Հայերեն   English   Русский  

​ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ


  
դիտումներ: 5434

Նախորդ համարում անդրադարձանք 2015 թ. տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներով հանրապետության նախագահի նոր սահմանադրաիրավական կարգավիճակին: Այս հոդվածում կանդրադառնանք հանրապետության վարչապետի և կառավարության նոր սահմանադրաիրավական կարգավիճակին: Ինչպես հանրապեության նախագահի դեպքում, այնպես էլ այս հոդվածում փորձենք ներկայացնել տեղի ունեցած էական փոփոխությունները:

Այսպես, եթե նախկին սահմանադրությամբ ՀՀ կառավարությունը մշակում և իրականացնում էր հանրապետության ներքին քաղաքականությունը, իսկ արտաքին քաղաքականությունը մշակում և իրականացնում էր հանրապետության նախագահի հետ համատեղ, այսինքն՝ ինքնուրույն չէր, ապա նոր սահմանադրությամբ պետության և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության մշակման և իրականացման պատասխանատուն միայն կառավարությունն է:

Նոր սահմանադրությամբ կարգավորվել են կառավարության կառուցվածքին առնչվող մի շարք հարցեր: Այսպես, կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ նախարարներինը` տասնութը: Նախկին սահմանադրությամբ փոխվարչապետի ինստիտուտը մի փոքր այլ կերպ էր կարգավորվում: Նախ` փոխվարչապետ էր նշանակվում նախարարներից մեկը, իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, փոխվարչապետը առանձնացված է նախարարներից: Բացի այդ, փոխվարչապետի նշանակումը, ըստ էության, նախկինում հայեցողական էր, իսկ հիմա՝ պարտադիր:

Խոսենք նաև վարչապետի լիազորություններից: Նախկին սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները սահմանափակվում էին կառավարության նիստերը հրավիրելով, վարելով, կառավարության որոշումները ստորագրելով, նախարարների աշխատանքը ղեկավարելով և համակարգելով, կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող որոշումների ընդունմամբ: Այժմ վարչապետի լիազորություններն ավելացել են, օրինակ` վարչապետը կարող է կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ, վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է վարչապետի նշանակման մեխանիզմին: Եթե նախկինում նախագահը վարչապետ էր նշանակում Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, ապա այժմ ընդամենը իրավունքի ուժով վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: