Հայերեն   English   Русский  

Եվրամիության հետ համաձայնագիրը կարող է տալ ամեն ինչ և ոչինչ. դա կախված է մեզնից. Հովհաննես Իգիթյան


  
դիտումներ: 4005

Ի՞նչ կտա մեր երկրին Հայաստանի ու Եվրամիության ստորագրած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը,

ի՞նչ առավելություններ, թերություններ ու ռիսկեր ունի: Այս հարցերի շուրջ «Անկախը» զրուցել է Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանի հետ:

- Ի՞նչ է տալիս այդ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին, պարո՛ն Իգիթյան, ի՞նչ ենք ստանում դրանով:

- Այնքան ճկուն է այդ համաձայնագրում ամեն ինչ գրված, որ կարող է մեզ տալ և՛ ամեն ինչ, և՛ ոչինչ: Այսինքն՝ կարող է ոչինչ չփոխել, ինչպես որ բացասաբար, անհեթեթ մեղադրանքներով հնչում է ռուսական քարոզչական լրատվամիջոցներով, և՛ կարող է Հայաստանին դարձնել Սինգապուր: Այն սկզբունքը, որ նշված է համաձայնագրում՝ «ավելին՝ ավելիի դիմաց», կարևոր է: Այսինքն՝ եթե դիտարկենք ցանկացած ոլորտ, որը Հայաստանի իշխանությունները ցանկանան դարձնել այնպես զարգացած, ինչպես, օրինակ՝ Լյուքսեմբուրգում, Գերմանիայում է, էլ չասեմ՝ Բալթյան երկրներում, դա հնարավոր է: Օրինակ՝ դիտարկենք կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառը: Ի վերջո, պարզ է, որ հնարավոր չէ կոռուպցիան վերացնել: Բայց այն մակարդակը, որ ունեն այդ երկրները, շատ հեռու է մեր իրականությունից: Եվ դրան հնարավոր է հասնել: Ընդ որում, հիմնականում կարելի է ասել այսպես. Հայաստանը պարտավորվում է իրականացնել մեր Սահմանադրությամբ և օրենսդրական դաշտում ստանձնած պարտավորությունները, իսկ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում մեզ այդ հարցում աջակցել, այդ թվում նաև ֆինանսապես:

- Ուրեմն մեզնի՞ց է կախված, թե ինչ կստանանք:

- Իհարկե, մեզնից է կախված: Վերցնենք թեկուզ առևտուրն ու դիտարկենք GSP+ համակարգը: Այդ համակարգով մեր ավելի քան 6000 տեսակ ապրանք դեպի Եվրոպա արտահանելու դեպքում մաքսատուրքերից ազատված ենք: Հայաստանն օգտագործում է դա մոտ 1-2 տոկոսով: Մենք այդքան ենք որոշել կամ այդքան կարող ենք մարսել այդ համակարգը: Եթե ուզենանք ամբողջությամբ իրականացնել՝ դա շատ ավելի մեծ զարգացում կբերի, քան այն շրջանառությունը, որ ունենք ԵԱՏՄ անդամ երկրների կամ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների դեպքում:

- Պարո՛ն Իգիթյան, չէ՞ որ GSP+ համակարգը վաղուց էր գործում, անկախ այս համաձայնագրից:

- Այո՛, իհարկե, ես սա նշեցի օրինակի համար, և ուզում եմ ասել, որ այդ համակարգը կարելի է օգտագործել լիարժեք, բայց չենք օգտագործում ու արդյունք չենք ստանում: Նույնն էլ Հայաստան-ԵՄ համաձայնագրի դեպքում է: Ի՞նչն է մեզ խանգարում, որ չենք կարողանում GSP+ համակարգն ամբողջությամբ օգտագործել: Որովհետև մեր ապրանքների մակարդակը և ծավալը չի համապատասխանում այդ հնարավորություններին: Սա է հարցը:

- Նկատի ունեք, որ այս համաձայնագիրը տալիս է թե՛ տեխնոլոգիան, թե՛ իրենց անցած ուղու փորձը և թե՛ դրանց համար կիրառական գործիքներ ու ռեսուրսնե՞ր:

- Եվրամիությունն ասում է՝ եթե դուք ընդունում եք այն սկզբունքները, այն մոդելը, որը մեզ համար ընդունելի է (իսկ մենք շատ ենք հայտարարել, որ եվրոպական արժեքների կրող ենք), կարող եք օգտագործել ժողովրդավարության իմ 200 տարվա փորձը, կարող եք ներդնել դրանք ու զարգանալ, ես դա պատրաստ եմ փոխանցել, իսկ եթե այդ ճանապարհին անհրաժեշտ բարեփոխումներ անելու համար ֆինանսական աջակցության կարիք կունենաք՝ պատրաստ ենք նաև այդ կերպ աջակցել:

- Քաղաքական առումով ի՞նչ է տալիս այս համաձայնագիրը Հայաստանին:

- Եթե Հայաստանը որդեգրի այն քաղաքական գիծը, ինչ նշված է համաձայնագրում, մենք կլինենք Լյուքսեմբուրգի նման երկիր: Այսինքն՝ համաձայնագիրը ենթադրում է, որ պետք է զարգանա քաղաքացիական հասարակությունը, պետք է իշխանություն ձևավորելու հնարավորություն ունենա, ժողովրդավարական ամբողջ համակարգը պետք է գործի... Որովհետև հնարավոր չէ լիարժեք ազատ շուկայական հարաբերություններ, բաց հասարակություն, մրցակցային տնտեսություն ունենալ առանց այդ բոլոր հիմնական իրավունքների իրացման:

- Բացասական կողմեր, ռիսկեր ունի՞ այդ համաձայնագիրը:

- Ռիսկերից մեկն այն է, որ եթե Հայաստանը գործնականում ձեռնամուխ չլինի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելուն, ապա հերթական անգամ կստացվի, որ մենք իմիտացիոն քաղաքականություն ենք տանում՝ ասում ենք մի բան, որը չի իրականացվում: Իսկ դա կհանգեցնի նրան, որ քաղաքակիրթ աշխարհում Հայաստանն իր համբավը լրջորեն կվնասի:

- Երրորդ կողմերի հետ հարաբերություններում ի՞նչ նոր պայմաններ է բերում այս համաձայնագիրը, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Արդյոք այդ ուղղությամբ անհարմարություններ ու հակասություններ չի՞ առաջացնի:

- Եթե քաղաքական գործիչներն այդ հարցը չուռճացնեին՝ այդ առումով որևէ խնդիր չէր լինի: Օրինակ՝ այս համաձայնագիրը որևէ սահմանափակում չի նախատեսում այլ երկրների կամ կողմերի հետ հարաբերություններում: Ավելին՝ որոշ դեպքերում ԵՄ-ն է իր որոշ շահերը զոհաբերում՝ հանուն Հայաստանի հետ խորը գործընկերության: Սա կարող ենք ասել նույն՝ հայկական ապրանքներն առանց մաքսատուրքերի Եվրոպա ներմուծելու օրինակով: Այսինքն՝ Հայաստանը կարողանում է իր ապրանքներն առանց մաքսատուրքերի տանել Եվրոպա, իսկ եվրոպացի գործարարներն այստեղ ապրանքներ ներմուծելիս պետք է մեր ամբողջ մաքսային վճարները կատարեն: Ավելին՝ Ռուսաստանից կամ Ղրղըզստանից եկած ապրանքները ևս առանց մաքսատուրքերի են հասնում Հայաստան: Սա անհավասար ու անհամաչափ մոտեցում է: Անգամ այս պայմաններում Եվրամիությունը համաձայն է մեզ հետ համագործակցել, մեզ համար ստեղծել նոր հնարավորություններ, տալ արտոնություններ:

- Դուք նշեցիք, որ ամեն ինչ կախված է մեզնից: Ձեր կարծիքով՝ հայկական կողմի տրամադրվածությունը ո՞րն է, ո՞ր ճանապարհը կընտրենք:

- Տրամադրվածությունը նաև թիմից է կախված: Այն թիմը, որ Հայաստանում գործում է, այսպես ասած եվրասիական թիմն է, որը մշտապես հայտարարում է, թե ԵԱՏՄ-ին այլընտրանք չկա, չի դիտարկում այն իրական այլընտրանքը, որ բացում է Եվրամիությունը: Իմ կարծիքով, եթե հայտարարում են, որ այլընտրանք չունենք, նշանակում է քաղաքական թիմը՝ իշխող էլիտան, չի էլ փորձում գտնել այլընտրանք: Փաստորեն այն թիմը, որը եկել է հիմնականում «Գազպրոմից», իր ներքին արժեքներով, ներքին համոզմունքներվ ուղղված է ոչ թե դեպի ԵԱՏՄ-ն, այլ ավելի շատ դեպի Ռուսաստանը: Եվ Ռուսաստանի շահերին ծառայելը համարում է ռազմավարություն՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: