Հայերեն   English   Русский  

Վարչապետը հանձնարարել է ապաքրեականացնել տնտեսական ոլորտում հանրային վտանգավորության ցածր աստիճան ունեցող հանցագործությունները


  
դիտումներ: 3887

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը տնտեսական գործունեության ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացման վերաբերյալ էր: «2017 թվականի փետրվար ամսին, կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ ապաքրեականացվեց 2.000.000 դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը` այն բարձրացնելով մինչև 4.000.000 դրամի, ինչպես նաև հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը։ Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է՝ Քրեական օրենսգրքով նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն։ Միջազգային լավագույն փորձում առկա քրեաիրավական զարգացումները ևս ընթանում են այդ ուղղությամբ՝ հիմք ընդունելով այն, որ նման հանցակազմերի մի մասը չունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, ինչպես նաև դրանց իրավական այլ մեխանիզմների միջոցով արձագանքելու հնարավորությունը», - նշել է Կարեն Կարապետյանը։

Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարներին ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 2-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել Քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան և առկա է դրանց վարչական վարույթի, քաղաքացիական դատավարության շրջանակում լուծման արդյունավետ հնարավորությունները։


Նախատեսվում է հստակեցնել և պարզեցնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը


Վարչապետի մյուս հանձնարարականն ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման կարգի հստակեցման վերաբերյալ էր: «Ապրանքների արտահանման ոլորտում, մասնավորապես՝ մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում, կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը։ Այդ իսկ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացն իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություններ չառաջացնի բարեխիղճ գործարարների համար։ Ներկայումս Առևտրաարդյունաբերական պալատի կողմից միջոցներ են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որոնց միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ գործող՝ ապրանքների (տեղական և օտարերկրյա) ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը, պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն և դրանից ելնելով հավաստագրի տրամադրումը կամ ապրանքի փորձաքննության իրականացումը առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն։ Կարգով սահմանված չեն նաև, հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների անցկացման դեպքերի վերահսկողական մեխանիզմներ», - նշել է կառավարության ղեկավարը։
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և առաջարկել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենին և Առևտրաարդյունաբերական պալատին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ անդրադառնալով հայեցողական լիազորությունների, համապատասխան հավաստագրի տրամադրումը մերժելու, փորձաքննության անցկացման հիմքերի և ընթացակարգերի հստակեցման հարցերին։

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում ու լիագումար նիստում բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կառավարություն ներկայացրած առաջարկություններին ու եզրակացությունների ամփոփաթերթին: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ «ՀՀ 2018 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առաջին ընթերցումից հետո ի հայտ եկած հանգամանքների և նոր տեղեկատվության արդյունքում ծախսերը բարձրացվել են 15 մլրդ դրամով: Նախարարը թվարկել է այն հիմնական բաղադրիչները, որոնք, մասնավորապես, հանգեցրել են ծախսերի ավելացմանը: Ըստ նախարարի՝առաջին բաղադրիչը փոխարժեքի փոփոխությունն է, որ այս դեպքում եղել է 5 դրամի սահմաններում, ինչն էլ հանգեցրել է ծախսային մասով շուրջ 1.5 միլիարդ դրամի բյուջեի փոփոխության: Երկրորդ խոշոր մասը «Հայաստան» զորախմբի 1 միլիարդ դրամի չափով ֆինանսավորումն է, որը բխում է և՛ սահմանային անվտանգության հետ կապված խնդրից, և՛ միջազգային պայմանագրերով Հայաստանի ստանձնած պարտավորություններից: Երրորդ բաղադրիչը Ջրային տնտեսության պետական կոմիտեին 1 միլիարդ 289 միլոն դրամի ֆինանսական հատկացումն է, որը հիմնված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտի վրա. պետությունը սուբսիդավորում է ջրի սակագնի 11 դրամի բարձրացումը ազգաբնակչությանը վնաս չպատճառելու համար: Ամենախոշոր ֆինանսական ավելացումն առողջապահության ոլորտում է՝ 4 մլրդ դրամ: Շուրջ 4 մլրդ դրամով ավելացվել է նաև պահուստային ֆոնդը:


Կբարելավվեն զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները

Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների (ազատամարտիկների) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ավելի թափանցիկ և հասցեական իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխությունների և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ համապատասխան ծրագրի շրջանակում նախատեսվում է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարանի, ՀՀ այլ քաղաքային և գյուղական վայրերում` բնակարան ձեռքբերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում: Եվ այսպես, նախատեսվում է 2017թ.-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 223 -ին կամ 11,2 տոկոսին:
Մեկ այլ որոշմամբ էլ հստակեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովության ընթացակարգը: Որոշման համաձայն սահմանվում են ՀՀ ՊՆ ծառայողական ֆոնդի բնակարանները սեփականության իրավունքով տրամադրման դեպքում զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) հետ կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի տեսակները, ինչպես նաև հստակեցվում է բնակարանները սեփականության իրավունքով տրամադրելու ժամանակ հիմք ընդունվող զինծառայողի (նաև՝ նախկին զինծառայողի) ընտանիքի կազմը:
Ընդունվել է նաև որոշում, որով նախատեսվում է առավել դյուրացնել զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության գործընթացը: Ընդունված որոշման համաձայն հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովությունն իրականացվելու է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով՝ անկախ տրամադրման վայրից:

Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ և գործիքակազմ


Գործադիրը հաստատել է Պետական գույքի կառավարման 2018-2020 թթ. ծրագիրը: Այն պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով: Ծրագրով, մասնավորապես՝ նախատեսվում է 2018 թ.-ից ներդնել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու, արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու նոր գործիքակազմ: Պետական գույքի հաշվառման և անշարժ գույքի գրանցամատյանի վարման համակարգն արդիականացնելու նպատակով 2018 թ.-ին հաշվառման փաստաթղթային համակարգից անցում կկատարվի էլեկտրոնային համակարգի: Պետական գույքի վաճառքի գործընթացում կներդրվեն առավել արդյունավետ ժամանակակից մեթոդներ և գործիքակազմ: Մասնավորապես, 2018թ. օտարման ենթակա գույքի վաճառքը կիրականացվի նաև էլեկտրոնային աճուրդների միջոցով: «Այս ծրագիրը կարելի է համարել պետական գույքի կառավարման ոլորտում ամբողջական բարեփոխումների ծրագիր, որտեղ ամփոփված են ՀՀ Նախագահի և վարչապետի բոլոր հանձնարարականները», - նշել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ անհրաժեշտ է հետևողական առաջ շարժվել:
Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու և օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող վարչական շենքը և կաթսայատունը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով: Մրցույթի հաղթողը պետք է վճարի նաև շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը (100 տոկոս)՝ 30 420 000 ՀՀ դրամը: Սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 60 տոկոսից: Հաշվի առնելով շենքի ներկայիս վիճակը նախագծով սահմանվել է նաև, որ գնորդը պարտավոր է շենքի շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 1.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում:


Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. կստեղծվի 70 նոր աշխատատեղ


Գործադիրը բավարարել է «ԱՐՏ գլոբալ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թղթե և ստվարաթղթե արտադրատեսակների (թղթե բաժակների, ափսեների և այլն) արտադրության մեջ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 206,6 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 8 աշխատատեղ՝ 100 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 223 մլն ՀՀ դրամ, որից մոտ 110 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 90 մլն ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 23 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։
Կառավարության մեկ այլ որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «ՋիԱրՓի սիսթեմս» ՓԲԸ-ն: Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է խողովակների արտադրության ոլորտում: Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է 4,8 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է իրականացնել՝ մոտ 5,7 մլրդ ՀՀ դրամի։ Նախատեսվում է ստեղծել 40 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 8,5 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սաթենկար» ՍՊԸ կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերության նպատակն է վերազինել արդեն իսկ գործող կարի արտադրությունը նոր սարքավորումներով՝ կատարելով ընդհանուր շուրջ 11,7 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 93 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Օրենսդրական նախաձեռնություններ


Ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումներով երաշխավորել դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական և սոցիալական անհրաժեշտ ու բավարար նախադրյալները: Օրինագծով, մասնավորապես, ամրագրվել են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները և սկզբունքները, սահմանվել են ՀՀ դատարանների կառուցվածքը, կազմը և դրանց իրավասության տիրույթները՝ որպես Սահմանադրությամբ չնախատեսված մասնագիտացված դատարան ամրագրելով սնանկության դատարանը, կարգավորվել են դատարանների և դատական իշխանության ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերը, ամրագրվել են դատավորի գործունեության երաշխիքները, նախատեսվել են դատավորի վարքագծի և էթիկայի կանոնները:
Հավասար մրցակցային պայմաններ՝ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար
Հավանության է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար կստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և կոնյակի արտադրությամբ կսկսեն զբաղվել այլ փոքր ընկերություններ, կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող, ինչպես նաև շշալցված կոնյակ ու բրենդի իրացնող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր, կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները և այլն: Անդրադառնալով օրինագծերի փաթեթին վարչապետը կարևորել է օրենսդրական նախաձեռնությունը և հորդորել մեկ անգամ ևս բոլոր շահագրգիռ կողմերի հետ մանրամասն ուսումնասիրել և հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերը:
Ոստիկանության ծառայողներին կվերապահվի տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներն օգտագործելու իրավունք
Հավանություն է տրվել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծով հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն, այդ թվում` ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս ոստիկանության ծառայողներին իրավունք կվերապահվի օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ: Միաժամանակ կսահմանվեն պարտադիր նախազգուշացման եղանակները, տեսանյութերը կամ լուսանկարները պահելու առավելագույն ժամկետները, ինչպես նաև նախատեսելով տեսանյութերը կամ լուսանկարները, օրենքով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով օգտագործելու արգելք:
Գործադիրը հավանություն է տվել «Բնապահպանական վերահսկողության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունումը կվերացնի ՀՀ օրենսդրության մեջ առկա անհամապատասխանությունները և կապահովի ստեղծված բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունը: Նախագծերում ամրագրվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անվանումը, բնապահպանական պետական տեսուչների պաշտոնների անվանումները և վերանայվել են օրենքով ու օրենսգրքով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությանը վերապահված լիազորությունները:
Հավանության է արժանացել նաև կառավարության օրենսդրական մեկ այլ նախաձեռնությունը՝ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի օրենսդրորեն կարգավորված գործառույթների իրականացումը, առողջապահության բնագավառում անվտանգութունը, աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը՝ նոր ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների միջոցով։ Միաժամանակ, օրինագծերը կհամապատասխանեցվեն ՀՀ սահամանադրությանը:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Կընդլայնվեն սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները


Կառավարությունն ընդունել է «ՀՀ պետբյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին» որոշում: Որոշման նպատակն է ընդլայնել սնանկության հիմքեր ունեցող տնտեսվարող սուբյեկտների ֆինանսական առողջացման հնարավորությունները: Մասնավորապես առաջարկում է սահմանել այն դեպքերը երբ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն պետք է ձեռնպահ մնա հարկային պարտավորություններ ունեցող պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց և հարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով պետք է օգտվի միայն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկադիր գանձման այլ հնարավորություններից:


Կապահովվի քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը


Կառավարությունը որոշել է ծրագրային վերաբաշխումների միջոցով ծրագրերի ընդհանուր միջոցները վերաբաշխել առավել հրատապ համարվող ծրագրերի գծով առկա պահանջարկի փոխհատուցմանը՝ ՀՀ քաղաքացիներին անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով: Պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի մի շարք ծրագրերի շրջանակներում իրականացված գնահատումների և փաստացի 10 ամիսների կատարողականների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ որոշ ծրագրերի գծով առկա են թերակատարումներ, իսկ մի շարք, հատկապես հիվանդանոցային ծառայությունների մասով, առկա են գերակատարումներ՝ պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պահանջարկի աճով։ Ըստ այդմ, մասնավորապես՝ առաջարկվում է նվազեցնել «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ», «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ», «Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները: Առաջարկվում է ավելացնել, մասնավորապես՝ «Մտավոր, հոգեկան, լսողական, ֆիզիկական, շարժողական և այլ զարգացման խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման ծառայություններ», «Շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման ծառայություններ», «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և այլ ծրագրերի ընդհանուր միջոցները:
Գործադիրն ընդունել է նաև համապատասխան որոշում, որով առաջարկվում է 2017 թ. պետբյուջեի «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով տնտեսված միջոցները՝ մոտ 30 մլն դրամ, փոխանցել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

Այլ որոշումներ


Հավանության է արժանացել նաև Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և միջոցառումների ցանկը: Այն հնարավորություն կստեղծի կատարելագործել հանրապետության անտառների և անտառային հողերի կառավարման համակարգը, իրականացնել ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներ, ապահովել ռազմավարական ուղիներ: Հայեցակարգը կնպաստի ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Հայեցակարգով նախատեսվում է հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և կայուն օգտագործման բնագավառում պետական միասնական քաղաքականության մշակման, ներդրման և իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում ձևավորել անտառների պետական կոմիտե: Կոմիտեի կառավարման ներքո «Հայանտառ» ՊԱԿ-ի վերակազմավորման միջոցով ստեղծել անտառային տնտեսությունները վարող պետական ոչ առևտրային կազմակերպություններ և ձևավորել անտառների պատշաճ պահպանությանը նպատակաուղղված պարեկապահակային գործառույթներ իրականացնող անտառային պետական ծառայություն: Դիմելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է քվոտաների արագ ձևակերպում, ինչի մասին ավելի վաղ հանձնարարվել է:
Օպտիմալացման, վերակազմակերպման, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով ՀՀ պետական միջոցների նպատակային օգտագործման հնարավորությունը ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչությունն ու շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժինը միաձուլման ձևով կվերակազմակերպվի Սեյսմիկ ռիսկի գնահատման և նվազեցման բաժնի, որի արդյունքում կկրճատվի 10 հաստիք և կտնտեսվի մոտ 4 մլն դրամ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: