Հայերեն   English   Русский  

​ԳՐԻԳՈՐ Գ ՊԱՀԼԱՎՈՒՆԻ


  
դիտումներ: 4378

Հայոց պետականության կորստից հետո Պահլավունիները հասկանում են, որ այլևս անկարող են ռազմի և վարչարարության ասպարեզում առաջնային դիրքեր գրավել, և ավելի քան մեկ հարյուրամյակ զավթում են հայոց կաթողիկոսական գահը:

Պահլավունյաց կաթողիկոսների մեջ առանձնակի տեղ ունի Գրիգոր Գ կաթողիկոսը, որ գահակալել է 1113-1166 թթ.:

Ապագա կաթողիկոսը ծնվել է 1092 թ., Տլուք գավառի Ծովք դղյակում: Նա Ապիրատ Պահլավունի իշխանի ավագ որդին էր: Մանկուց նրան նախապատրաստում էին կաթողիկոսական գահին և կրթում էին Քեսունի Կարմիր վանքում և Սև լեռան Արեգի անապատում:

Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսն էր իր զարմիկին նախապատրաստում կաթողիկոսական գահին: Սակայն նրա նստավայրը Ծամնդավում էր, և նրա ծրագրերը խառնեցին Անվո իշխաններն ու Լոռվա գահակալ Կյուրիկե Բ արքան, որ Հաղպատում կաթողիկոս օծեց մեկ այլ Պահլավունու՝ Բարսեղ Անեցուն: Գրիգոր Վկայասերը ստիպված էր համաձայնել գահակից կաթողիկոսի գոյությանը, սակայն ներքին համաձայնությամբ Բարսեղի մահից հետո կաթողիկոսական գահը պետք է անցներ Վկայասերի զարմիկին:

Եվ ահա՝ Բարսեղ Անեցու մահից հետո, 1113 թ. Կիլիկիո Շուղրի վանքում գումարվում է ներկայացուցչական ժողով, որին իրենց պատվիրակներն էին ուղարկել Կիլիկիո հայոց երկու զորեղ իշխանները՝ Վասիլ Տղան, որ Կամսարական-Պահլավունիների տոհմից էր և պաշտպանում էր Գրիգոր Գ-ի թեկնածությունը, և Թորոս Ա Ռուբինյանը: Սև լեռան հայ հոգևորականության առաջադրմամբ հայոց կաթողիկոս է ընտրվում Գրիգոր Գ Պահլավունին, որ այդ ժամանակ պատանի էր՝ մոտ 15 տարեկան և նոր էր ձեռնադրվել կուսակրոն քահանա: Ինչպես նշում է Սամվել Անեցին, նա կաթողիկոս օծվելու պահին տղայական հասակում էր:

Կաթողիկոսական աթոռի նման զավթումը, ինչ խոսք, առաջացնում է արևելահայ հոգևորականության զայրույթն ու ըմբոստությունը: Մասնավորապես՝ Աղթամարի Դավիթ եպիսկոպոսը պատճառաբանելով, որ Գրիգոր Գ-ն իր աթոռը հաստատել է Հայաստանից դուրս և տակավին պատանի է, հրավիրում է եպիսկոպոսական առանձին ժողով, որն էլ Դավթին հռչակում է կաթողիկոս:

Դավիթը ցանկանում է հռչակվել Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն մայրաքաղաք Անիում աջակիցներ չի գտնում: Անիում ուժեղ էին Պահլավունիները:

Բանն այն է, որ Դավիթը Սասունի Թոռնիկյաններից էր, որոնց դեմ շարունակ ոտնձգություններ էին անում Կիլիկիայում հաստատված հայոց իշխանական տները: Թոռնիկյաններն էլ զորեղ ու անկախ իշխանություն էին և հավակնում էին հայոց երկրում առաջնային դիրք գրավել: Բայց և այնպես Դավիթ Թոռնիկյանի կաթողիկոսությունը ճանաչեցին Մարդպետական (Արտազի) և Սյունյաց եպիսկոպոսները:

Ուսումնասիրողներից շատերը Թոռնիկյաններին վերագրում են Արծրունի ծագում, ոմանք նրանց Մամիկոնյան են համարում, ոմանք էլ՝ Բագրատունի: Մի խոսքով, այս դեպքում դարձյալ գործ ունենք մի երևույթի հետ, երբ կաթողիկոսական աթոռը գրավելով՝ հայոց ազդեցիկ իշխանական տները պայքար են մղում առաջնության համար:

Կամենալով պառակտումը խափանել՝ 1114 թ. Գրիգոր Գ կաթողիկոսը Շուղրի Կարմիր վանքում մեծ ժողով գումարեց, որին մասնակցեցին 2500 ներկայացուցիչներ ողջ Հայաստանից և Կիլիկիայից:

Ժողովն աշխարհիկ իշխանավորների ճնշման տակ դատապարտեց Դավիթ Աղթամարցուն և նրան հարած հոգևորականներին: Սյունյաց և Մարդպետական եպիսկոպոսները ժողովի ճնշման տակ հեռացան Աղթամարի կաթողիկոսից:

Այնուամենայնիվ, Դավիթ Աղթամարցին չընկրկեց, և Աղթամարի կաթողիկոսությունը գոյատևեց մինչև XIX դարը:

Այս ժողովը նաև մի կանոն ընդունեց, որի համաձայն` Ամենայն hայոց կաթողիկոսությունը հաստատվում էր Կիլիկիո տարածքում, բայց ամեն նոր կաթողիկոսի ընտրություն պիտի հաստատվեր հայոց նշանավոր 4 եպիսկոպոսական աթոռների կողմից: Դրանք էին՝ Հաղպատի, Բջնիի, Տաթևի և Արտազի աթոռները: Այս վանական համալիրների վանատերերն իրավունք ունեին վետո դնելու կաթողիկոսի ընտրության արդյունքների վրա:

Քանի որ Քեսունի հայոց իշխանապետությունը կործանվեց և խաչակիրները գրավեցին այն, Գրիգոր Գ-ն իր կաթողիկոսանիստը 1116 թ. տեղափոխեց իր եղբոր՝ Վասիլ Պահլավունու տիրույթներ ու հաստատվեց Ծովք դղյակում: Սակայն 1145 թ. դարձյալ քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով նա կաթողիկոսանիստը հաստատում է Հռոմկլա ամրոցում՝ նախապես վերանորոգելով այն:

1141 թ. Գրիգոր Գ կաթողիկոսն իր եղբայր Ներսես Շնորհալու հետ մասնակցում է Անտիոքի, իսկ 1142 թ.՝ Երուսաղեմի եկեղեցական ժողովներին: Դա պատմության մեջ հայ և կաթոլիկ եկեղեցիների առաջին շփումն էր: Ժողովը հրավիրել էր Հռոմի պապի ներկայացուցիչ եպիսկոպոս Աղբրիկ Օստրիացին, որպեսզի քննի եկեղեցական կարգը Արևելքի խաչակիր իշխանությունների տարածքում: Հրավիրել էին նաև հայ եկեղեցու առաջնորդին: Ի դեպ, ժողովի նախաձեռնողը Եդեսիայի կոմս Բոլդուինն էր, որի հարվածներից իրար հետևից ընկան տարածաշրջանում հաստատված հայկական իշխանությունները:

Իննոկենտիոս պապը Հայոց կաթողիկոսին է ուղարկում նաև հայրապետական քող և գավազան։ Այդ ժամանակներից Հայ առաքելական եկեղեցի մուտք է գործում լատինական կորագլուխ գավազանը, որն աստիճանաբար գործածական է դառնում եպիսկոպոսների համար, իսկ մինչ այդ գործածական օձագլուխ գավազանը վերապահվում է վարդապետներին։

Ժողովի ժամանակ Վատիկանն առաջին անգամ առաջարկում է հայոց եկեղեցուն միաբանվել իր հետ Պապի գերիշխանության տակ: Ժողովից հետո հայոց կաթողիկոսը լատին հոգևորականների հետ այցելում է Երուսաղեմ:

Բանակցելով կաթոլիկ եկեղեցու հետ միության շուրջ՝ Գրիգոր Գ-ն միաժամանակ իշխան Առյուծ Թլկուրանցու հետ պայքար է ծավալում հայ արևորդիների և թոնդրակեցիների դեմ:

Ի դեպ, քաղաքական այս խառնակ պայմաններում, երբ կաթողիկոսանիստն աստանդական էր, Գրիգոր Գ-ն փորձեց հաստատվել Անիում: Սակայն այդ ծրագիրն էլ խափանվեց: Նախ՝ Անին գրավեցին վրացիները, իսկ երբ նրանք հետ քաշվեցին, քաղաքին տիրեց Փատլուն ամիրան, որ հայերի նկատմամբ թշնամական դիրք բռնեց:

1164 թ. բյուզանդական Մանուել կայսրն առաջարկեց կաթողիկոսին քննարկել հայ-հունական եկեղեցիների միության հարցը: Սակայն կաթողիկոսը, որ արդեն հիվանդ ու մահամերձ էր, չկարողացավ մասնակցել քննարկմանը:

Զգալով իր մոտալուտ վախճանը՝ կաթողիկոսական գահին տոհմի հաջորդականությունն ապահովելու նպատակով Գրիգոր Գ-ն 1166 թ. Հռոմկլայում ժողով գումարեց և իրեն աթոռակից կաթողիկոս օծել տվեց կրտսեր եղբորը՝ Ներսես Շնորհալուն:

Երեք ամիս անց Գրիգոր Գ-ն մահացավ, նրան հաջորդեց Ներսես Շնորհալին:

Գրիգոր Գ կաթողիկոսը գրական ժառանգություն է թողել: Նա բազում տաղերի և շարականների հեղինակ է, որոնք այսօր էլ կիրառական են հայ եկեղեցու ծիսակարգում: Գրիգոր Գ-ի հանձնարարությամբ է Սամվել Անեցի պատմիչը գրել իր շատ արժեքավոր «Հավաքումք ի գրոց պատմագրաց» աշխատությունը, որ կարևոր աղբյուր է միջնադարի պատմության ուսումնասիրության համար:

Վահէ Լոռենց

Նկարում՝ Լոռու մարզի Շնողի վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: