Հայերեն   English   Русский  

​Եթե ինքդ չհավատաս քո գործին, ուրիշ ոչ ոք չի հավատա. ձեռներեց օրիորդը սեփական փորձով գիտի դա


  
դիտումներ: 4401

Միշտ էլ հաճելի է հանդիպել երիտասարդ գործարարների, մանավանդ եթե նրանք իրենց առջև մեծ նպատակներ են դնում, երազում են ավելին, ձգտում են ավելիին:

Ու հատկապես հաճելի է, երբ այդ երիտասարդները ոչ միայն երազում են, այլև որոշակի քայլեր են անում իրենց երազանքներն ու նպատակներն իրականացնելու ուղղությամբ, ընդ որում, այդ քայլերն անում են մտածված, կամաց-կամաց:

Վերջերս ահա հանդիպեցինք երիտասարդ ձեռներեց Մերի Եղիազարյանի հետ, որ հիմնադրել է «Էկոթրևլ» տուրիստական գործակալությունը ու ոչ միայն երազում, այլև փորձում է այնպես աշխատել, որ իր ընկերությունը գոնե հայկական տուրիստական շուկայում զբաղեցնի առաջատար դիրքեր:

Այս ընկերությունը, ինչպես որ անունն է հուշում, իր գործունեության շեշտը դրել է էկոլոգիական, արկածային, ագրո տուրերի վրա, թեև առաջարկում է նաև «դասական» պատմամշակութային, գաստրո, բուժական տուրփաթեթներ ևս:

«Էկոթրևլը» երկարամյա պատմություն չունի, ընդամենը այս տարվանից է սկսել ակտիվ աշխատել: Ոչ էլ տուրիստական շուկայի ինչ-որ ահռելի սեգմենտի է տիրապետում: Բայց շատ ուշագրավ է, որ հիմնադիրը, լինելով մասնագիտությամբ իրավաբան ու ընդհանրապես կապ չունենալով տուրիզմի ոլորտի հետ, կարողացել է սկսել մի գործ, որը, դեռ մի տարին չլրացած, արդեն վերադարձրել է ներդրումների մի զգալի մասը:

«Տուրիզմի ոլորտն ինձ շատ հետաքրքրեց, թեև մասնագիտությամբ իրավաբան եմ: Մտածեցի, որ սա շատ հետաքրքիր ոլորտ է, ինձ հոգեհարազատ: Սկսեցի խորությամբ ուսումնասիրել, թե ինչ է իրենից ներկայացնում տուրիզմը որպես բիզնես, ինչպես կամ ինչից կարելի է սկսել: Ուսումնասիրեցի այս ոլորտի առանձնահատկությունները, նրբությունները՝ ընթացքում էլ փորձելով ստացածս գիտելիքները գործնականում կիրառել: Փաստորեն ուսումնասիրելու և կազմակերպչական աշխատանքները զուգահեռաբար եղան: Մինչև հիմա էլ ուսումնասիրում եմ, անընդհատ նոր բաներ իմանում, փորձարկում ու կարծում եմ, որ ամբողջ կյանքում էլ, եթե զբաղվեմ այս ոլորտով, էլի շատ ու շատ բաներ կարելի է սովորել, անընդհատ սովորել»,- «Անկախի» հետ զրույցում նշեց «Էկոթրևլի» հիմնադիր Մերի Եղիազարյանը:

Նա պատմեց, որ տուրիստական բիզնեսով զբաղվելու միտքը ծագել է ոչ թե պատահական, այլ գիտակցված, երբ որոշել է, որ անպայման պետք է սեփական բիզնեսով զբաղվի: Այդ ժամանակ տարբեր գաղափարներ են եղել, տարբեր նախագծերի շուրջ է մտմտացել, ուսումնասիրել դաշտը, բայց հասկացել է, որ Հայաստանում զարգացման լավ նախադրյալներ ու հեռանկարներ ունի հենց տուրիզմի ոլորտը: Ընդ որում, սա մի ոլորտ է, որտեղ ինչ-որ բան սկսելու համար աստղաբաշխական ներդրումներ չէին պահանջվի: Ու մի քիչ գումարով, որը հիմնականում ծախսվեց տարածքի վարձակալության, կայքի, այցեքարտերի, տեղեկատվական նյութերի պատրաստման, տեխնիկական այլ խնդիրներ լուծելու վրա, սկսեց գործել որպես տուրիստական գործակալություն: Ու թեև սկսնակ է այս ոլորտում, արդեն բանակցություններ է վարում արտասահմանյան գործընկերների հետ՝ եկող տարվանից նաև նրանց հետ համագործակցելու հեռանկարով: Իսկ այս տարի իրենց փաթեթներից օգտվել են հիմնականում տեղացի զբոսաշրջիկները, թեև արտասահմանցի հաճախորդներ ևս ունեցել են: Կամաց-կամաց, վստահ է Մերի Եղիազարյանը, դրսից էլ կկարողանան ավելի շատ զբոսաշրջիկներ բերել Հայաստան: Ամեն դեպքում, ըստ նրա, կարճ ժամանակում արդեն իսկ կարողացել են ներդրումների մեծ մասը վերադարձնել: Իսկ եթե որևէ բիզնեսում կարողանում ես կարճ ժամանակում վերադարձնել ներդրումներդ, դա արդեն լուրջ արդյունք ու ցուցանիշ է:

«Մի քիչ ժամանակ է պետք, որ մենք էլ հեղինակություն, անուն ձեռք բերենք, արժանանանք դրսի գործընկերների լիարժեք վստահությանն ու նրանք կսկսեն ավելի լայն համագործակցել մեզ հետ: Տուրիզմն ամենանուրբ ոլորտներից է, մարդկանց հետ գործ ունես,պետք է քեզ վստահեն, որպեսզի համագործակցեն քեզ հետ: Եվ մենք փորձում ենք այդ վստահությունը ձեռք բերել, ապացուցել, որ մենք այն ընկերությունն ենք, որը կարող է այստեղ ապահով ու անվտանգ տուրեր կազմակերպել»,- նշեց Մերի Եղիազարյանը:

Կարճ ժամանակում աշխատանքները հունի մեջ գցելու և որոշ հաջողության հասնելու համար ամենակարևոր հանգամանքը, ինչպես նշում է մեր զրուցակիցը, թիմն էր: Նորաստեղծ ընկերությունում աշխատում էին 4 համախոհներ, որոնցից ոչ մեկը մյուսին չէր խանգարում, բոլորը նայում էին նույն ուղղությամբ ու հնարավորինս փոխլրացնում իրար: Հենց դրա շնորհիվ հնարավոր դարձավ սկսել ու շարունակել գործը:

«Աշխատանքային լավ ու հավատարիմ թիմ ունենալը, իմ կարծիքով, յուրաքանչյուր բիզնեսի ամենակարևոր գրավականն է»,- շեշտում է երիտասարդ գործարարը: Այնուհետև ավելացնում է՝ բիզնես սկսելու որոշում կայացնելը ամենադժվարն է: Ցանկացած գործ սկսելուց առաջ վախերը, մտահոգությունները միշտ շատ են լինում, միշտ կա ձախողվելու վտանգը, իսկ բիզնես սկսել նշանակում է որոշակի ներդրումներ կատարել, ջանք ու եռանդ, ժամանակ ծախսել: Ձախողվելու դեպքում այդ ամենը կկորցնես, ինչն արդեն վախ է ու հետ է պահում բիզնես սկսելու մտադրությունից: «Կարևոր է, որ սկզբից ճիշտ գնահատես իրավիճակը, ճիշտ հաշվարկես հնարավորություններդ ու պոտենցիալդ, բայց ամեն դեպքում սկսես»,- նշում է Մերի Եղիազարյանը և հավելում, որ այդ ժամանակ շատ կարևոր է, որ կողքիդ լինեն մարդիկ, որոնք քո նախաձեռնությունը ողջունեն, քեզ ոգևորեն, քաջալերեն:

«Ամեն դեպքում գործարարը պետք է սիրի իր գործը. եթե չսիրի՝ նրա գործը չի հաջողվի: Երկրորդ՝ պետք է նվիրված լինես գործիդ, եթե արդեն սկսել ես, ուրեմն համառորեն պետք է անընդհատ առաջ գնաս: Երրորդ՝ պետք է անպայման հավատաս քո արած գործին, եթե չհավատաս, դիմացինդ հաստատ չի հավատա»,- եզրափակեց Մերի Եղիազարյանը՝ միաժամանակ նշելով, որ այնպես չէ, որ ամեն ինչ ստացվել է, իրենք դեռ պետք է շատ աճեն ու զարգանան: Եվ կզարգանան իհարկե, քանի որ արդեն մտածում են փորձառու բիզնեսմենի պես:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: