Հայերեն   English   Русский  

​Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար. Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 3815

Հայաստանի և Եվրամիության ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ «Անկախին» իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

- Պարոն Մանուկյան, ս. թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին երկար սպասված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:

- Շատ կարևոր է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, դարձանք նաև Եվրամիության ասոցացված անդամ: Դա ոչ միայն մեզ, այլև ընդհանրապես աշխարհին մի նոր ճանապարհ է ցույց տալիս, և ես կարծում եմ, որ եթե, օրինակ, Ուկրաինան ժամանակին գնար այս ճանապարհով (մի երկիր, որի տնտեսությունն էապես կախված էր Ռուսաստանից, բայց որն ուզում էր արդիականացնել իր տնտեսությունը՝ եվրոպական արժեքներ ներմուծելով, բարեփոխումներ մտցնելով իր երկրում), ապա հիմա և´ Ղրիմը իրենը կլիներ, և´ պատերազմ չէր լինի Լուգանսկում ու Դոնեցկում, և´ երկիրն այսպիսի խառնաշփոթ վիճակում չէր հայտնվի: Միաժամանակ ուզում եմ նշել, որ սա պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև հազարամյակների ընթացքում մեզ մոտ միշտ եղել է «կա´մ, կա´մ». կա´մ Պարսկաստան, կա´մ Բյուզանդիա, կա´մ Ռուսաստան, կա´մ Թուրքիա, կա´մ սա, կա´մ նա, և մենք միշտ տուժել ենք դրանից: Առաջին անգամ մենք այդ բանաձևը դարձրինք «և´, և´»:

- Ի՞նչ հնարավորություններ է տալիս այդ նոր բանաձևը Հայաստանին:

- Առաջին՝ ուժեղացնում է մեր անկախությունը, որովհետև ցանկացած միության մեջ մտնելով՝ բնական ձևով որոշակիորեն սահմանափակում ես քո ինքնուրույնությունը, փոխարենը ստանում ես որոշակի առավելություններ: Այս պարագայում, համագործակցելով երկու միության հետ, ինքնուրույնության տեսանկյունից անհամեմատ ավելի շահեկան դիրքում ես, քանի որ մանևրելու հնարավորություններ ունես: Այնպես որ սա քաղաքական տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Բացի այդ, նոր համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնելու պետական, մասնավոր կառույցների գործունեությունը, բարելավելու մարդու իրավունքների պաշտպանությունն ու ազատությունները մեր երկրում: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, որոշ քաղաքական ու տնտեսական բացասական կանխատեսումներին, ապա չի կարող պատահել, որ որևէ համաձայնագիր միայն օգուտ բերի: Որոշ դեպքերում լավ կլինի, որոշ դեպքերում՝ ոչ այնքան, և մեծ ճկունություն ու խելք է պահանջվում, որպեսզի այդ երկու հնարավորությունից էլ կարողանաս օպտիմալ կերպով օգտվել: Ու հիմա նշել մեկի առավելությունը կամ մյուսի թերությունը խելոք մարդու խոսակցություն չէ: Խելոք մարդը նա է, որը կարողանում է այդ երկու մեծ հնարավորություններից էլ օգուտ քաղել: Դա արդեն Հայաստանի իշխանությունների և հասարակության անելիքն է, որոնք պետք է մեծ ջանքեր, ճկունություն դրսևորեն, որպեսզի կարողանան այդ երկուսից էլ օգտվել: Ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ սա մի նոր ճանապարհ է, որը մեծ առավելություններ կտա մեզ:

- Այս քայլով Հայաստանը միջազգային ³սպարեզում որակական ի՞նչ առաջընթաց կատարեց:

- Իհարկե, մեծ առաջընթաց կատարվեց. այս երկու միությունների հետ փոխհարաբերությունները Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ նաև այլ երկրների հետ համագործակցելու տեսանկյունից: Ունենալով այս երկու խարիսխը՝ կարող ես շատ երկրների համար դառնալ շատ ավելի կարևոր: Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի դերն աշխարհում բավականին մեծ է՝ իր փոքր բնակչության ու փոքր տարածքի հետ համեմատ, և դա պայմանավորված է համաշխարհային հայությամբ, մեր երկրի աշխարհագրական դիրքով, Ղարաբաղյան հարցով, նաև այն հանգամանքով, որ մենք դեռ 80-ականներից սկսած՝ առաջամարտիկ ենք եղել շատ հարցերում, հատկապես՝ նոր արժեքների, նոր գաղափարների ներմուծման առումով: Հիմա Եվրամիության հետ կնքած այս համաձայնագրով մեր ազդեցությունն ու դերը աշխարհում ավելի է մեծանում:

Զրուցեց Անի Գասպարյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: