Հայերեն   English   Русский  

​Կարեն Ասմարյան. «Մարզիչները պետք է լրջորեն մոտենան իրենց աշխատանքին»


  
դիտումներ: 5715

Նոյեմբերի 12-ին ավարտվեց Հայաստանի 2017 թվականի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության երկրորդ՝ եզրափակիչ փուլը։ Տղամարդկանց պայքարում ՖԻՄԱ-ն, շարունակելով հաղթարշավը, 12-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց Կարեն Ասմարյանի գլխավորությամբ: Կանանց պայքարում 2-րդ տարին անընդմեջ լավագույնը ճանաչվեց ԽՄՕՄ-ն։

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՖԻՄԱ-ի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում թիմերի և մարզիկների ելույթների, ինչպես նաև Հայաստանում վոլեյբոլի զարգացման հեռանկարների մասին:

- Պարոն Ասմարյան, շնորհավորում ենք ՖԻՄԱ-ի հերթական հաղթանակի առթիվ: Եզրափակիչ փուլում պայքարը բավական դիտարժան ստացվեց:

- Շնորհակալ եմ: Տղաներն արժանիորեն նվաճեցին չեմպիոնի կոչումը: Առաջին փուլում պարտվել էինք 3:2 հաշվով: Այս անգամ պետք է 3:0 կամ 3:1 հաղթեինք: 3:2 հաշվի դեպքում պետք է լրացուցիչ խաղ անցկացնեինք:

Վերջին տարիների լավագույն եզրափակիչ փուլն էր, որն անցավ հետաքրքիր, լարված, դիտարժան պայքարում: Երկրպագուները կլանված էին հետևում խաղերի ընթացքին: Մարզադահլիճը լեփ-լեցուն էր: Ցանկալի կլիներ, որ այս ամենը նաև պատշաճ մակարդակով լուսաբանվեր:

Որպես մարզիչ` շնորհակալ եմ թիմի յուրաքանչյուր անդամին: Հակառակորդները նույնպես պայքարեցին: Մեզ համար կարևոր է, որ մրցակիցներն ուժեղ լինեն: Տղաները նվիրված խաղացին միչև վերջ` բարձրակարգ խաղ ցուցադրելով: Թիմը 12-րդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: Նրանց այժմ նոր մոտիվացիա է հարկավոր: Կարող է ինչ-որ առումով սովորական դառնալ այս հաղթարշավը: 15-16 տարեկան լավ պատանիներ ունենք, որոնք ցանկանում են խաղալ ՖԻՄԱ-ում: Երիտասարդները կփոխարինեն մեծահասակներին, և մեր հաղթական ուղին կշարունակենք:

- Տղաների պայքարին միշտ ավելի հետաքրքիր է հետևել: Այս անգամ աղջիկներն ինչպե՞ս իրենց դրսևորեցին:

- Աղջիկների պայքարն առաջին փուլում առավել դիտարժան և հետաքրքիր ստացվեց: Երկրորդ փուլում պայքարն ընթացավ 3-4-րդ տեղերի համար: Առաջատարները` «Նժդեհը» և ԽՄՕՄ-ը, գրեթե հավասար էին: 2-րդ փուլում «Նժդեհի» որոշ խաղացողներ չմասնակցեցին պայքարին: Թիմը երիտասարդացավ, արմատապես փոխվեց, պայքարի մեջ մտնել չկարողացավ` զիջելով դիրքերը: Նշեմ, սակայն, որ լավ թիմ է ձևավորվել և հետևողական աշխատանքի դեպքում հետագայում կարող է հաջողության հասնել: Այս տարի պայքարին միացավ նաև «Արցախը»:

Ուրախալի է, որ 5 թիմ մասնակցեց առաջնությանը: Նախորդ տարիներին ընդամենը 4 թիմ էր մասնակցում: Լեզվաբանական համալսարանի թիմը բավական լավ առաջընթաց ունի: Մարզչի գործոնն էլ շատ կարևոր է: Նրանց հետ աշխատում է ֆեդերացիայի մարզչական հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Սուլթանյանը:

- Պարոն Ասմարյան, առաջնությունը հնարավորություն ընձեռե՞ց բացահայտելու երիտասարդ հեռանկարային մարզիկների, որոնք հետագայում կհամալրեն հավաքականների կազմերը:

- Հաստատ ունենք լավ երիտասարդներ, որոնք արժանի են խաղալու ավելի բարձրակարգ թիմերում: Սակայն այս պարագայում կարևոր է, որ խաղացողները ոչ թե հանդես գան մեկ, այլ տարբեր թիմերում: Մրցակցություն ապահովելու համար յուրաքանչյուր թիմում պետք է լինեն 2-3 լավ խաղացողներ: Եթե նրանք հանդես գան մեկ թիմում՝ խաղի որակը կկորչի: Այդ պատճառով մենք աջակցեցինք «Գյումրիին»: Պատանի վոլեյբոլիստները, որոնք չընդգրկվեցին Երևանի թիմերում, հանդես եկան «Գյումրիում»: Բավական լավ թիմ կազմավորվեց: Անհրաժեշտ է, որ բոլոր թիմերում էլ լինեն ուժեղ և փորձառու խաղացողներ, որպեսզի հավաքականի կազմավորման ժամանակ տարբեր թիմերից խաղացողներ ընդգրկվեն:

Միաժամանակ, որպես ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ցանկանում եմ նշել, որ կան թիմեր, որոնք պատշաճ մակարդակով չեն մոտենում առաջնությանը: Եթե թիմը մասնակցում է բարձրագույն խմբի առաջնությանը, ապա մարզիչները պետք է աշխատեն ու նախապատրաստեն իրենց սաներին: Այսօր ունենք մարզիչներ, որոնք լիարժեք աշխատանք չեն տանում: Առաջնությունից մի քանի օր առաջ են սկսում մարզումները: Երկարատև աշխատանք է պետք, 2 օր մարզվելով՝ հնարավոր չէ դառնալ չեմպիոն կամ փոխչեմպիոն: Սա վատ միտում է: Մարզիչները լուրջ չեն վերաբերվում իրենց գործին, չեն վերապատրաստվում: Ֆեդերացիայի նիստի ժամանակ այս հարցը բարձրացրել եմ: Մարզիչները պետք է լրջորեն մոտենան իրենց աշխատանքին՝ քայլելով ժամանակի պահանջներին համահունչ: Թիմեր էլ կան, որոնք տարիների ընթացքում իրենց մարտավարության մեջ ոչինչ չեն փոխել:

- Տեղյակ եմ, որ վոլեյբոլի ֆեդերացիան պարբերաբար կազմակերպում է սեմինարներ, որոնք վարում են փորձառու, հմուտ մասնագետներ: Ո՞րն է խնդիրը:

- Ֆեդերացիան տարվա ընթացքում մի քանի անգամ կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Պարզապես կան մարզիչներ, որոնք չեն մասնակցում դասընթացներին՝ կարծելով, թե ամեն ինչ գիտեն: Սեմինարներն անցկացնում ենք փորձի փոխանակման համար: Կարծում եմ, որ երիտասարներին է հարկավոր ներգրավել մարզչական աշխատանքում: Ժամանակն է, որ նոր մեթոդներ կիրառենք: Սա քննադատություն չէ: Պարզապես մարզիչները պետք է հնարավորինս աչալուրջ լինեն, շարունակ սովորեն և ժամանակին համահունչ քայլեն:

- Վերջերս Հայաստան էր ժամանել Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչի գլխավորած պատվիրակությունը: Այդ այցը կարո՞ղ է դրական անդրադառնալ մարզաձևի հետագա զարգացման վրա:

- Այս բնագավառի ներկայացուցիչ լինելով` կարող եմ ասել, որ սպասելիքներ գրեթե չունենք նրանց այցից: Դրականն այն է, որ նրանք հանդիպեցին Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, Երևանի քաղաքապետի հետ: Այցն առավելապես ճանաչողական էր: Եվս մեկ անգամ համոզվեցի որ մենք պետք է ապավինենք մեր հնարավորություններին: Միջազգային ֆեդերացիաները ավելի հաճախ գումար են պահանջում մեզնից: Տարբեր միջոցառումներին մասնակցելու համար միայն անդամավճարներ են պահանջում:

Մեզ առաջարկեցին միջազգային մեծամասշտաբ միջոցառում անցկացնել Հայաստանում: Բայց նման միջոցառման համար ֆինանսական հնարավորություններ են հարկավոր: Այդ առումով մենք շատ իրատես ենք: Հնարավոր չէ հովանավորներ գտնել, մրցաշարը կազմակերպել և տոմսերը վաճառել: Մյուս տարի Հայաստանում կանցկացվի Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 18 տարեկանների տղաների առաջնություն, որն ընտրական մրցաշար է. հաղթողը կմասնակցի Եվրոպայի առաջնության: Նմանատիպ առաջնությունների անցկացումն առավել նպատակահարմար է:

Արդարության համար նշեմ, որ մեր հավատարիմ գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի վոլեյբոլի ֆեդերացիան մեզ ավելի շատ է օգնում և աջակցում, քան միջազգային կառույցները:

- Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի են մասնակցելու մեր մարզիկները:

- Չկա մի ամիս, որ մրցաշար չկազմակերպենք կամ չմասնակցենք: Նոյեմբերի 22-ին աղջիկների հավաքականը մեկնել է Թբիլիսի` մասնակցելու Արևելյան Եվրոպայի երկրների մինչև 17 տարեկանների առաջնությանը: Առաջին անգամ են մեր աղջիկները նման մրցաշարի մասնակցում: Ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հրաչյա Մուրադյանի օգնությամբ թիմը մեծ պատվիրակությամբ մեկնել է Վրաստան: Արցախից էլ հրավիրել ենք լավագույն խաղացողներին: Մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Վրաստանի և Ուկրաինայի հավաքականները: Առաջին անգամ ենք մասնակցում նման մրցաշարի, ունենք լավ խաղացողներ: Սա նաև փորձի ձեռքբերում է:

Պերճ Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային հուշամրցաշարը Երևանում կանցկացվի դեկտեմբերի 8-10-ը: Կմասնակցեն տղաների և աղջիկների 6-ական թիմեր: Դեկտեմբերի 14-17-ը կանցկացվի վոլեյբոլի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Այնուհետև կսկսվեն ձմեռային վոլեյբոլի առաջնությունները:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: