Հայերեն   English   Русский  

16 տեսակի խաղալիքի մեջ հայտնաբերվել են առողջության համար վնասակար համարվող ֆտալատներ


  
դիտումներ: 684

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն հետազոտություն է կատարել ոչ բրենդային խանութներում վաճառվող խաղալիքների վերաբերյալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԿ-ի գիտաշխատող Քնարիկ Գրիգորյանը նշեց, որ հետազոտությանը մասնակցել է հինգ երկիր և 16 տեսակի խաղալիք, որից 9-ը չինական արտադրության է, 3-ը՝ ռուսական, 1-ը Վիետնամի, 2-ը անհայտ ծագման էր:

Հետազոտված բոլոր խաղալիքներում հայտնաբերվել են ֆտալատներ, որոնցից շատ երկրներում հրաժարվում են: Այս նյութն ունի վնասակար հատկություններ օրգան համակարգի համար, կարող է ախտահարել լյարդը, ենթաստամոքսային գեղձը: Այն նաև կարող է ազդել գլխուղեղի վրա: Կարող է ազդել նաև սեռական զարգացման վրա:

«Եթե վաղ տարիքում երեխաները այդ նյութից պատրաստված խաղալիքը դնեն բերանը, կարող են անդառնալի հետևանքներ լինել, օրինակ՝ առաջանա շաքարային դիաբետ հիվանդությունը: Թույլատրված քանակը ֆտալատի դեպքում 0.1 տոկոս է, սակայն մեր հետազոտած խաղալիքներում այդ թիվը կազմում է 19 տոկոս»,- ասաց տիկին Գրիգորյանը:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանն իր հերթին նշեց, որ խնդիրը շատ լուրջ է և մեծ ուշադրության է արժանանում, քանի որ խաղալիքները ամենառիսկային գոտում են: Տեսչական մարմինը 2017-ի ապրիլից իրականացնում է ստուգումները. «2017-ին 17 տնտեսվարող սուբյեկտների մոտ և՛ արտադրող, և՛ ներմուծող, իրականացվել են ստուգումներ: 12-ում դրանք ավարտվել են: Այդ տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ ինչպես սերտիֆիկատների, այնպես էլ մակնշման հետ կապված»:

Պարոն Մկրտչյանը դիտարկմամբ՝ վերջին տարիներին ոլորտը քիչ-քիչ կարգավորվում է: Սերտիֆիկատների գրանցման և մակնշումների գործընթացում 24 տոկոս աճ է գրանցվել:

Ըստ պարոն Մկրտչյանի՝ խաղալիք գնելու պարագայում շատ կարևէր հանգամանք է սերտիֆիկատի առկայությունը. «Ավելի լավ է տասը խաղալիքի փոխարեն մեկը գնել, սերտիֆիկատ պահանջել, որը անվտանգ լինելու հիմք է: Միայն դրանք են վկայում, որ լաբորատորիաները ստուգել են տվյալ ապրանքը»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: