Հայերեն   English   Русский  

​Երբ կայացած ընկերություններն են խրախուսում սկսնակներին


  
դիտումներ: 3065

Բոլորս էլ բնական ու օրինաչափ ենք համարում, երբ բիզնեսի, հատկապես՝ սկսնակ բիզնեսի համար աջակցության ծրագրեր է իրականացնում պետությունը: Բայց հաճելի է, երբ լսում ես, որ հենց գործող, կայացած բիզնեսներն ու անհատներն են աջակցության ծրագրեր կազմակերպում նրանց համար:

Վերջերս մի այդպիսի աջակցող ծրագիր էլ սկսել են բիզնեսի ավտոմատացման ոլորտում մասնագիտացած «Մակիչյան քընսալթինգ» ընկերության հիմնադիր և տնօրեն Գրիգոր Մակիչյանը, Հայաստանում ամենահայտնի մարքեթինգային դասընթացների՝ «Չոր մարքեթինգի» հեղինակ, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը, Excel-իստ Մայիս Մարգարյանը, հաշվապահ Արամ Պապյանն ու DigiLab ընկերությունը: «Կորիզ» անունը կրող այդ ծրագիրը միտված է աջակցելու հատկապես սկսնակ գործարարներին՝ բիզնեսի վարման, ավտոմատացման, զարգացման ու առաջմղման անհրաժեշտ գործիքներ ու հմտություններ սովորեցնելու միջոցով:

«Կորիզ» ծրագրի շրջանակներում ընտրված մասնակիցները կարողանում են անվճար մասնակցել «Չոր մարքեթինգ» դասընթացին, ստանում են գործնական հմտություններ excel ծրագրից օգտվելու և այդ ծրագիրն իրենց բիզնեսում առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար, հաշվապահական, հարկային, իրավաբանական խորհրդատվություն, ավտոմատացման խորհրդատվություն և գործիքներ, սոցիալական մեդիայում առաջմղման և ճանաչելի դառնալու հմտություններ: Այս ամենը՝ անվճար:

Վահրամ Միրաքյան

«Վաղուց ուսումնասիրում էի «Չոր մարքեթինգը», մեծ ցանկություն կար մասնակցելու, քանի որ գործնականում մարքեթինգի որոշակի պատկերացում ունենալու կարիքը շատ էի զգում: Ու երբ պատահաբար տեսա, որ սկսնակ բիզնեսների անվճար աջակցության համար իրականացվում է «Կորիզ» ծրագիրը, որի շրջանակներում նաև մարքեթինգի դասընթացներից կարող էի օգտվել, որոշեցի անպայման գրանցվել: Սկզբում, իհարկե, հույս էլ չունեի, որ կանցնեմ, բայց բախտի բերմամբ ինձ էլ ընտրեցին: Սա շատ կարևոր հնարավորույթուն էր, որ մեզ ընձեռվեց»,- «Անկախին» պատմեց ծրագրի մասնակից, «Էկոթրևլ» տուրիստական ընկերության հիմնադիր Մերի Եղիազարյանը:

Ներկայումս իրականացվում է ծրագրի առաջին փուլը, որին մասնակցում են 4-5 սկսնակ գործարարներ: Կանխատեսում կա, որ հետաքրքրությունը հետզհետե կմեծանա, ծրագիրն էլ կընդլայնվի:

«Այս ծրագրի բոլոր կազմակերպիչներս էլ պարբերաբար իրականացնում էինք սոցիալական ծրագրեր՝ աջակցելով սկսնակ փոքր ու միջին բիզնեսին։ Որոշեցինք միավորել ուժերը, որպեսզի ավելի ընդգրկուն՝ համալիր աջակցություն ստացվի։ «Կորիզով» ցանկանում ենք խրախուսել երիտասարդներին, որ սկսեն բիզնեսով զբաղվել և օգտագործել գրագետ գործիքներ։ Ուզում ենք, որ այդ գործիքներն օգնեն ավելի արագ ու ավելի հեշտ կայանալուն, ընդլայնվելուն ու զարգանալուն: Մենք մեր բիզնեսը սկսելիս հաստատ կերազեինք նման հնարավորության մասին: Ու փորձում ենք դա ինչ-որ կերպ ապահովել սկսնակ բիզնեսների համար»,- նշեց Գրիգոր Մակիչյանը:

Բնական հարց է առաջանում՝ իսկ կազմակերպիչների շահը ո՞րն է: Ինչպես նշում է ծրագրի համահեղինակ, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը, տնտեսության հիմքը անհատ ձեռներեցներն ու բիզնեսմեններն են. պետք է ամեն ինչ անել, որ նրանք ուժեղ լինեն: Նա շեշտում է՝ բոլորի օգուտը կլինի, որ ունենանք ավելի շատ ուժեղ ու գործունյա երիտասարդներ՝ հարուստ և կայացած: Դրանից կշահի տնտեսությունը, հետևաբար՝ բոլորը:

«Գլխավոր նպատակը՝ ինչ-որ կերպ օգնել այն երիտասարդ սկսնակներին, որոնք բիզնեսի ոլորտում առաջին քայլերն են անում, բայց իրենց հմտությունները կատարելագործելու, որոշակի գործիքներ կիրառելու համար դասընթացների մասնակցելու, որոշ խորհրդատվություն ստանալու ֆինանսական հնարավորություններ չունեն: Դա թանկ հաճույք է: Հիմա մենք փորձում ենք մեր գիտելիքները, մեր փորձը, մեր դասընթացները նրանց հասանելի դարձնել, և այն, ինչն ուրիշների համար անում ենք վճարովի, նրանց տալիս ենք անվճար սեմինարների, դասընթացների ու աջակցության այս ձևաչափով»,- «Անկախի» հետ զրույցում ասաց Վահրամ Միրաքյանը:

Մակիչյան քընսալթինգ

«Կորիզի» մասնակիցներից gayluk.am-ի հիմնադիր Արսեն Սիմոնյանը նշում է, որ ծրագրին մասնակցելու արդունքն իր գործում արդեն իսկ շոշափելի է, որովհետև այն, ինչը տալիս են միջավայրը, շփումները, ծանոթություններն այդ ծրագրի ընթացքում, անփոխարինելի է, էլ չասած գործնական հմտությունների ու գործիքների մասին:

«Կորիզի» միջոցով ես շատ լավ կապեր եմ հաստատել, արդեն համագործակցության հնարավորություններ են բացվել: Այս ծրագիրը նաև մտածելակերպի դրական փոփոխություններ բերեց թե՛ բիզնեսի, թե՛ բիզնես վարողների վերաբերյալ: Այսինքն՝ բոլորովին այլ տեսանկյունից սկսեցի նայել բիզնեսին ու բիզնեսմեններին. կոտրվեցին կարծրատիպերը: Նախկինում ինձ թվում էր, որ նրանք չոր, պաշտոնական, շահամոլ մարդիկ են: Իսկ գործնական հմտությունները, այն գործիքները, որ ստանում ենք այս ծրագրով, շատ կիրառական ու օգտակար են»,- նշում է ծրագրի մասնակից, էկզոտիկ ապարանջանների ու աքսեսուարների պատրաստմամբ զբաղվող անհատ ձեռներեց Մարիամ Կարապետյանը:

Թե որքան ու ինչպես կշարունակվի այս ծրագիրը՝ ցույց կտան հենց այս՝ առաջին փուլի արդյունքները: Ամեն դեպքում, ինչպես «Անկախին» ասաց ծրագրի համահիմնադիր Գրիգոր Մակիչյանը, կազմակերպիչները երկարաժամկետ կտրվածքով են մտածում՝ ավելի հակված են, որ այն ավելի հետաքրքիր շարունակություն կունենա ու կընդլայնվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: