Հայերեն   English   Русский  

​Էրդողանական Թուրքիան հակասությունների ու երկընտրանքների առջև


  
դիտումներ: 4234

Ձերբակալությունների ալիքը շարունակվում է

Թուրքիայում դատախազները Ֆեթուլլահ Գյուլենի 360 գաղափարակցի ձերբակալման թույլտվություն են տվել։ Ձերբակալությունները ծավալվել են Ստամբուլում։ Ձերբակալվողներից 333-ը ներկա և նախկին զինվորականներ են, նրանցից 216-ը դեռևս շարունակում են ծառայությունը Թուրքիայի զինված ուժերում։ Ըստ տեղեկությունների՝ այս անգամ թիրախում են հայտնվել ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները։

Նշենք, որ 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում ձերբակալությունների ալիքը դեռ չի դադարել։ Չկա շաբաթ, որ չիրականացվեն տասնյակ և անգամ հարյուրավոր ձերբակալություններ։ Միայն նախորդ շաբաթ 700 մարդ է ձերբակալվել Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով։

Գյուլենականների որսն անգամ թուրքական սփյուռք է հասել, ինչի պատճառով հակասություններ են առաջացել Թուրքիայի և մի շարք եվրոպական երկրների միջև։

Այս ընթացքում Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, ևս 150 հազար մարդ հեռացվել է աշխատանքից։

Մինչդեռ իրավապաշտպաններն ահազանգում են, որ Էրդողանը հեղաշրջման փորձը որպես առիթ է օգտագործում՝ երկրում և անգամ սփյուռքում այլախոհ տարրերից ազատվելու համար։

Նշենք, որ Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են թուրքական արդարադատությանը արտահանձնել այդ երկրում ապաստան գտած Ֆեթուլլահ Գյուլենին։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դրա համար անհրաժեշտ պայման է դատարանին Գյուլենի մեղքը հիմնավորող ապացույցներ ներկայացնելը, ինչը թուրքական կողմը չի արել։ Գյուլենը բացարձակապես հերքում է իր առնչությունը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին։

Իսկ ահա Ermenihaber.am կայքի տվյալներով՝ Թուրքիայում դատապարտյալների թիվն ավելին է, քան 13 նահանգների բնակչության թիվը։ Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի անդամ Գամզե Իլգեզինի կազմած զեկույցի համաձայն՝ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո երկրում բանտարկյալների թիվն ավելացել է շուրջ 4 անգամ, իսկ նախորդ 11 ամիսների ընթացքում միայն դատապարտյալների թիվն ավելացել է 15 տոկոսով, և սա այն պարագայում, երբ հեղաշրջման փորձի համար մեղադրվողների դատավարությունները դեռևս ընթացքի մեջ են կամ դեռ չեն մեկնարկել։

Էրդողանը հրաժարական կտա, եթե․․․

Չնայած զտումների գործընթացին՝ Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության զարգացումներն այնքան էլ հարթ չեն։ Այսպես, օրերս ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Էրդողանն իր ընտանիքի անդամների միջոցով միլիոնավոր դոլարներ է ուղարկում իր օֆշորային հաշիվներին։ Ի պատասխան իր ընդդիմախոսի մեղադրանքներին՝ Էրդողանը հայտարարել է, որ ինքը կհեռանա նախագահի պաշտոնից, եթե ընդդիմադիր գործիչը կարողանա փաստաթղթերով ապացուցել իր առնչությունը որևէ օֆշորային հաշվի։

«Եթե ապացույց ունեք` ներկայացրեք դրանք։ Եվ ես կպատասխանեմ։ Այլապես ընդունեք, որ զրպարտել եք ինձ և ներողություն խնդրեք»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ իր դեմ ուղղված մեղադրանքներն ապացուցելու դեպքում ինքը հրաժարական կտա, հակառակ դեպքում թող քաղաքականությունը թողնի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը։

Քըլըչդարօղլուն ժամանակ չի կորցրել և հեռուստաեթերից ցուցադրել է մի քանի կտրոններ, որոնք իր իսկ խոսքով ապացուցում են, որ Էրդողանն իր փեսայի, որդու և այլ ազգականների միջոցով տասնյակ միլիոնավոր դոլարներ է փոխանցել Մեն կղզում գտնվող մի օֆշորային ընկերության։

«Եթե այդքան պատվով մարդ ես, արա այն, ինչ պահանջվում է` հեռացիր պաշտոնից»,- ասել է Քըլըչդարօղլուն՝ դիմելով Էրդողանին։ Ընդդիմադիր գործչի ապացույցներին Էրդողանը դեռևս չի արձագանքել, սակայն դժվար չէ կռահել, որ նա մեղադրանքները չի ընդունի և հրաժարական չի տա։

Հակասական արտաքին քաղաքականությունը

Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Նաև այդ լարվածության պատճառով թուրքական լիրան հերթական արժեզրկումն է գրանցել՝ դոլարի նկատմամբ 3,97 ցուցանիշի հասնելով։ Իսկ երկու երկրների լարվածության պատճառը, Գյուլենի արտահանձման մերժումից ու քրդերին ԱՄՆ-ի կողմից զենք մատակարարելուց բացի, նաև Նյու Յորքում ընթացող դատավարությունն է, որը վերաբերում է թուրք պաշտոնյաների և բիզնեսմենների մասնակցությամբ կոռուպցիոն համակարգին, ինչը 2012-2016 թթ. Իրանին հնարավորություն է տվել շրջանցելու միջազգային պատժամիջոցները և ֆինանսական գործարքներ իրականացնելու SWIFT համակարգում։ Չնայած այս հանգամանքներին՝ Էրդողանն օրերս թուրք-ամերիկյան հարաբերությունները դրական է գնահատել։ Նա նշել է, որ առաջին անգամ վերջին շրջանում երկու երկրները նույն ուղղությամբ են գնում։ Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ԱՄՆ-ն դադարեցնի զենքի մատակարարումը Սիրիայի քրդերին։ Ավելի ուշ Սպիտակ տնից հստակեցրել են, որ խոսքն ընդամենը ռազմական աջակցության սահմանափակման մասին է, ոչ թե իսպառ դադարեցման։

Չեն հարթվում նաև Թուրքիայի և ԵՄ երկրների հարաբերությունները։ Ավելին, ռուս-թուրքական մերձեցման պայմաններում լարվել են նաև հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Նախատեսվում է, որ արդեն 2019-ին Թուրքիան կստանա առաջին ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը։ Ու թեև հայտնի է, որ դրանք չեն կարող ինտեգրվել այդ երկրի օդային պաշտպանության համակարգին, Թուրքիան հայտարարել է, որ ռուսական համակարգերը նաև չեն վնասի եղած պաշտպանության համակարգին։ Թուրքիան սա հայտարարել է ի պատասխան ՆԱՏՕ-ի քննադատության, թե Ռուսաստանի հետ զենքի ձեռքբերման համաձայնագիրը կխանգարի, որ Թուրքիան դառնա դաշինքի հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի անդամ։ Թուրքիան նաև մեկնաբանել է ռուսական զենքի ձեռքբերման որոշումը՝ նշելով, որ Վաշինգտոնից աջակցության բացակայության պատճառով իրենք չեն կարողացել զենքի համարժեքը ձեռք բերել Դաշինքի անդամ երկրներից։

Թուրք-ռուսական հարաբերությունները, ի տարբերություն մյուս երկրների, ներկայում լավ ժամանակներ են ապրում։ Երկու երկրներն աշխատում են շրջանցել խնդրահարույց թեմաները՝ կենտրոնանալով ընդհանուր շահերի վրա։ Սակայն թե որքան կտևեն երկու երկրների բարեկամական հարաբերությունները` դժվար է ասել։ Համենայն դեպս, մասնագետները հիշեցնում են, որ Թուրքիան տնտեսական ու քաղաքական շահերով առավել կապված է Արևմուտքի հետ, և Ռուսաստանը, չնայած ջանքերին, չի կարող դառնալ լիակատար այլընտրանք Թուրքիայի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: