Հայերեն   English   Русский  

​Ֆինանսավորման կրճատման հետևանքով կկորցնենք այն երիտասարդներին, որոնք գիտության շարժիչ ուժն են. Արսեն Առաքելյան


  
դիտումներ: 7462

Կառավարության՝ գիտության կիրառական ուղղություններին զարկ տալու հայտարարությանն արձագանքելով՝ Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) կառավարությանն է ներկայացրել ինովացիոն առաջարկների փաթեթ։ Գրքույկում ներկայացված երեք առաջարկների հեղինակը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն է։ Այդ առաջարկների, Հայաստանում գիտության ներկայի ու ապագա հեռանկարների մասին «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանի հետ։

- Պարոն Առաքելյան, կառավարությանն առևտրայնացման պոտենցիալ ունեցող երեք առաջարկ եք ներկայացրել՝ հակադաբաղային պատրաստուկ, գերհոգնածության ախտորոշիչ էքսպրես թեստ և վերքերի բուժման պատրաստուկ։ Ի՞նչ է առաջարկներից յուրաքանչյուրը և ի՞նչ կիրառական նշանակություն ունի։

- Հակադաբաղային պատրաստուկի առաջարկը մեզ մոտ վաղուց է մշակված։ Դա պատվաստանյութ չէ։ Մեր պատրաստուկը հնարավորություն է տալիս խթանելու կենդանիների իմունային համակարգի պատասխանը, որը մինչև պատվաստանյութի ազդեցության ի հայտ գալը կենդանուն կպաշտպանի վարակումից։ Կարող է կիրառվել պատվաստանյութի հետ միաժամանակ կամ այդ հիվանդության բռնկումների ժամանակ, մինչև կենդանին կպատվաստվի։ Մեր փորձերը ցույց են տալիս, որ պատրաստուկը բավականին արդյունավետ է։

Գերհոգնածության թեստը ևս հետաքրքիր առաջարկ է։ Նպատակն է, որ մարդը դաշտային պայմաններում կարողանա գնահատել իր ֆիզիկական ծանրաբեռնվածության և գերհոգնածության աստիճանը։ Դա կարելի է անել նաև բժշկի մոտ մի շարք ստուգումներ անցնելուց հետո։ Բայց դա տևական և սթրեսային գործընթաց է։ Իսկ մեր առաջարկած մեթոդը թքի մեջ կենսամոլեկուլների խտության փոփոխության վրա է հիմնված և թույլ է տալիս դա իրականացնել տեղում։ Ճշգրտությունը բավականին բարձր է։

Այդ թեստը սկսել ենք մշակել դեռևս 2012-ից։ Հենց այն ժամանակ փոքր հետազոտություն կատարեցինք մարզիկների՝ ըմբիշների և աթլետների մասնակցությամբ։ Մեր թեստերի հետ միաժամանակ ստանդարտ կլինիկական թեստեր արեցինք և համոզվեցինք, որ արդյունքները ճշգրիտ են։

Երրորդն առաջինի շարունակությունն է: Նույն ակտիվ նյութը, որ առկա է հակադաբաղային պատրաստուկի մեջ, քսուկի տեսքով փորձարկեցինք կենդանիների վրա, պարզվեց, որ այն բավականին արագ նպաստում է վերքերի լավացմանը։


- Իսկ այդ առաջարկները թեկուզ ներքին շուկայում ներկայացվա՞ծ են։

- Հակադաբաղային պատրաստուկն անցել է լայնածավալ հետազոտություններ և փորձարկումներ, արդյունքները ներկայացրել ենք գյուղատնտեսության նախարարություն, որը մեզ դա արտադրելու համար լիցենզիա է տրամադրել։ Այժմ նախնական ներդրումներ են անհրաժեշտ արտադրություն սկսելու համար։

Գերհոգնածության թեստը փոքր քանակությամբ պատրաստեցինք մեր փորձարկումների համար, բայց չշարունակեցինք, որովհետև խնդիրներ կային լաբորատոր նախատիպից արտադրական նախատիպին անցնելու հարցում, դրա համար դրամաշնորհների դիմեցինք, չստացանք և այդ գործընթացը ժամանակավոր դադարեց։ Սակայն հիմա մի կազմակերպություն հետաքրքրված է, նորից վերսկսում ենք գործընթացը լայնածավալ արտադրության նպատակով։

- Կառավարությունից ինչպե՞ս են արձագանքել առաջարկներին, տեղյա՞կ եք, քայլեր ձեռնարկվո՞ւմ են ներդրողներ ներգրավելու ուղղությամբ

- Լավ հարց է։ Արդեն քանի տարի է՝ նկատում եմ, որ կապը կառավարության հետ միակողմանի է։ Մենք ժամանակ առ ժամանակ առաջարկներ, փաթեթներ ենք ներկայացնում կառավարություն, բայց հետադարձ կապ չկա։ Մենք անգամ չգիտենք՝ հավանության արժանանո՞ւմ են, թե՞ ոչ, նպատակահարմար համարո՞ւմ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, թե՞ ոչ։ Այդ մոտեցումը պետք է փոխվի։ Հակառակ դեպքում մեր արածն աննպատակ կորչում է։

- Մոտիվացիա՞ն էլ է կորչում։

- Մոտիվացիան, իհարկե, չի կորչում։ Ներկայումս մի քանի հետաքրքիր հետազոտություններ ենք անում կիրառական նշանակությամբ։ Օրինակ՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի միջոցների, ինչպես նաև հայկական պոպուլյացիային բնորոշ կրծքագեղձի քաղցկեղի մուտացիաների իդենտիֆիկացիայի ուղղությամբ։

- Փաստորեն, հետազոտությունների թեմաներ ընտրելիս հաշվի եք առնում արդիական խնդիրները մեր երկրում։ Դա որևէ կերպ նպաստո՞ւմ է արդյունքների առևտրայնացմանը։

- Երբ հետազոտական խնդիրներ ենք առաջ քաշում, դրանք ավելի ֆունդամենտալ բնույթ ունեն, բայց հաշվի ենք առնում նաև դրանց արդյունքի կիրառման հնարավորությունը Հայաստանում։ Իսկ առևտրայնացման առումով, միևնույն է, խնդիրներ առաջանում են։ Առևտրայնացման համար անհրաժեշտ է երկու կողմ։ Հայաստանում պետք է լինի զարգացած տնտեսություն, ընկերություններ, որոնք հետաքրքրված լինեն կիրառական արդյունքների առևտրայնացմամբ ու ներդրմամբ, որպեսզի այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ կարողանանք ունենալ։

Ինստիտուտը բավական հետաքրքիր վիճակում է, իրավակազմակերպական առումով ՊՈԱԿ է, իսկ համաձայն «ՊՈԱԿ-ի մասին» օրենքի՝ ինստիտուտը չի կարող որևէ բիզնես կազմակերպության հիմնադիր լինել կամ նման կազմակերպությունում մասնաբաժին ունենալ։ Դա խնդիր է։ Այսինքն՝ եթե մի բան ունենք, որն ուզում ենք առևտրայնացնել, ինքներս դա անել չեն կարող, միակ տարբերակը արտադրություն հիմնելն է։ Բայց պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե մեր բոլոր գաղափարների հիման վրա արտադրություն հիմնենք։

Եթե անգամ գնանք արտադրության ուղղությամբ, մեր գործունեությունն այդտեղ սահմանափակվում է «Գնումների մասին» օրենքով։ Այն մեզ պարտադրում է, որ բոլոր գնումները կատարենք տենդերային համակարգով, որի պարագայում անհրաժեշտ նյութերը ձեռք բերելը կես տարի է տևում։ Այսինքն՝ կորցնում ենք մեր մրցակցային առավելությունը։

Այս երկու խնդիրների հետ միաժամանակ խնդիր է դրված, որ ինստիտուտը գեներացնի կիրառական արդյունքներ, որոնք կառևտրայնացնի ու դրանց դիմաց եկամուտներ կստանա։

- Պարոն Առաքելյան, ի՞նչ է պետք առևտրայնացման ամբողջական շրջափուլի համար, մեզ ի՞նչ է պակասում։

- Եթե վերցնենք գիտելիքահենք արտադրանքի առևտրայնացման համակարգը՝ ամեն ինչ այսպես է սկսվում: Ինստիտուտում առաջանում է առևտրայնացման պոտենցիալ ունեցող միտք։ Այդ պահից ինստիտուտի առաքելությունն ավարտվում է։ Պետք է լինեն վենչուրային ֆոնդեր, որոնք ռիսկային ներդրումներ կանեն, ինստիտուտի շուրջ ստարտափեր կձևավորվեն։ Ներդրումը ստանալուց հետո ընկերությանը պետք են ինժեներներ, որովհետև մի բան է լաբորատոր նախատիպը, մեկ այլ բան է արտադրականը։ Մենք այդ խնդիրն ունեցանք գերհոգնածության թեստի դեպքում: Արտադրական նախատիպ ստանալ չկարողացանք, քանի որ նորմալ կենսատեխնոլոգ ինժեներ չկարողացանք գտնել։ Այսինքն՝ ինժեներական օղակն էլ է անհրաժեշտ, որը չկա։ Արդեն երրորդ փուլում ընկերությունը, եթե այս բոլոր հարցերը կարողանում է լուծել, դիմում է ավելի մեծ ֆինանսավորման, որը տրամադրում են մեծ ներդրումային հիմնադրամները: Մենք դա էլ չունենք։

- Ստացվում է, որ առևտրայնացման շրջափուլի բաղադրիչների մեծ մասը չունենք, սակայն ուզում ենք կիրառական գիտությունը զարգացնել։ Ինչպե՞ս է դա հնարավոր։

- Որպեսզի դա հնարավոր լինի, պետք է այդ օղակները ստեղծենք, իսկ դրա համար պետք է լինի պահանջարկ բիզնեսի կողմից, բիզնեսը պետք է ունակ լինի ընկալելու առաջարկները, որոնք ստեղծվում են գիտաշխատողների կողմից։ Մենք կարող ենք խոսել քաղցկեղի թեստի մասին, բայց եթե ոչ մի դեղագործական կամ դիագնոստիկ թեստ պատրաստող ընկերություն հետաքրքրված չէ կամ չի կարող այդ տեխնոլոգիան պատրաստել, ապա այդ ամենն անիմաստ է դառնում։

- Իսկ ինքներդ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում առևտրայնացման ուղղությամբ։

- Կան մի քանի հետաքրքիր հարթակներ, որոնք հենց ուղղված են տեխնոլոգիաների առևտրայնացմանը, մեկն էլ Ռիգայում «Առևտրայնացման ռեակտոր» կոչվող հարթակն է, որը ստեղծվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հովանավորությամբ: Դրա նպատակն է եվրոպական գործարարներին ու գիտնականներին միավորել ընդհանուր թիմերում։ Մենք մեր պրոդուկտները ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք այնտեղ։ Հիմա, օրինակ, մի քանի առաջարկներ այնտեղ ընթացքի մեջ են։

Պետք է հաշվի առնել, որ հայկական շուկան բավական փոքր է, և տեխնոլոգիաները, որոնք ուղղված են միայն հայկական շուկային, չեն կարող գոյատևել կամ ամենօրյա սպառման պետք է լինեն։ Բայց եթե խոսում ենք բարդ տեխնոլոգիաների մասին՝ լինի կլինիկական դիագնոստիկա թե դեղանյութ, ապա շուկան միաշնանակ դրսում է։

Իհարկե, դրսի շուկայի ուղղությամբ աշխատելն իր դժվարություններն ունի, բայց նաև հնարավորություններն են շատ։ Եթե Հայաստանում վենչուրային ֆոնդեր չկան, ապա դրսում դրանք շատ են։ Հենց այդ պատճառով մեր գերհոգնածության թեստի արտադրությունը և վաճառքը փորձում ենք կազմակերպել դրսում։

- Ուրեմն գիտություն-տնտեսություն կապի ներկայիս մակարդակի և առկա նյութատեխնիկական բազայի պայմաններում կիրառական գիտության զարգացման ի՞նչ հնարավորություններ ունենք։

- Ֆունդամենտալ գիտությունը հետաքրքրված է հարցերով, որոնց պատասխանները միանգամից կիրառական բնույթ չեն ստանում։ Բայց միաժամանակ դրա հետ շատ հարցեր են պարզաբանվում, որոնք ունեն ուղիղ կիրառական բնույթ։ Այս պարագայում գիտնականն իր միտքը պետք է ներկայացնի և համոզի ներդրողներին, որ այն պետք է։

Մյուս տարբերակում հակառակ մոդելն է, երբ շուկան է ասում, թե ինչ է իրեն պետք։ Երբ շուկան է դիմում գիտությանը, այստեղ ունենք բավականին մեծ պոտենցիալ։ Նույն կառավարությունը կարող է բազմաթիվ պատվերներ տալ գիտական կազմակերպություններին իր տարբեր խնդիրների լուծման համար, ինչը մենք տեսնում ենք ռազմարդյունաբերության մեջ։

Բայց այդ պատվերները գալիս են միայն ռազմարդյունաբերության ոլորտից, դեռևս թե՛ առողջապահության, թե՛ գյուղատնտեսության նախարարություններից որևէ պատվեր, առաջարկ չենք ստացել։ Երբ այդ կապը վերականգնվի, երբ մարդիկ տեսնեն, որ պետությունը վստահում է գիտությանը և գիտնականներին, իրենք էլ կսկսեն գալ։

Իսկ թե ինչու պատվերներ չկան՝ իրենց է պետք հարցնել։ Հայաստանում գիտությունը բավական զարգացած է, մեր գիտական արտադրանքը տարածաշրջանում երրորդն է Իսրայելից և Ռուսաստանից հետո։ Չեմ կարող ասել, թե ինչու են մեզ դիմում Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանից, խնդրում համագործակցել ու իրենց պրոյեկտի մաս կազմել, իսկ կառավարությունը մեզ չի դիմում։

- Ձեր ասածից բխում է, որ հիմնարար և կիրառական ուղղությունները զուգահեռաբար պետք է զարգանան։ Սակայն մեզ մոտ առավել գերակշռում է «կա՛մ, կա՛մ» մոտեցումը՝ հավանաբար պայմանավորված սուղ ֆինանսավորմամբ։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարելի է հիմնարար և կիրառական ուղղությունները միասին զարգացնել։

- Պատկերացրեք, որ ուզում եք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցել։ Բնականաբար թիմ եք հավաքում, տևական ժամանակ մարզում։ Փողոցից պատահական մարդկանց չեք կարող հավաքել ու ասել՝ այսօր ֆուտբոլ եք խաղալու։ Նույնն էլ հիմնարար գիտությունն է։ Պետք է կարողանաք մարզել գիտնական, որ երբ ձեզ պետք լինի կիրառական նշանակության խնդիր լուծել, նման մասնագետ ունենաք։ Այդքանով հիմնարար գիտության կարևորության հարցը փակվում է։

Կիրառականն ու հիմնարարը պետք է բաժանվեն։ Կիրառական գիտության ոլորտում պետք է լինեն հստակ պատվերներ, այս պահին՝ կառավարությունից, որովհետև քանի դեռ կառավարությունը ցույց չի տա, որ վստահում է իր գիտնականներին, որևէ բիզնես կառույց չի գա ու չի վստահի նրանց։ Իսկ հիմնարար գիտությունը պետք է ֆինանսավորվի այն մեխանիզմներով, որ այս պահին ունենք։

Շատ կուզենայի, որ ֆինանսավորման տոկոսը շատ ավելին լիներ, բայց հասկանում եմ, որ դա հեշտ չէ։ Այլ բան է, որ չի կարելի կրճատել գիտության ֆինանսավորումը։

- Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկայում դրամաշնորհային ծրագրերում առաջնահերթությունը տալու է կիրառական նշանակության նախագծերին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ որոշումը, բավարա՞ր է կիրառական ուղղության զարգացման համար։

- Որպեսզի կիրառական գիտությունը զարգանա՝ պետք է լինի էկոհամակարգ, որը պրակտիկորեն չունենք։ Ես կարող եմ ունենալ շատ լավ կիրառական գաղափար, որը չի առևտրայնացվի Հայաստանում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու է հանրապետությունը գումար տալիս ինչ-որ մի առաջարկի, որը հետո գնալու է Եվրոպա կամ ԱՄՆ։ Չի կարելի ասել՝ առավելություն ենք տալու կիրառականին, առանց որոշելու այն ոլորտները, որտեղ այդ կիրառական արդյունքները գտնելու են իրենց տեղը։ Քանի դեռ դա չկա, խոսել կիրառական ծրագրերի մասին կամ ուղղել գիտությունը դեպի կիրառական ոլորտ, դժվար է։

- Դուք ասացիք, որ չի կարելի ֆինանսավորումը կրճատել, բայց եկող տարի շուրջ 7 տոկոսով նվազելու է գիտության ֆինանսավորումը։ Ձեր կարծիքով՝ դա ինչպե՞ս կանդրադառնա գիտության վրա։

- Շատ վատ կանդրադառնա։ Հնարավոր չէ այնպես անել, որ կրճատումը չզգացվի։ Ենթակառուցվածքի պահպանման ծախսերը կրճատել հնարավոր չէ, մարդիկ պետք է պայմաններ ունենան աշխատելու համար։ Մնում է կրճատել մարդկանց։ Վստահ եմ, որ մեծ մասամբ կկրճատվեն երիտասարդները, որոնք կես դրույքով են աշխատում։ Ու մենք կկորցնենք այն երիտասարդներին, որոնք գիտության շարժիչ ուժն են։ ԿԳՆ-ն, ԳՊԿ-ն այսքան տարի ջանքեր են գործադրում երիտասարդների թիվը գիտությունում ավելացնելու համար, այդ յոթ տոկոս կրճատումը միանգամից կհանգեցնի մարդկանց կրճատման։ Դրանից ավելի վատ բան պատկերացնել հնարավոր չէ։

- Պարոն Առաքելյան, իսկ գիտության ապագան Հայաստանում ինչպիսի՞ն եք տեսնում։

- Լավ: Ասեմ ինչու։ Հայաստանում կարելի է անել բարձր մակարդակի գիտական հետազոտություն, այստեղ կարելի է, գիտությամբ զբաղվելով, ունենալ աշխատավարձ նորմալ ապրելու համար, պարզապես այստեղ այդ ամենը պահանջում է ավելի շատ ջանքեր, քան արտասահմանում։ Եթե մարդն իսկապես նվիրված է իր գործին՝ դա կարող է անել։ Ասել, որ այստեղ ոչ մի բան հնարավոր չէ, սխալ է։ Այստեղ շատ բան է հնարավոր, պարզապես պետք է ընտրել ճիշտ գիտական ուղղությունը և լինել շատ աշխատասեր։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: