Հայերեն   English   Русский  

Ընտրող հանձնաժողովը կքննարկի 2018թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները


  
դիտումներ: 570

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին Բեռլինում՝ ուսումնասիրելու 2018թ.

«Ավրորա» մրցանակի առաջադրումները: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են հումանիտար և մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ: Այն գլխավորում է օսկարակիր դերասան, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:


IDeA հիմնադրամ, Հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը։

Երրորդ ամենամյա «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Հայտերն ուղարկվել են 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից և Քենյայից:

Անկախ փորձագետների հանձնախումբը, որը գործում է «Ավրորա» մրցանակի քարտուղարության կազմում, հավատարիմ մնալով «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին, արդեն ուսումնասիրել է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և Ընտրող հանձնաժողովի ուշադրությանն է ներկայացրել թեկնածուների սեղմ ցանկը:

Հանձնախմբի կազմում ընդգրկված են հումանիտար ոլորտի մասնագետներ և մարդասիրական, մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ղեկավարներ: 2018թ. «Ավրորա» մրցանակի Փորձագետների հանձնախմբում ընդգրկված են.
• Մարիա Էլենա Ագուերո՝ «Մադրիդյան ակումբի» գլխավոր քարտուղար
• Այան Հիրսի Ալի՝ ակտիվիստ, գրող, AHA հիմնադրամի հիմնադիր
• Կոմֆորտ Էրո՝ Միջազգային ճգնաժամային խմբի Աֆրիկայի ծրագրի տնօրեն
• Մեգո Թերզյան՝ Ֆրանսիայի «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նախագահ
• Կոնստանտին Խաբենսկի՝ «Խաբենսկի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր
• Չուլպան Խամատովա՝ «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիր
• Ջեմիլա Մահմուդ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր փոխքարտուղար
• Պեդրո Մուրադյան՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի փորձագետ
• Լեզլի-Աննա Նայթ՝ The Elders խմբի նախկին տնօրեն
• Արյեհ Նեյեր՝ Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ
• Սաշա Չանոֆ՝ RefugePoint կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն
• Նենսի Սոդերբերգ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան
• Մոնիկա Վիլա՝ Թոմսոն Ռոյթերս հիմնադրամի տնօրեն
• Սառա Լեյ Ուիսթոն՝ Human Rights Watch կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժանմունքի տնօրեն
• Ջոն Փրենդերգաստ՝ Enough նախագծի տնօրեն
• Թոմ Քաթինա՝բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
• Նիկոլաս Քումջյանը՝ Կամբոջայի դատարանների Արտակարգ պալատների միջազգային դատախազ
• Ջոնաթան Ֆանտոն՝ Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի նախագահ

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:

2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց կաթոլիկ միսիոներ, բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է՝ Բուրունդիի «Մեզոն Շալոմ» խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրը: 2016թ. «Ավրորան» շնորհվեց նրան՝ Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին որբերին ու փախստականներին խնամելու և հազարավոր մարդկանց կյանքի փրկության գործում ունեցած անգնահատելի ազդեցության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: