Հայերեն   English   Русский  

​Խաղալով երկու խաղատախտակների վրա՝ Հայաստանը փորձում է խաղալ հօգուտ սեփական շահերի. քաղաքագետ


  
դիտումներ: 2038

Նոյեմբերի 21-ին Հայաստան այցելեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ընդ որում՝ Երևան ժամանեց Բաքվից: Նրա այցի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկատվություն էր տարածել, որ քննարկվելու են նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հարցեր: Բայց այս այցն էլ ավելի ուշագրավ է դառնում, քանի որ Լավրովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրման նախօրեին, բացի այդ, Բաքվում խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության ցանկալիության մասին: Այս հարցերի շուրջն է «Անկախը» զրուցել քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ:

- Պարո՛ն Մարգարով, Ձեր դիտարկմամբ ու Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղերձներ էր Հայաստան բերել Սերգեյ Լավրովը:

- Բերել է ուղերձներ՝ կապված այն խնդիրների հետ, որոնք արդիական են և կարևոր մեր քաղաքական օրակարգում: Եթե խոսքը Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների մասին է, ապա ուղերձը շատ պարզ ու հասկանալի է և այն է, որ 25 տարիները զուր չեն անցել, այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են այս տարիների ընթացքում, ավելի են խորանալու, կողմերն այդ կապերը զարգացնելու և ընդլայնելու հնարավորություն ու պատրաստակամություն ունեն: Մյուս ուղերձը, կարծում եմ, կապված է տարածաշրջանային իրավիճակի հետ: Մասնավորապես խոսքն արցախյան չկարգավորված խնդրի մասին է: Այս դեպքում էլ հասկանալի է, որ Ռուսաստանն աշխատում է այլ պետությունների հետ, և ուղերձներից մեկն էլ այն էր, որ չնայած այն բախմանն ու տարաձայնություններին, որ ունեն Ռուսաստանն ու Արևմուտքը՝ պայմանավորված Ուկրաինայի ու Սիրիայի հարցերով, այս հարցում տեսակետները համընկնում են: Եվ հաջորդ ուղերձը, բնականաբար, վերաբերում էր նրան, որ խաղաղ բանակցային կարգավորման գործընթացին այլընտրանք ոչ մեկը չի տեսնում: Եվ չտեսնելով այդ այլընտրանքը՝ բոլորն ընդգծում են այն հիմքերը, որոնք մեջտեղ են բերվում կարգավորման համար: Նկատի ունեմ, որ միջազգային բոլոր այն հայտնի սկզբունքները, որոնք դրված են բանակցային գործընթացի հիմքում, ոչ թե ենթադրում են որևէ սկզբունքի գերակայություն մյուսի նկատմամբ, այլ հարց է, թե ինչպես համադրել այդ երեք սկզբունքներն ու դրանց հիմա վրա կարգավորել գոյություն ունեցող կոնֆլիկտը: Հիմնական ուղղվածությունները, իմ կարծիքով, սրանք են եղել: Եթե էլի ինչ-որ բան էլ եղել է, ապա կարծում եմ՝ քննարկվել է նաև այն հարցը, որ ինտեգրացիոն գործընթացները պետք է շարունակվեն:

- Պարո՛ն Մարգարով, Բաքվում էլ Լավրովը որոշակի հայտարարություններ արեց Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ: Ձեր կարծիքով՝ այդ հարցն ու հատկապես ԵԱՏՄ-ին Ադրբեջանի մասնակցության հավանականության դեպքում Հայաստանի դիրքորոշման հետ կապված խնդիրները չե՞ն քննարկվել:

- Ես չգիտեմ՝ քննարկվել է այդ հարցը, թե ոչ: Ռուսաստանի դիրքորոշումը հայտնի է և եղել է այն, որ ինքը դեմ չի, որ Ադրբեջանը մասնակցի այս միությանը: Եվ դա լիովին հասկանալի է, որովհետև ցանկացած շոգեքարշ երկիր, եթե կարևոր դերակատարում ունի ու ակտիվ գործունեություն է ծավալում որևէ ինտեգրացիոն գործընթացի մեջ, եթե տեսնում է, որ այլ մասնակից այդ ինտեգրացիոն կառույցն ուժեղացնելու պոտենցիալ ունի, դեմ չի լինի այդ դերակատարի ինտեգրմանը տվյալ կառույցում: Բայց հասկանալի է, որ բոլոր անդամ պետությունները պետք է ներկայացնեն իրենց կարծիքները: Ինչպես գիտենք, Հայաստանը ևս, որպես ԵԱՏՄ անդամ պետություն, նաև վետոյի իրավունք ունի տվյալ հարցում: Այսինքն՝ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես ենք մենք տեսնում Ադրբեջանն այն կառույցի մեջ, որը ենթադրում է բաց սահմաններ, կապիտալի ազատ տեղաշարժ, աշխատուժի ազատ տեղաշարժ: Այսինքն՝ մի կառույցի մեջ, որը բացարձակապես չի համապատասխանում Ադրբեջանի՝ Հայաստանին բլոկադայի ենթարկելու քաղաքականությանը: Այսինքն՝ այն, ինչ տեսնում է ու դեմ չէ Ռուսաստանը, դեռևս չի նշանակում, որ Հայաստանը կողմ է:

Երկրորդ՝ այս հարցը քննարկվել է, թե ոչ, դրա մասին հայտարարություն չկա, որ հասկանանք՝ ինչպե՞ս է տեսնում Հայաստանը ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը կամ չի տեսնում: Որովհետև Հայաստանի դիրքորոշումը հարցի կապակցությամբ հայտնի է, հասկանալի է ու առայժմ քննարկման չի ենթարկվում:

- Իսկ ի՞նչ եք կարծում, մի քանի օրից ստորագրվելիք Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի թեմայի հետ կապված հարցերը քննարկվե՞լ են:

- Դա չի բացառվում, քանի որ տեսականորեն դա օրակարգային հարցերից մեկն է, և հավանականությունը մեծ է, որ այո, քննարկվել է:

- Այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը՝ իրական դիրքորոշումը ո՞րն է, չի՞ փորձի արդյոք խանգարել Հայաստանին ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցում, արդյոք որոշակի վերապահումներ չունի՞ Ռուսաստանը, և միգուցե Լավրովը հենց դրանք ներկայացնելու համա՞ր էր եկել:

- Դարձյալ զերծ կմնամ կոնսպիրոլոգիկ բնույթի տեսություններ քննարկելուց, թե նախատեսվող, ենթադրվող ստորագրումից 4 օր առաջ պատվիրակությունը եկել է այն նպատակով, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությանը համոզի չստորագրել տվյալ փաստաթուղթը: Դա վերջին շրջանում ձեր գործընկերների կողմից շրջանառվող հիմնական լուրերից մեկն է եղել: Այն, որ այդ հարցը քննարկվել է՝ հասկանալի է: Որ երկու կողմերի միջև այդ հարցը նախկինում ևս քննարկվել է՝ դա նույնպես հասկանալի է: Այն, որ երկու երկրներն էլ փորձում են «սլաքները համապատասխանեցնել», դա նույնպես հասկանալի է: Այս ամենը հասկանալի էր, որ տեղի է ունենում: Բայց Հայաստանը ստորագրում է միջազգային պայմանագրեր ու փաստաթղթեր՝ հաշվի առնելով սեփական շահերը: Ու հենց հաշվի առնելով սեփական շահերը՝ փորձում է այս կամ այն փաստաթուղթը չհակադրել մեկ այլ փաստաթղթի: Տվյալ պարագայում, ելնելով ՀՀ շահերից, Հայաստանի ու ԵՄ-ի միջև մշակվել է մի փաստաթուղթ, որի տակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է դնել իր ստորագրությունը, և որը չի ենթադրում, թե այս փաստաթուղթը պետք է հակասի Հայաստանի՝ գոյություն ունեցող այլ արտաքին քաղաքական կամ տնտեսական պարտավորություններին ու այն կազմակերպություններում, որոնց Հայաստանն անդամակցում է: Փորձելով խաղալ երկու կամ ավելի խաղատախտակների վրա՝ Հայաստանը փորձում է խաղալ այդ խաղը հօգուտ սեփական շահերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: