին դատելուց և այլն:

Մեր այն հարցին, թե ինչու է նոյեմբերի 19-ին նշվող տղամարդկանց տոնը քիչ տարածված, զրուցակիցս կատակով պատասխանում է, որ տղամարդիկ չեն նեղանում, նաև չեն սիրում աղմուկ բարձրացնել, չնայած միշտ էլ ուշադրության կարիք ունեն: «Ինձ համար այնքան էլ կարևոր չէ այդպիսի մի օր առանձնացնելը, ես ավելի ուրախությամբ կանանց տոնն եմ շնորհավորում, քան, ասենք, կսպասեմ, որ ինձ շնորհավորեն: Ընդհանրապես ամբողջ տարվա մեջ պիտի զգաս այդ յուրահատուկ վերաբերմունքը քո նկատմամբ որպես տղամարդու, եթե դա չկա, այդ մի օրվա կարիքն էլ իսկապես չկա,- պարզաբանում է Չոբանյանը և իր մաղթանքն ուղղում թե՛ կին, թե՛ տղամարդ ընթերցողներին:- Թող տղամարդուն սեռի գիտակցությունը բնավ արտոնյալ չդարձնի: Պետք է հիշել, որ այդպես ծնվում ենք: Անհրաժեշտ է ուղղակի հավատարիմ մնալ մեր տեսակի լավագույն հատկանիշերին: Առհասարակ տղամարդ-կին հարաբերություններն իրար հետ են ճշտվում, տղամարդն առանձին ո՞ւմ է պետք, նա կնոջ կողքին է տղամարդ, և հակառակը: Սիրո առկայության դեպքում ոչ ոք իր սեռի դիրքերից չի խոսի՝ նպաստելով շատ խնդիրների նվազմանը կամ ընդհանրապես վերացմանը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: