Հայերեն   English   Русский  

​Վանաձորյան քրոնիկոն կամ առանց ինտրիգների քաղաքականությունը քաղաքականություն չէ


  
դիտումներ: 4767

Սահմանադրական դատարանը (ՍԴ) նոյեմբերի 10-ին որոշում կայացրեց, որով Վանաձորի ավագանու նիստերը ոչ իրավազոր ճանաչեց: Սահմանադրական դատարանի որոշումով թվում էր՝ Վանաձորում ստեղծված քաղաքական ճգնաժամը պետք է հարթվի: Բայց թնջուկն ավելի խճճվեց:

Մեկ տարի առաջ Վանաձորի ավագանու «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների խմբակցությունները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։ Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին էլ կարծես ելքը գտել էր և հղում անելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի որոշ դրույթներին՝ 33 հոգանոց ավագանու փոքրամասնությամբ՝ 15 հոգով էր նիստեր անցկացնում:

Օրենքի հենց այդ դրույթները ՍԴ-ն ճանաչեց Սահմանադրությանը հակասող, ինչը նշանակում է, որ այդ նիստերը կորցնում են իրենց իրավազորությունը: Ընդ որում, ՍԴ-ն որոշեց նաև չեղյալ համարել այն որոշումները, որոնք կայացվել էին Վանաձորի ավագանու փոքրամասնության կողմից: ՍԴ-ի որոշումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարեցին, որ դրանով արդեն լուրջ հիմքեր են ստեղծվում Վանաձորի ավագանին լուծարելու և Վանաձորում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակելու համար: Այդ կարծիքին էին նաև սահմանադրագետներ Արա Ղազարյանը, նոր Սահմանադրության համահեղինակ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը և այլք: Իսկ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը միանգամայն այլ կարծիքի էր:

Ինչևէ, «Ելք» դաշինքը պնդում էր, որ ՍԴ-ի որոշումից հետո Վանաձորի ավագանին պետք է լուծարվի ու նշանակվեն նոր ընտրություններ, քանի որ մեկ տարուց ավելի Վանաձորի ավագանին նիստեր չի կարողացել գումարել, իսկ օրենքի պահանջն այն է, որ նման պարագայում ավագանին պետք է լուծարվի կա՛մ կառավարության որոշմամբ, կա՛մ ինքնաբերաբար: ՍԴ-ի որոշումից հետո Վանաձորի ավագանու առաջին նիստը նշանակված էր նոյեմբերի 23-ին, և բոլորը սպասում էին այդ օրվան, որպեսզի տեսնեին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ու դրանց համապատասխան իրենց քայլերը ձեռնարկեին:

Բայց ուրբաթը, ինչպես ասում են, շաբաթից շուտ եկավ, և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նոյեմբերի 18-ին հուշագիր ստորագրեց ՀՀԿ-ի հետ Վանաձորի միասնական կառավարման մասին: Հուշագիրը ստորագրեցին ՀՀԿ և ՀՎԿ կուսակցությունների տարածքային կառույցների ղեկավարները` Արկադի Փելեշյանը, որ նաև ավագանու ՀՎԿ-ի անդամն է, ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Համաձայն հուշագրի` Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալն է լինելու հենց Արկադի Փելեշյանը: Նոյեմբերի 21-ին էլ Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստում հաստատեց ՀՎԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու որոշումը: Ստացվում էր, որ Վանաձորի ավագանու նոյեմբերի 23-ի նիստում ավագանու անդամների սահմանված թիվն արդեն ապահովված է, հետևաբար այն իրավազոր է:

Պարզ է, որ ՀՀԿ-ՀՎԿ այս հուշագրով իրավազորություն հաղորդելով Վանաձորի ավագանու նիստերին՝ գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փորձում է չեզոքացնել ավագանու լուծարման վտանգը: Բայց «Լուսավոր Հայաստանը» նույնպես ձեռքերը ծալած չնստեց ու դիմեց կառավարություն Վանաձորի ավագանին լուծարելու պահանջով: Էդմոն Մարուքյանն այս թեմայով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինքս լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ՝ եկել եմ այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ։ Վաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից այդպիսի պահանջով և անհրաժեշտ հիմնավորումներով դիմում կուղարկվի ՀՀ կառավարություն՝ պահանջելով կյանքի կոչել ՍԴ որոշումը»:

Հարց է ծագում՝ եթե հիմա նիստերն իրավազոր են, ապա լուծարման հարցը վերանո՞ւմ է: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը կարծում է՝ ոչ: Նա նշում է՝ ՍԴ-ն ոչ միայն օրենքի այն դրույթն է հակասահմանադրական ճանաչել, որին հղում անելով՝ Վանաձորի ավագանին փոքրամասնութամբ նիստեր է հրավիրել, այլև նրանց կայացրած բոլոր որոշումները: Իսկ դա նշանակում է, որ ավագանու որևէ նիստ իրավազոր չէ, այսինքն՝ դե յուրե ոչ մի նիստ չի կայացել: Իսկ ըստ օրենքի՝ եթե ավագանին 6 ամիս կամ 1 տարի նիստ չի անում, ուրեմն պետք է լուծարվի:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը վստահ է, որ ՍԴ-ի վճիռը միանշանակ է և ՍԴ-ի վճռից միայն բխում է, որ պետք է լուծարել ավագանին ու նշանակել նոր ընտրություններ:

Հիմա, ինչպես սիրում են նշել «Ելքի» ներկայացուցիչները, գնդակը կառավարության դաշտում է: Իհարկե պարզ է, որ մինչև կառավարությունը համապատասխան որոշում կայացնի, կանցնի որոշ ժամանակ: Իսկ մինչ այդ Վանաձորում կշարունակվեն քաղաքական իրադարձությունները:

Քաղաքական առումով իհարկե ակնհայտ է, թե ինչու ՀՎԿ-ն գնաց այդ քայլին: Մարդիկ ավագանի են ընտրվել, ունեցել են որոշակի ամբիցիաներ, որոնք չեն բավարարվել: Ու հիմա նրանց ձեռնտու չէ, որ ավագանին լուծարվի: Որովհետև այսպես իրենք կկարողանան մասնակցել Վանաձորում որոշումների կայացմանը, իրենց ներկայացուցիչն էլ կլինի փոխքաղաքապետ: Ենթադրվում է, որ իրենց թիմակիցների համար էլ որոշակի դիրքեր ու պաշտոններ կլինեն մանկապարտեզներում, ՏԻՄ մարմիններում, համայնքային տարբեր օղակներում: Իսկ եթե ավագանին լուծարվի, ի՞նչ կստանան ՀՎԿ-ի ներկայացուցիչները. նոր ընտրություններ, որտեղ խիստ հարցական է՝ նորից կկարողանա՞ն ստանալ գոնե այն ձայները, որ ստացել էին նախորդ ընտրություններում: Չէ՞ որ նախկինում քաղաքական իրավիճակն այլ էր, իրենց մայր կուսակցությունը խորհրդարանում էր, որոշակի լծակների էր տիրապետում, բայց այդպես էլ չկարողացավ անցնել խորհրդարան: Ի՞նչ երաշխիք կա, որ Վանաձորում նորից կկարողանան ավագանու անդամներ ունենալ, հատկապես վերջին մեկ տարվա իրադարձություններից ու նրանց քաղաքական վարքագծից հետո:

Այս առումով թերևս դիպուկ է Էդմոն Մարուքյանի այն դիտարկումը, թե ՀՀԿ-ՀՎԿ հուշագրով փաստացի Վանաձորում ընդդիմադիր 5000 ձայն միացվել է ՀՀԿ-ին, որովհետև վանաձորյան ընտրություններում ՀՎԿ-ն հանդես էր գալիս որպես ընդդիմություն, նրան ձայն են տվել որպես ընդդիմության: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այն մարդիկ, որոնք ձայն են տվել «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, եթե ուզենային ընտրել Մամիկոն Ասլանյանին՝ Մամիկոն Ասլանյանին ընտրած կլինեին: «Սա մի բան է, որի գնահատականը կտան վանաձորցիները հետագա ընտրություններում: Եվ այն, որ այսօր ՀՎԿ-ն խորհրդարանում չէ, կարծում եմ՝ նաև Վանաձորում տեղի ունեցածի հետևանք է»,- ասաց նա:

Սակայն միանգամայն այլ կլինի իրավիճակը, եթե այնուամենայնիվ կառավարությունը որոշի լուծարել Վանաձորի ավագանին ու նոր ընտրություններ նշանակել այնտեղ: Որովհետև հիմա բոլորովին այլ կարգավիճակում են այն ուժերը, որոնց ներկայացուցիչները ներկա ավագանու անդամներ են. իրավիճակը փոխվել է թե՛ ԲՀԿ-ի համար, թե՛ հենց նույն «Լուսավոր Հայաստանի», որն արդեն խորհրդարանական «Ելք» դաշինքի մաս է կազմում, թե՛ ՀՎԿ-ի: Բայց և այնպես Վանաձորի ավագանու՝ «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները վստահ են, որ եթե նոր ընտրություններ լինեն, իրենք անպայման հաջողություն կունենան: Այսուհանդերձ մի բան նույնպես ակնհայտ է՝ ՀՀԿ-ն ամենևին չի պատրաստվում Վանաձորում նահանջել ու անգամ Սահմանադրական դատարանի որոշումից հետո չի համակերպվում, որ ստեղծված իրավիճակն իր օգտին չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: