Հայերեն   English   Русский  

​«Առանց ազգային մաշկույթի զենք կրողն էլ, երկիր պահողն էլ քիչ են լինելու»


  
դիտումներ: 2777

Հարսանիքի ժամանակ հանկարծ ընդհատվում է երգչի ռաբիս կատարումը և թամադան հայտարարում է, որ հարսանիքի մասնակիցներից երկու քույր նվեր ունեն նորապսակներին` ազգային պարի կատարում: Հարսանքավորների ուշադրությունը դահլիճի կենտրոն է ուղղվում, իսկ երկու քույրերը` 8-րդ և 10-րդ դասարանցիներ Լիլիթն ու Էմման, ազգային տարազները հագին, սկսում են համաչափ պարել հնչող երաժշտության տակ: Աղջիկների ծնողները հպարտ նայում են, մարդիկ էլ՝ հիացած ծափահարում:

Սա մի դրվագ է օրերս Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցած հարսանիքից, որին մասնակցել է նաև տողերիս հեղինակը: Իսկ Էմման և Լիլիթն ընդամենը երկուսն են «Ավետյաց» ազգագրական համույթի 130 սաներից, որոնք ազգային պարերով են համեմում Մարտունիում տեղի ունեցող գրեթե ամեն միջոցառում։

Ազգային պարերը վերջերս Մարտունիում բավականին պահանջված են դարձել. երիտասարդ սերունդը հավաքների ժամանակ անհայտ պարերի ու պարային շարժումների փոխարեն ավելի ու ավելի հաճախ է նախընտրում ազգայինը: Այս ամենի վաստակը նաև Մարտունիում գործող «Ավետյաց» ազգային պարերի խմբակինն է, որը երեք տարի առաջ հիմնել են Վայոց ձորի մարզից Մարտունի տեղափոխված Արթուր Սարգսյան և Արմինե Մովսիսյան ամուսինները:

Համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Սարգսյանը նշում է, որ բոլոր համայնքներում հիմնած խմբակներն «Ավետյաց» է կոչում, քանի որ ազգային մշակույթը մարդկանց պետք է մատուցել որպես բարի լուր՝ ավետիս։

Արթուրն իր բեմական կարիերան սկսել է 1983-ից Հայրիկ Մուրադյանի խմբում: Հանդես է եկել մի շարք անսամբլներում, ապա տարիներ շարունակ խմբակներ է ունեցել Վայոց ձորի շուրջ 18 համայնքներում։ Հինգ տարի առաջ Արթուրի ընկերներից մեկը, որ ղեկավարում է Մարտունու տարածաշրջանի դպրոցներից մեկը, նրան հրավիրում է այստեղ՝ աշխատելու։ Ժամանակավոր աշխատանքը, սակայն, շուտով հիմնական է դառնում։ Տեսնելով, որ Մարտունիում գործունեության մեծ դաշտ կա, ամուսիններով տեղափոխվում են այստեղ։

Պարուսույց Արմինեն պատմում է, որ խմբակի գործունեությունը սկսել են երեք տարի առաջ հինգ աշակերտով քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի սենյակներից մեկում։ «Սկզբում մարդիկ կասկածով էին վերաբերվում, օտար մարդիկ էինք, մեզ նման շատերն էին եկել ու գնացել։ Բայց աստիճանաբար մեր աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ, վստահությունն էլ սկսեց աճել»,- ասում է նա՝ հավելելով, որ երբ որոշակի տեսանելի արդյունք են ունենում, քաղաքապետը Մշակույթի պալատում տարածք է հատկացնում պարապմունքների համար։

Արմինեն նշում է, որ Մարտունիում գործունեությունը սկսելիս ինքը վստահ չէր, որ հաջողություն կունենան, մինչդեռ ամուսինը՝ Արթուրը, վստահ էր, իր գործունեության երկար ու ձիգ տարիների փորձով գիտեր, որ որակյալ առաջարկով հնարավոր է պահանջարկ ձևավորել։

Խմբի գործունեության երրորդ տարում այն արդեն ունի 5-17 տարեկան 130 սան, որոնք պարբերաբար տարբեր մրցույթ-փառատոների են մասնակցում։ Օրեր առաջ էլ 5 տարիքային խմբերով մասնակցել են կոնսերվատորիայի դահլիճում կայացած հանրապետական մրցույթ-փառատոնի և վերադարձել 5 մեդալով՝ 3 առաջին մրցանակ և 2 երկրորդ մրցանակ։

Արմինե Մովսիսյան

Արմինեն նշում է, որ Մարտունու «Ավետյաց» համույթի սաներին դեռևս միջազգային մրցույթների չեն տարել, և վստահություն է հայտնում, որ շուտով այդ բացն էլ կլրացնեն։ Վստահ է, որ այստեղի սաներն էլ միջազգային մրցույթներում հաջողություններ կունենան ճիշտ այնպես, ինչպես նախկինում իրենց վայոցձորցի սաներն են ունեցել։

Այժմ ամուսիններով քայլեր են ձեռնարկում, որ «Ավետյացը» դարձնեն ազգագրական երգի-պարի համույթ։ Արթուրը նշում է, որ հիմնական խոչընդոտը կենդանի երաժշտության բացակայությունն է. կատարողներ ու երաժշտական գործիքներ չունեն։ Իրենց ծրագրերը ներկայացրել են Մարտունու քաղաքապետին և հավատում են, որ հնարավորության դեպքում որոշակի աջակցություն կստանան։

Արթուրն ասում է, որ Վայոց ձորի 18 համայնքներում այժմ իր աշակերտներն են ազգագրական պարի խմբակներ ղեկավարում։ Հույս է հայտնում, որ 10 տարի հետո Մարտունիում էլ իր կարիքը չեն ունենա, և ինքը հնարավորություն կունենա նոր համայնքում գործունեություն ծավալել։ Իսկ առայժմ ամուսիններով անելիք դեռ շատ ունեն։ Նրա կարծիքով՝ քաղաքի շուրջ 1200 դպրոցահասակներից միայն 130 պարողները դեռ փոքր ցուցանիշ է՝ ազգային մշակույթն առավել լայն տարածում պետք է ունենա։

«Առանց ազգային մաշկույթի զենք կրողն էլ է քիչ լինելու, երկիր պահողն էլ։ Ազգային մշակույթն ամեն դռնից ներս պետք է մտնի, ամեն ոք դրա կրողը պետք է լինի»,- ասում է Արթուրը։

Արմինեն նշում է, որ սիրողական խմբերի կողմից ևս ազգագրական պարերի նկատմամբ մեծ պահանջարկ կա։ Եթե նախկինում վերջին զանգին պատրաստվող դպրոցականները պարուսույցի մոտ էին գալիս վալս կամ տանգո պարել սովորելու համար, ապա աստիճանաբար պահանջված են դառնում ազգային պարերը։ Նախորդ տարի, օրինակ, ավագ դպրոցականների ավարտական ներկայացումում գերակշռել են ազգային պարերը: Առաջիկա տարում միայն այդպիսիք կլինեն։

Ավետյաց  համույթ

«Պատկերացրեք՝ եկող սերունդն ամբողջությամբ տեղափոխվել է ազգային մշակույթի դաշտ, էլ որևէ երեխա չի մոտենում ու ասում, որ ուզում է վալս կամ տանգո պարել, մոտենում ու ասում են, որ ուզում են ազգային պարեր պարել։ Օրինակ՝ եկող տարի միայն ազգային պարեր են լինելու»,- ասում է Արմինեն։ Նա նաև նշում է, որ բազմաթիվ են նաև 20 տարեկանից բարձր մարդիկ, որոնք ուզում են պարի խմբակ հաճախել։ Այժմ փորձում են բոլորի համար հարմար օր և ժամ ընտրել պարապմունքների համար։

Իսկ Արթուրը հավելում է, որ երբեմն փողոցում իրեն տարեց մարդիկ են մոտենում ու խնդրում պարային մի քանի շարժում ցույց տալ, որ առաջիկայում իրենց երեխաների հարսանիքներին կարողանան պարել։ Իսկ վերջերս հարսանիքից առաջ մի քանի ընտանիքներ միավորվել են ու պարուսույցներին դիմել՝ հարսանիքի համար 5-6 ազգային պար սովորելու համար։ «Ազգային զարթոնք կա, պարզապես տարվող քաղաքականությունը ճիշտ չէ, քարոզչությունը բավարար չէ։ Մարդուն անընդհատ պետք է հիշեցնես, թե ով է ինքը, որն է իրենը, իր ազգայինը»,- ասում է Արթուրը։

Ամուսինները վստահ են՝ իրենք թե՛ Մարտունիում, թե՛ ազգային մշակույթի տարածման ոլորտում ընդհանրապես դեռ շատ անելիք ունեն։ «Մենք շուրջ 2000 պարանմուշ ունենք, այսօր շրջանառության մեջ են միայն 30-40-ը։ Պատկերացրեք՝ ինչ հզոր մշակութային շերտ ունենք և ինչ մեծ անելիք կա»,- ասում է Արթուրը՝ հավելելով, որ մշակույթն ապրում է, քանի դեռ այն մարդկանց մեջ է։

Ամուսինների միակ դժգոհությունը ոլորտի մարտունեցի մասնագետների բացասական վերաբերմունքն է: Ասում են, որ իրենց յուրաքանչյուր ձեռնարկում խոսակցությունների ու քննադատության տեղիք է տալիս միայն այն պատճառաբանությամբ, որ իրենք տեղացիներ չեն։ Մի քանիսի բացասական վերաբերմունքը, սակայն, նրանց չի վհատեցնում. իրենց աշխատանքը գնահատողներն ավելի շատ են։

Լուսանկարները՝ Արտակ Կարապետյանի






Մեկնաբանություններ - 1

Առաքելովա     05.12.2017 Ես աշխատել եմ Մարտունիում:Մարտունեցին միշտ էլ հյուրընկալ է եղել:Պետք չէ գրությունը ավարտել վատ նոտայով և վարկաբեկել ամեն ինչ:Տեղացի և ոչ տեղացի սա ի՞նչ հետամնացություն է:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: