Հայերեն   English   Русский  

​Կեղևո՞վ, թե՝ առանց…


  
դիտումներ: 3686

Ամեն անգամ, երբ սեղանին դնելու համար մշակում ես բանջարեղենն ու միրգը, մտովի անդրադառնում ես այս հարցին. վերջապես, կեղև՞ով, թե՞ առանց կեղևի են օգտակար պտուղներն ու բանջարեղենը:

Ականատես եղած կլինեք, թե ինչպես են ոմանք մանրակրկիտ հեռացնում, օրինակ, խնձորի կեղևը ու համարում, որ դա է միակ ճիշտ ձևը: Մյուսներն էլ համոզված են՝ միայն կեղևի մեջ են ամենաօգտակար հանքանյութերն ու վիտամինները:

Ո՞րն է ճիշտ

Այն պտուղները, որոնք կարելի է ամբողջությամբ ուտել, կլպելու հարկ չկա: Օգտակար նյութեր ու բջջանքի հատուկ տեսակներ կան, որոնք պտղամսի մեջ չկան: Դրանք նվազեցնում են արյան մեջ շաքարի մակարդակը, «խոչընդոտում» վատ խոլեստերինի կուտակումը , կանխում փորկապությունն ու թութքի գոյացումը, օգնում քաշի ու արյան ճնշման կարգավորմանը: Եվ, ի դեպ, որքան վառ գույն ունի միրգը կամ բանջարեղենը, այնքան երիտասարդությունը երկարաձգող ու մաշկն առողջացնող շատ օգտակար նյութեր է պարունակում տվյա պտուղը կամ բանջարեղենը:

Կարտոֆիլ

Որքան էլ շատ ենք սիրում կարտոֆիլ, չպիտի մոռանանք, որ դրա մեջ մեծ քանակությամբ օսլա կա, ինչն ավելորդ քաշի առաջացման, արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման լուրջ պատճառ է: Ուստի թարմ կարտոֆիլը պետք է պատրաստել կլեպով. դրա պարունակած բջջանքի շնորհիվ բոլոր բացասական հատկությունները կարծես զրոյանում են: Կարտոֆիլի բարակ կլեպը մեծ քանակությամբ օգտակար նյութեր է պարունակում՝ վիտամիններ, ասկորբինաթթու, ռիբոֆլավին, նիացին: Իզուր չէ, որ ժողովրդական բժշկության մեջ կարտոֆիլի կեղևները կիրառվում են զանազան հիվանդությունների դեպքում:

Ուշադրություն. եթե կարտոֆիլի կեղևը կանաչ է կամ կանաչ բծեր կան վրան, ապա կեղևն էլ, կարտոֆիլն էլ օգտագործել չի կարելի, դրանց մեջ թունավոր սոլանին կա, որը փորլուծ ու այլ տհաճություններ կարող է պատճառել:

Բադրիջան

Այս բանջարեղենի կեղևը վառ գունավորում ունի նանուսին պիգմենտանյութի շնորհիվ: Դրա դերը բանջարեղենը մանր կրծողներից,միջատներից ու արևի կիզիչ ճառագայթներից պաշտպանությունն է: Մարդու օրգանիզմում նանուսինը կարգավորում է երկաթի մակարդակը, նվազեցնում սիրտ-անոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման հավանականությունը, պաշտպանում է գլխուղեղի բջիջներն արտաքին ազդեցություններից, դանդաղեցնում խոլեստերինային թերթիկների գոյացումը:

Բադրիջանի կեղևի կապույտ պիգմենտը՝ անտոցիանը, հակաբորբոքային հատկություն ունի ու բարելավում է գլխուղեղի անոթների արյան շրջանառությունը: Դրա շնորհիվ նվազում է հոգեկան խանգարումների հավանականությունը, որ երբեմն հանդիպում է տարեց մարդկանց մոտ: Այդ գործոնների շնորհիվ է, որ բադրիջանն ուղեղի սնունդ են համարում: Ի դեպ, մատղաշ բանջարեղենի կեղևը ցանկության դեպքում կարելի է չհեռացնել: Իսկ հասուն բանջարեղենի կեղևը կոպիտ է, ուստի պետք է այն մաքրել:

Ուշադրություն. բադրիջանը պետք է օգտագործել միայն, այսպես ասած, տեխնիկական հասունության ժամանակ, այսինքն՝ երբ դեռ սերմերը փափուկ են: Գերհասուն բանջարեղենը կորցնում է համը, հետն էլ թունավոր ալկալոիդներ է կուտակում, որոնք թունավորում կարող են առաջացնել:

Վարունգ

Վարունգի կեղևը հարուստ է С, В1, В2 վիտամիններով, կարոտինով, բիոտինով, կալիումով, կալցիումով ու մագնիումով: Մեծ քանակությամբ բջջանք է պարունակում, ինչը կարգավորում է աղիների կծկանքը, կանխում փորկապությունը, ճնշում ճիճվային մանրէների աճը, ակտիվացնում աղիքների միկրոֆլորան: Ուստի կեղևով վարունգի գործածումը դրական ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա, նպաստում օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը, կանխում վաղաժամ ծերությունն ու ուռուցքային հիվանդությունների զարգացումը: Եվ այդ ամենը, ի դեպ, կեղևի պարունակած հիմնային ու յոդային միացությունների շնորհիվ:

Խնձոր

Պտուղ-բանջարեղենի գույնի մասին ասվածի վկայությունն է խնձորը. ամենաօգտակարը կարմիր խնձորի կեղևն է, որում մեծ քանակությամբ օրգանիզմի համար անգնահատելի համարվող անտոցիան պիգմենտ կա: Դեղին կամ կանաչ խնձորների կեղևում հակամանրէ ազդեցությամբ նյութեր կան, դրանք օժտված են օրգանիզմում ընթացող բորբոքային պրոցեսներն ընկճող հատկությամբ: Ցանկացած տեսակի խնձորի կեղևը նպաստում է լյարդի, աղիների, կրծքի ուռուցքների կանխարգելմանն ու նաև ավելորդ ճարպի այրմանը:

Սրանից կարելի է հետևություն անել. խնձորը, եթե այն այգուց է քաղված, պետք է ուտել միայն կեղևով:

Ուշադրություն. էնթերոկոլիտի կամ խոցային հիվանդությունների պարագայում խնձորի կեղևը կարող է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման, սպազմի ու ցավի պատճառ դառնալ:

Խաղող

Շատ մարդիկ խաղողի կլեպն ու կորիզը հեռացնում են, նոր ուտում: Բայց հիմնականում այն ուտում ենք ամբողջությամբ: Եվ դա ճիշտ է: Կարմիր ու վարդագույն խաղողների կեղևը հարուստ է ամենուժեղ հակաօքսիդանտով՝ ռեսվերաթրոլով. դա օրգանիզմում նվազեցնում է ազատ ռադիկալների քանակը ու հետևաբար՝ օրգանիզմի արագ ծերացման ու շատ այլ հիվանդությունների գլխավոր պատճառը): Այդ նյութը հակաուռուցքային ազդեցություն ունի, պաշտպանում է նյարդային բջիջները, պաքարում բորբոքումների դեմ: Պարզվել է նաև, որ այն ճնշում է գրիպի որոշ վարակներ: Այդ նյութը պարունակող մթերքների գործածումն օգնում է ընկճախտի պարագայում, նպաստում շաքարախտի կանխարգելմանը, օգնում պահպանելու երիտասարդությունն ու մաշկի առաձգականությունը:

Կիվի

Ասում են՝ կիվին կարելի է ու նույնիսկ անհրաժեշտ է ուտել կեղևով, քանի որ դրա մեջ մեծ քանակությամբ բջջանք կա: Իսկ դրա համար պետք է նախապես մի լավ լվանալ, խորհուրդ է տրվում նաև մի քիչ միրգը շփել, որ մազմզուկները նոսրանան: Մեծահասակների դեպքում օրական 1 միջին կիվին ու երեխաների դեպքում կես կիվին նորմալ չափաքանակ է համարվում:

Կիտրոն

Կիտրոնի կեղևը C և P վիտամիններ ու եթերայուղեր է պարունակում, դրանք բարելավում են քունը: Կիտրոնի մեկ ճաշի գդալ քերուկով հնարավոր է ապահովել C վիտամինի օրական նորմի 13%-ը: Բացի այդ, կեղևը մեծ քանակությամբ պեկտիններ է պարունակում, նպաստում է օրգանիզմից վնասակար միկրոօրգանիզմների դուրսբերմանն ու ստամոքս-աղիքային տրակտի գործունության կարգավորմանը:

Նարինջ

Նարնջի կեղևում պեկտինային նյութեր կան, որոնք բարերար ազդեցություն ունեն աղիքների վրա: Նարնջի կեղևը մեծ քանակությամբ С,А, В1, В2, Р, կալցիում, ֆոսֆոր է պարունակում: Իսկ եթերայուղերն օգնում են վերացնելու սթրեսն ու լարվածությունը և բարելավում են քունը:

Ադամաթուզ

Մեծ քանակությամբ կալիում, լյուտեին է պարունակում, որն օգտակար է աչքերին և տրիպտոֆան, որն էլ բարձրացնում է տրամադրությունը: Ի դեպ, օգնում է ստամոքսի խանգարումների ու առատ արյունահոսության ժամանակ, իսկ եթե ադամաթզի կեղևը խոնավ մասով դնեք կապտուկին կամ վնասվածքին, ապա շատ արագ կվերանա այտուցը:

Դեղձ

Հաճախ է դեղձի կեղևն աղբամանում հայտնվում մազմզուկների պատճառով: Մինչդեռ, այս միրգը կեղևահանելով, ըստ էության, այն թողնում ենք առանց կալիումի ու А վիտամինի, որոնք օգնում են մաշկի խոնավացմանն ու առողջ տեսքին:

Դեղձի կեղևի պարունակած նյութերը խթանում են իմունիտետը, օրգանիզմից դուրս բերում թույները, աչքերը պաշտպանում կատարակտից ու նաև նվազեցնում քաղցկեղի, արթրիտի ու սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Նուռ

Նռան կեղևը մեծ քանակությամբ դաբաղանյութեր է պարունակում, ուստի դրանից պատրաստված եփուկն ու թուրմերը կիրառվում են աղիքային խանգարումների դեպքում, կիրառվում են ստաֆիլակոկերի ու դիզենթերիայի բուժման նպատակով: Կեղևը կիրառվում է փորլուծը կանգնեցնելու, մակաբույծների դեմ պայքարելու ու վերքերի սպիացման համար: Հայտնի է, որ նռան կեղևը կիրառում են մազերի համար՝ որպես թեփը վերացնող ու աճը խթանող միջոց, ինչպես նաև մազերի ավելի մուգ երանգներ ստանալու նպատակով:

Իսկ ո՞ր մթերքները պետք է մաքրել

Խանութից գնված խնձորը: Այդ մրգի հենց կեղևում են կուտակվում դրա մշակության նպատակով կիրառվող թունաքիմիկատների մնացորդները, որոնցով բույսը մշակում են հիվանդություններից ու վնասատուներից պաշտպանելու համար: Բացի այդ, խանութից գնված միրգը մոմաշերտով է պատված. որ քսում են պտղին՝ պահպանման ժամկետը երկարացնելու նպատակով:

Ընդհանրապես տևական պահպանության դրված պտուղ-բանջարեղենն օգտագործումից առաջ պետք է կլպել: Բանն այն է, որ այդ մթերքի կեղևի մեջ բջիջներն աստիճանաբար մահանում են ու վնասակար նյութեր են կուտակվում:

Որտեղ են նիտրատները

Շատերին թվում է, թե մրգի կեղևում ավելի շատ նիտրատներ կան, քան պտղամսում: Հանուն ճշմարտության հարկ է ասել, որ կարտոֆիլի, ձմերուկի, դդմի, բադրիջանի դեպքում այդ կարծիքը համապատասխանում է իրականությանը: Սակայն, օրինակ, գազարի մեջ նիտրատը կուտակվում է միջուկում:

Իսկ եթե կեղտոտ են

Այդ դեպքում պտուղ-բանջարեղենն ուտելուց առաջ պետք է պարզապես լավ լվանալ: Հաստ կեղևով մթերքները թույլ քացախաջրի մեջ կարելի է պահել որոշ ժամանակ ապահովության համար, իսկ մշակման նպատակով կարելի է կոշտ խոզանակ կիրառել: Դա օգնում է թունաքիմիկատների մնացուկներն ու մյուս վնասակար նյութերը հեռացնելուն, վերացնում է ինչպես ախտածին բակտերիաները, այնպես էլ վարակներն ու սնկերի սպորները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: