Հայերեն   English   Русский  

​Ռոբերտ Մուգաբե՝ իր կանանց շնորհիվ իշխանության եկած և իշխանազրկված բռնապետը


  
դիտումներ: 5247

Վերջին օրերին միջազգային մամուլի ուշադրությունը սևեռված է Զիմբաբվեին, որտեղ ռազմական հեղաշրջման հետևանքով 93-ամյա դիկտատորը լքեց երկրի նախագահի աթոռը։

Օրեր առաջ զինվորականները դե ֆակտո նրան հեռացրել էին իշխանությունից՝ սահմանելով ինքնակամ հեռանալու վերջնաժամկետ։ Նա, սակայն, մինչ պահանջն ընդունելը կարողացավ բանակցել և իր համար շահեկան պայմաններով հեռանալ: Ըստ տեղեկությունների՝ նա երաշխիքներ է ստացել իր և կնոջ՝ Գրեյսի համար. անձեռնմխելի կմնա նաև նրանց մասնավոր ունեցվածքը։

Մուգաբեն Զիմբաբվեում իշխել է 37 տարի, այդ երկրի անկախության հռչակման պահից ի վեր։ Եվ երբեմնի տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող Ռոդեզիան Մուգաբեի «ջանքերի» հետևանքով այսօր վերածվել է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։

Ռոդեզիայից մինչև Զիմբաբվե

Զիմբաբվեի պատմությունը սկսվել է 1889-ին, երբ անգլիացի գործարար լորդ Սեսիլ Ռոդսը բրիտանական արքայատոհմից Լիմպոպո գետից հյուսիս ընկած տարածքը տնօրինելու իրավունք ստացավ՝ այնտեղ հիմնելով երկու գաղութ և դրանք կոչելով Հյուսիսային և Հարավային Ռոդեզիա։ Ներկայումս դրանք աշխարհին հայտնի են որպես Զամբիա և Զիմբաբվե։

Զիմբաբվե

Իրենից հետո լորդ Ռոդսը թողեց բավական հաջող տնտեսությամբ երկիր, որը փաստացի մասնավոր գաղութի կարգավիճակ ուներ։ Ռոդսի «հողերի» տարբերությունը մյուս աֆրիկյան գաղութներից այն էր, որ այստեղ խտրականություն չկար, տեղաբնակներն ունեին այն տարիների համար բավական լայն իրավունքներ։ Ռոդեզիայի յուրաքանչյուր բնակիչ ուներ կրթության, բիզնեսով և քաղաքականությամբ զբաղվելու իրավունք։

1922-ին Հարավային Ռոդեզիան ստանում է Մեծ Բրիտանիայի ինքնավար գաղութի կարգավիճակ։ Երկրորդ աշխարհամարտից հետո սկսվում է ապագաղութացման գործընթացը, և Ռոդեզիայում էլ իշխանությունը սևամորթ մեծամասնությանը փոխանցելու պահանջ է հասունանում։

1965-ին, հիմնվելով անկախության հանրաքվեի արդյունքների վրա, Ռոդեզիան անկախություն է հռչակում, ինչը, սակայն, չի ընդունվում աշխարհի կողմից։ Իսկ իշխանության ղեկին Երկրորդ աշխարհամարտի վետերան Յան Դուգլաս Սմիթն էր։ Հարավային Ռոդեզիայում քաղաքացիական պատերազմ է սկսվում սպիտակների կառավարական ուժերի և սևամորթների պարտիզանական ջոկատների միջև։

1966-ի վերջին Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ է կիրառում Ռոդեզիայի նկատմամբ՝ արգելելով բոլոր երկրներին որևէ ապրանք ներկրել Ռոդեզիա։ Պատժամիջոցներին կողմ են արտահայտվում թե՛ ԱՄՆ-ն ու Եվրոպան, թե՛ ԽՍՀՄ-ն ու Չինաստանը։ Երկիրն աստիճանաբար ծանր տնտեսական կացության մեջ է հայտնվում։

Սպիտակների կառավարության դեմ պայքարող պարտիզանական ուժերը կոմունիստական գաղափարախոսության կրողներ էին, ֆինանսավորվում էին ԽՍՀՄ-ի և Չինաստանի կողմից։ Ռոբերտ Մուգաբեն իր կարիերան սկսում է ծայրահեղական գործելաոճ ունեցող Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միությունում։

Երկու կողմերն էլ ահաբեկչությունն էին ընտրել որպես պայքարի միջոց, ինչը և հազարավոր զոհերի պատճառ է դառնում։ 1979-ին երկրի սպիտակամորթ ղեկավարությունը հասկանալով, որ պարտության շեմին է, երկրում ընտրություններ է նախաձեռնում։ Ընտրություններին չի թույլատրվում մասնակցել կոմունիստական կուսակցություններին։

Աշխարհը, սակայն, չի ճանաչում այս ընտրությունների արդյունքները՝ պարտադրելով նոր ընտրություններ անցկացնել, որին կմասնակցեն նաև կոմունիստական կուսակցությունները։ Նոր ընտրություններում հաղթում է Մուգաբեի ղեկավարած կուսակցությունը, որով և սկիզբ է դրվում նրա 37-ամյա դիկտատուրային։

Մուգաբեի օրոք ազգային արժույթը արժեզրկվել է 230 միլիոն տոկոսով։ Զիմբաբվեի համեստ բնակիչները միլիարդատեր են, սակայն դրանով անգամ ապրուստի տարրական պայմաններ ապահովել չեն կարող։ Հիպերինֆլյացիայի պատճառով 2009-ին Զիմբաբվեն հրաժարվել է ազգային արժույթից՝ գործարքներ իրականացնելով ԱՄՆ դոլարով և հարևան երկրների արժույթներով։ Այստեղ աշխատանքով ապահովված է բնակչության միայն 6 տոկոսը։ Երկրի բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Կա նաև հանքարդյունաբերություն, այդ թվում՝ ոսկու և ալմաստի։

Դիկտատորի կանայք նրան իշխանության բերեցին, նրանք էլ իշխանազրկեցին

Եթե Ռոբերտ Մուգաբեի առաջին կինն օգնեց նրան իշխանության գալու, ապա երկրորդը նպաստեց նրա իշխանազրկմանը։ Տարածված է այն կարծիքը, որ Ռոբերտ Մուգաբեի հեռացման գործում մեծ դեր է ունեցել նրա ներկայիս կնոջ պահվածքը։

Ռոբերտ Մուգաբե

Ռոբերտ Մուգաբեն աղքատ ընտանիքից է։ Նրա հայրը թողել է ընտանիքն ու վաստակի հետևից մեծ քաղաք մեկնել, երբ Ռոբերտն ընդամենը 10 տարեկան էր։ Նրա դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվել են ճիզվիտները։ 1958-ին նա հաստատվում է Գանայում ՝ դասավանդելով դպրոցում։ Գանան առաջին անկախություն ստացած աֆրիկյան երկիրն էր։ Այստեղ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ հետ, որը, ի տարբերություն իրեն, ունևոր ընտանիքից էր։ Սկզբում Հեֆրոնների ընտանիքը դեմ էր Մուգաբեին, սակայն երկու տարի անց երիտասարդներն ամուսնանում են։

Սալի Հեֆրոնն այն ժամանակ Հարավային Ռոդեզիայի անկախության ավելի մեծ կողմնակից էր, քան նրա ամուսինը։ Կնոջ ազդեցությամբ Ռոբերտ Մուգաբեն ևս ընդգրկվում է անկախության համար պայքարում և 10 տարվա ազատազրկման դատապարտվում։ Իսկ Սալին, փրկվելով հետապնդումից, ապաստան է գտնում Լոնդոնում։ Մինչև Մուգաբեն բանտից դուրս կգար, նա և Սալին արդեն աշխարհահռչակ աֆրիկյան գործիչներ էին։ Նրանք հաստատվում են արդեն անկախացած Մոզամբիկում՝ այնտեղից պայքար ծավալելով Զիմբաբվեի կամ Ռոդեզիայի սպիտակամորթ իշխանության դեմ։ Եվ 1980-ին այդ պայքարը լիակատար հաղթանակով է պսակվում։

Քանի դեռ ողջ էր նրա առաջին կինը՝ Սալին, Մուգաբեն քիչ թե շատ զուսպ տիրակալ էր։ Իհարկե, պոռթկումներ լինում էին, օրինակ՝ Մատեբելենդեի կոտորածը, որի ժամանակ շուրջ 20 հազար մարդ է սպանվում, իսկ նպատակը մեկն էր՝ ազատվել հնարավոր մրցակիցներից ու քաղաքական հակառակորդներից։

Սալի Մուգաբեն նաև փորձում էր մեղմել իր ամուսնու հակակրանքը սպիտակամորթների նկատմամբ։ Հենց այդ հակակրանքը Սալիի մահվանից հետո դարձավ խոշոր գյուղատնտեսական ռեֆորմի պատճառ, որի հետևանքով սպիտակամորթ ֆերմերներն ունեզրկվեցին, ինչն էլ հանգեցրեց գյուղատնտեսության և երկրի տնտեսության քայքայման։

Սալին հիվանդանում է, իսկ Ռոբերտն իր համար սիրուհի է գտնում՝ Գրեյսին, որն աղքատ ընտանիքից էր ու գրագիր էր աշխատում կառավարությունում։ Ռոբերտը Գրեյսից մեծ է 40 տարով։ Գրեյսի ամուսնուց ազատվելու համար Մուգաբեն նրան ռազմական կցորդ է նշանակում Պեկինում։ Իսկ 1992-ին՝ Սալիի մահվանից հետո, նրանք շքեղ հարսանիք են անում, որը, ըստ տարբեր հաշվարկների, արժենում է շուրջ 5 մլն դոլար։ Սկզբում Գրեյսը քաղաքականությամբ կարծես չէր հետաքրքրվում, սիրում էր միայն աջուձախ վատնել։ Հանրության շրջանում շուտով նա հայտնի է դառնում «Առաջին գնորդ» և «Gucci Գրեյս» մականուններով, ինչը նրան հեղինակություն չէր բերում աղքատ երկրի բնակչության մոտ։

Շուտով, սակայն, Գրեյսը սկսում է բիզնեսով և քաղաքականությամբ զբաղվել։ Տեսակետ կա, որ տխրահռչակ գյուղատնտեսական ռեֆորմը նաև նրա նախաձեռնությամբ է իրականացվել։ Դրա հետևանքով երկիրն առավել աղքատացավ, սակայն Գրեյսը հարստացավ։ Նա տիրացավ սպիտակամորթ ֆերմերներից յուրացված կալվածքներին, ժամանակակից կաթնամթերքի գործարան կառուցեց և սկսեց արտադրանք թողարկել։

Իսկ վերջին տարիներին Գրեյսի քայլերն ուղղված էին հնարավոր քաղաքական մրցակիցներին չեզոքացնելուն: Նա ցանկանում էր դառնալ իր ամուսնու իրավահաջորդը։ Նախ նա հաջողությամբ ազատվում է 20 տարի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Ջոյս Մուջուրույից (Մուջուրուն 2004-2014 թթ. եղել է Զիմբաբվեի առաջին փոխնախագահը՝ համարվելով Մուգաբեի հնարավոր իրավահաջորդը)։ 2014-ին Գրեյսի ջանքերով նրան հեռացնում են պաշտոնից և կուսակցությունից՝ մեղադրելով հականախագահական գործունեության մեջ։ Մուջուրույին հաջորդում է Մնանգագվան։ Գրեյսը, սակայն, չի հանձնվում։ Նա երկու ամսում կարողանում է բարձրագույն կրթություն և դոկտորի գիտական աստիճան ստանալ՝ դառնալով իշխող կուսակցության կանանց կազմակերպության ղեկավարը։ Նա սկսում է երթեր ու հանրահավաքներ նախաձեռնել, որոնց ընթացքում փառաբանվում էր ոչ միայն Ռոբերտ Մուգաբեն, այլև ինքը՝ Գրեյսը։ Դեկտեմբերին պետք է կայանար իշխող կուսակցության արտահերթ նիստ, որի ընթացքում Գրեյսը պետք է նշանակվեր Ռոբերտ Մուգաբեի տեղակալ կուսակցությունում, հետևաբար և երկրի փոխնախագահ։ Մինչ այդ նա կախարդության մեղադրանքով իշխանությունից հեռացրել էր նաև փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային, որը 93-ամյա դիկտատորի հավանական իրավահաջորդն էր համարվում։ Այսքանով սպառվում է Մուգաբեի կողմնակիցների համբերության բաժակը և տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։

Իհարկե, մեծ հարց է, թե ով կփոխարինի գրեթե չորս տասնամյակ իշխած դիկտատորին և ինչով կտարբերվի նրանից։ Համենայն դեպս ներկայումս նախագահի աթոռին հավակնողները մարդիկ են, որոնք տարիներ շարունակ նրա թիմից են եղել՝ մաս կազմելով թե՛ երկրի տնտեսության քայքայմանը, թե՛ այլախոհների ճնշումներին ու կոտորածներին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: