Հայերեն   English   Русский  

​Գիրք, որ նոր լույս է սփռում 1918-1919 թթ. հայ-վրացական հարաբերությունների և դիվանագիտության վրա


  
դիտումներ: 2760

Լույս է տեսել առաջին հանրապետության շրջանի քաղաքական և հասարակական գործիչ Մարտիրոս Հարությունյանի նամակների և զեկուցագրերի հիման վրա կազմված «Հայ-վրացական հարաբերությունները 1918-1919 թվականներին» գիրքը։

Ժողովածուն կազմել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։ Հրատարակված նամակներն ու զեկուցագրերն անտիպ են, առաջին անգամ են տպագրվում՝ լույս սփռելով 100-ամյա վաղեմության հայկական դիվանագիտության պատմության և հայ-վրացական հարաբերությունների վրա։

ԳԱԱ պատմության ինստիտուտը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին նախաձեռնել է այդ ժամանակաշրջանին վերաբերող անտիպ աշխատությունների հրատարակություն, որոնցից մեկն էլ այս գիրքն է։ Սուքիասյանը նշում է, որ գիրքը չափազանց կարևոր է հատկապես մեր պատմությունը կեղծող հարևաններին հակահարված տալու տեսանկյունից։

«Այդ շրջանի հայ-վրացական հարաբերություններն առաջին հանրապետության պատմության ամենաուսումնասիրված թեմաներից են։ Սակայն այստեղ հրատարակվող փաստաթղթերը ընդգրկված չեն այդ աշխատություններում»,- ասում է նա։

Սուքիասյանը պատմում է, որ դեռ 2008-ին Հայաստանի ազգային արխիվում է հայտնաբերել դաշնակցական հայտնի գործիչ Մարտիրոս Հարությունյանի մի ընդարձակ զեկույց, որում ներկայացված են եղել հայ-վրացական հարաբերությունների ընթացքը 1918 թ. դեկտեմբերից մինչև 1919 թ. ապրիլը։ Գրավոր զեկուցագիրը հայ-վրացական հաշտության խորհրդաժողովի հայկական պատվիրակության հաշվետվությունն է։ Իսկ Հարությունյանը հայկական պատվիրակության ղեկավարն էր։

Սուքիասյանը 2009 թ. տպագրում է գտնված փաստաթուղթը և շարունակում պրպտումները։ Հավաքում է շուրջ երեք տասնյակ փաստաթուղթ հայ-վրացական հարաբերությունների մասին՝ գրված Մարտիրոս Հարությունյանի ձեռամբ, որոնք թվագրվում են 1918 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 1919 թ. ապրիլի 16-ը։

Մարտիրոս Հարությունյան

Մարտիրոս Հարությունյանը ժամանակին կրթություն է ստացել Գևորգյան ճեմարանում, ապա Բեռլինի համալսարանում՝ ուսանելով տնտեսագիտություն։ Հայրենիք վերադառնալով՝ աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել է գերմաներեն, հայոց լեզու և գրականություն։ Երիտասարդ տարիներին անդամակցել է ՀՅԴ-ին, դարձել նրա ակտիվ անդամներից մեկը, եղել է Եվրոպայի հայ ուսանողների միության ներկայացուցիչը, մասնակցել է ՀՅԴ 1910-ական թվականների ընդհանուր ժողովներին։ Ունեցել է հավասարակշռված և զուսպ գործչի համբավ։

Երբ 1918 թ. դեկտեմբերի 13-ին սկսվում է վրաց-հայկական պատերազմը, Անդրկովկասում գտնվող Անտանտի երկրների ներկայացուցիչները փորձում են հաշտեցնել կողմերին։ Բրիտանական կողմն առաջարկում է 14 օրով հրադադար հաստատել բանակցելու համար։ Հայկական կողմն առաջարկն ընդունում է, Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր վրացիների հետ սահմանային վեճերը լուծել բանակցությունների, ոչ թե զենքի միջոցով։ Կառավարությունը դեկտեմբերի 19-ին խորհրդարանի պատգամավոր և ՀՅԴ խմբակցության փաստացի ղեկավար Մարտիրոս Հարությունյանի ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Ղարաքիլիսա՝ վրացական կողմի հետ բանակցելու համար։ Երբ հասնում են Ղարաքիլիսա, պարզվում է, որ Վրաստանի կառավարությունը պատվիրակություն չի ուղարկել։ Հարությունյանը, սակայն, չի վերադառնում, այլ սպասում է վրացիներին՝ հարցը խաղաղությամբ լուծելու հաստատակամությամբ։ Եվ ահա, այդ պահից սկսած, նա պարբերաբար նամակ-զեկուցագրեր է ուղարկում Երևան՝ կառավարությանը տեղյակ պահելով իրավիճակի, իր գործողությունների և ընթացող բանակցությունների արդյունքների մասին։

Հայ-վրացական հարաբերությունները 1918-1919 թվականներին

«Նա ոչ միայն խաղաղարար համաժողովի կամ պաշտոնական հանդիպումների մասին է գրում, այլև ոչ պաշտոնական, կուլիսային հանդիպումների, ինչը շատ կարևոր է, քանի որ բանակցությունների հիմնական մասը կուլիսային էր»,- ասում է Սուքիասյանը՝ հավելելով, որ այս փաստաթղթերը կարևոր սկզբնաղբյուր են, քանի որ գրվել են հենց դեպքերի ժամանակ, նախատեսված չեն եղել հրապարակման համար և քարոզչական բնույթ չունեն։

«1918-ի դեկտեմբերյան պատերազմից հետո Վրաստանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրեց իր գործունեությունը։ Անգամ զինադադարի ստորագրումից և հունվարյան կոնֆերանսից հետո վրացի գործիչները դեմ էին Թիֆլիսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչության վերաբացմանը։ Հարությունյանը և իր գործընկերները մեծ ծավալի աշխատանք կատարեցին այդ ուղղությամբ։ Արդյունքը եղավ դրական»,- ասում է Սուքիասյանը՝ ամփոփելով Մարտիրոս Հարությունյանի գործունեությունը։

Հարությունյանի վերջին նամակներից մեկում առկա տողը («Այսպիսով՝ բոլորովին թշնամական մթնոլորտում սկսված հայ-վրացական կոնֆերանսը վերջացավ խաղաղված տրամադրությամբ, որը հիմք է տալիս կարծելու, որ այսուհետև Հայաստանի և Վրաստանի միջև ծագած վեճերն այլևս կլուծվեն ոչ թե զենքի ուժով, այլ բանակցություններով») համարում է ուղերձ երկու հարևան ու բարեկամ երկրների ժողովուրդներին ու իշխանություններին։

Իսկ գիրքը, Սուքիասյանի կարծիքով, թեև ուղղված է պատմաբաններին, դիվանագետներին, մարդկանց, որոնք հետաքրքրված են հայոց պատմությամբ, ասելիք ունի բոլորին։ «Այստեղ տեսնում ենք, թե ինչպես դիվանագիտական կրթություն չունեցող գործիչը կարողանում է հետևողական աշխատանքի շնորհիվ արդյունքի հասնել։ Ներկայացվում է պետական գործչի օրինակ, որը պետության շահը վեր էր դասում անձնական շահից։ Մարտիրոս Հարությունյանը մարդ է, որն իր ողջ կյանքը ծառայեցրել է հայության խնդիրների լուծմանը։ Եվ նա արժանի է, որ իր գործունեության մասին սերունդներն իմանան»,- ասում է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: