Հայերեն   English   Русский  

​Սիրատաճար մոմագիր. բանաստեղծ, որ ստեղծում է պոեզիա իր բառերով


  
դիտումներ: 2225

Հարցազրույց երիտասարդ բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, լրագրող, մանկավարժ Արա Ալոյանի հետ:

Արա Ալոյանը ծնվել է 1981 թ., Վարդենիսում: 1998-2003 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դուդուկի բաժնում: 1992-ից հանդես է եկել Հանրային ռադիոյի տարբեր մշակութային հաղորդաշարերում, ներկայացել դուդուկի կատարումներով և հեղինակային բանաստեղծություններով։ 2007-ից աշխատում է հեռուստալրագրության ոլորտում։ Այժմ «Հ3» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն ու գլխավոր տնօրենի տեղակալն է: «Հ3»-ի «Օրվա խնդիր», «Օրվա դիտարկում» և «Ուղիղ տասանոցին» հաղորդաշարերի հեղինակ-վարողն է: Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային կառույցի անդամ է, նաև ԱՄՆ հայ գրողների միության անդամ:

Արա Ալոյանը 1996 թ., 15 տարեկան հասակում գրել է «Համանվագ ցավի ու հարության» պոեմը: Նրա բանաստեղծությունները տեղ են գտել «Կանչ» թերթում, «Հույս, հավատ, սեր», «Ժամանակակից ուսանողական պոեզիա» ժողովածուներում։ Թարգմանվել և տպագրվել է Լիբանանում, Սերբիայում, Աբխազիայում, Ռուսաստանում, Իրանում և այլուր: Հանրապետական մրցույթների բազմակի դափնեկիր է որպես դուդուկահար և բանաստեղծ, 1997 թ. ստացել է «Ռուբեն Սևակի անվան» գրական ամենամյա մրցանակ, 2013-ին դարձել է «Գրիր» գրական մրցույթի գլխավոր մրցանակակիրը: 2003-ին լույս է տեսել նրա «Լույս դառնալուց առաջ» բանաստեղծությունների ժողովածուն, 2014-ին՝ երկու ժողովածու՝ «Ոտնահետքեր ջրաներկով» և «Մի լուսացիր»: 2015 տպագրվել է «Համանվագ ցավի և հարության պոեմը», 2017-ին՝ «Կատուն, որ ուզում էր դառնալ կոմպոզիտոր»մանկական չափածո երկը:

- Արա, մեր օրերում դժվար չէ՞ բանաստեղծ լինելը: Ամեն ինչ այնքան նյութականացված է, թվայնացված, ռոբոտացված, սմարթֆոնացված… Ինչպե՞ս է գալիս մուսան:

- Այո, մեր խառնակ օրերում թվում է՝ արվեստն ու մշակութը, պոեզիան, գիրն ու գրականությունը զանգվածների քիմքի համար ոչ թե կենսական, այլ աղանդերային նշանակություն ունեն: Բայց, ի բարեբախտություն մեզ, դեռ կան մարդիկ, որոնք մեր համահավաք փրկության ելքերը դիտում են հենց իմ արվեստի ու մշակույթի վերածննդի ու շարունակական զարգացման մեջ: Ի վերջո, ինքնաբավության որոշակի տարրեր ունեցող մշակութաբանական դրսևորումների գլխավոր հասցեատերը մարդն է, անհատն ու հասարակությունը՝ մեծ հաշվով պետության հովանու ներքո: Իմ ներշնչանքի համար բավարար է նույնիսկ ամեն աստծո օրը, և դա պաթոլոգիա չէ: Արևածագն ինձ բերում է կենսունակ ու գրականաշունչ տրոփներ: Այո, պատկերավոր ասած, ամեն առավոտ ինձ պատկերվում է ճերմակ թղթի հանգույն, և գիրն ինքնաբերաբար ազատագրվում է խոհերից, մտասևեռումներից, տառապագին ու ավետահենք մտածումներից…. Իմ մուսան, իմ հերոսը մարդն ու մարդու ճակատագիրն է՝ հայկական ու համամարդկային խորաշերտերով…

Քո բանաստեղծություններն առանձնանում են յուրօրինակ բառապաշարով, որ ինքդ ես ստեղծում:

Մակդիրներ չունեմ կերպիդ արժանի,

Բառաթափվել եմ ցավից բաժանման,

Ի՞նչ բառից պիտի սիրտը հրաշանա,

Եվ սրտացավից խինդը բաժանի:

Սո՛ւտ է: Չե՛ս սիրել: Հրապույր էր սին,

Որ քո դժոխքում եդեմներ լինեն,

Որ քո սրտատուփ երգերը լինե՛ն,

Սրտաչափ անկյուն չտվիր ներսից:

...Եվ, հիմա, օ, ո՜չ, մակդիրներ չկան,

Ո՛չ ամռանն այն կեզ, ո՛չ այս ցրտերին,

Ոտնաձայնե՞րդ են: Չէ՜, հեռու՛, չգաս՛-

Այս ինչ նոր բառ ես դառնում...Սրտելի՜ս...

Արա Ալոյան-ի լուսանկարը:- Այո, նորաբանություններ սիրում եմ, բայց ոչ այն աստիճանի, որ արհեստածին լինեն: Գրողական համայնքի, ինչու չէ, նաև ընթերցողների շրջանում լսել եմ դրվատանքի խոսքեր, որ իմ պոեզիայում, հրապարակախոսությունում կիրառում եմ այսպես կոչված՝ ալոյանական բառեր ու բառեզրեր:

- Իսկ երբևէ հաշվե՞լ ես, թե քանի բառ ես հորինել:

- Չեմ հաշվել, բայց դրանք բավականին շատ են: Թվարկեմ մի քանիսը. իմաէսքիզ, քեզոտված գիշեր, սրտատաճար, եդեմաներս, սիրածաղիկ, սրտերեն, սիրաճաք և այլն, և այլն:

- Նվագում ես դուդուկ, գրում բանաստեղծություն. այս երկուսը քո ներսում խանդոտ սիրահարնե՞ր են, թե՞ համերաշխ ամուսիններ, որ փոխլրացնում են միմյանց:

- Արվեստի ցանկացած ձևառում ինձ համար ինքնազատագրման ծես է, որի գլխավոր պայմանը, սակայն, արհեստավարժությունն է: Իմ կենսագործունեության ընթացքում հանդես եմ եկել և՛ իբրև երաժիշտ-կատարող, և՛ իբրև բանաստեղծ: Երկու ասպարեզներում էլ արժանացել եմ մրցանակների և, որ ամենից կարևորն է, հանրության ու մասնագիտական շրջանակների խրախուսանքին: Պարգևների պարգևն ինձ համար երաժշտասերների, գրականության սիրահարների դրական արձագանքն է: Դուդուկն ու բանաստեղծությունը ներդաշնակ փոխկապակցվածության մեջ են, թեպետ վերջին շրջանում ծիրանափողն անտեսված է իմ կյանքում, քանի որ ամբողջ ժամանակս տրամադրում եմ հեռուստալրագրությանն ու գրական գործունեությանը:

- Ստեղծագործություններդ թարգմանվել են տարբեր լեզուներով։ Ի՞նչ արձագանք են գտել օտար ըներցողների շրջանում։

- Սփյուռքի իմ ընկերները փաստում են, որ դրական արձագանքներ կան, հատկապես՝ Ռուսաստանում, Լիբանանում, Իրանում, ԱՄՆ-ում: Ինքս էլ սիրում եմ թարգմանել: Մշակույթն ու գրականությունը փոխառնչության ծիրում են: Թարգմանությունը նաև մարդկային - անհատական տուրևառության ծես է: Վերջերս Հայաստան էր ժամանել ՌԴ Գրողների միության պատվիրակությունը, նրանց մեջ կային նաև պոետներ, որոնք թարգմանել էին իմ գործերն ու զետեղել հայ պոեզիայի ալմանախում: Մենք միմյանց հետ ծանոթ չէինք առերես, բայց նախքան հանդիպելն ու մտերմանալը բարեկամացել էինք, հարազատացել մեր ստեղծագործությունների միջոցով: Ուրեմն ամեն երկ, բանաստեղծություն առանձին ճակատագիր է, առանձին էություն, որ արտացոլում է նաև մեզ:

- Քո սիրային բանաստեղծությունները շատ կրքոտ են, բայց դրանց մեջ նաև ճեմող հոգի կա, նրբին երաժշտություն:

Չկայացած մի հանդիպում

Մրսում է նոյեմբերյան մայթերին,

Բայց դու էլի գեղեցիկ ես, դիպուկ,

Անտեսակից և անթերի:

Չկայացած մի խոստովանության

տրոփն էլի հասնում է ինձ,

Ասացեք, ունե՞ն կարոտները ձայն,

Եվ ճանաչու՞մ ենք նրան՝ այդ ձայնից:

Չկայացած մի լռություն

Ցերեկափոշի է մաղում աչերիդ,

Վաղը, ասում են, դառնալու է ձյուն,

Վաղը, հուշում են, կանցնի՝ հալչելիս:

Չկայացած մի համբույրի

համը մնում է շուրթերիս ծալքում,

Հանդիպումներն անցնում են հարյուրից,

Բայց չկա Մեկն այն, որ Սեր է ծաղկում:

- Ես, գրչակից ընկերներս, ընթերցողները համակարծիք ենք մի հարցում․ ես սիրերգակ եմ: Սիրո թեման, մի կողմից, ամենից մատչելին է գրական արարումների տեսակետից, բայց մյուս կողմից էլ բարդ է այս հանրածանոթ, մշտահունչ թեման մատուցել նորովի, գեղարվեստական գյուտի պես և ինքնահատուկ ձեռագրով…

- Կինդ չի՞ խանդում: Կարծում եմ՝ բավականին ծանր փորձություն է բանաստեղծի կին լինելը։

- Խանդն ուղեկցվում է չափավոր ըմբռնումով և հասուն վերաբերմունքով: Խանդի առիթներ, որպես այդպիսին, չկան, բայց բոլոր դեպքերում հայտնի ասացվածքն ասում է՝ եթե սիրում ես, ուրեմն խանդում ես…

- Քո բանաստեղծություններից շատերը կարդալիս տերյանական ռիթմ ու շունչ եմ զգում, չնայած դու ունես քո ոճն ու յուրահատկությունը: Սխալվո՞ւմ եմ, թե՞ Տերյանը քեզ իսկապես ոգեշնչում է:

- Այս շրջափուլում տերյանական լադը միգուցե գերիշխում է: Բոլոր դեպքերում փորձում եմ նուրբ սահմանագծով մնալ ալոյանական պոեզիայի մատույցներում:

- Արա, դու հասկացե՞լ ես, թե ինչ է ուզում այսօրվա հասարակությունը պոետից:

- Պոետը լսում է հասարակության ձայնն ու չարտասանածը, լռությունը նաև: Հանրությունը մեծ հաշվով ոչինչ չի ուզում պոետից: Ավելի շուտ հակառակն է: Գրողը՝ պոետը կամենում է հոգևոր սերմեր ցանել հասարակության մեջ, ցանկանում է մարդուն տեսնել ավելի կրթված, ավելի մշակութասեր: Այդուհանդերձ կան գրականասեր շրջանակներ, որոնք հակվում են իրենց նախընտրելի գրողին՝ նրանից ակնկալելով նորանոր արարումներ, ասել է թե ՝ հոգևոր սնունդի կենսական չափաբաժին:

- Կապիտալիզմը ենթադրում է նաև շուկա և շուկայական հարաբերություններ: Հայաստանում գրողը, բանաստեղծը կարո՞ղ է միայն ստեղծագործելով քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ապահովել՝ սպառելով իր «արտադրանքը» այդ շուկայում:

- Հայ գրողների մրցունակ լինելու հաջողված օրինակներ իհարկե կան: Բայց ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական ներկայիս վատ պայմաններում գրողը մեն-մենակ մաքառում է իր գրական արտադրանքը իրացնելու համար…. Վերջին շրջանում գրական կյանքի աշխուժացում նկատվում է, բայց աղքատ հասարակությունը դեռ պատրաստ չէ ըստ ամենայնի արժևորելու գրողին: Վաճառքի ցուցանիշները անհամեմատ ցածր են: Հուսանք՝ այս ամենն աստիճանաբար կհաղթահարվի՝ պետության զարգացման արգասավոր տեմպերին համընթաց…

- Որպես հեռուստատեսության մարդ՝ շատ լավ գիտես հեռուստատեսության դերն ու խնդիրները: Ի՞նչ նոր բառ կհորինես՝ բնութագրելու մեր հեռուստատեսության ներկա վիճակը:

- Բազմաթիվ բառեր կարելի է հորինել: Իրականում հայրենի մասմեդիան ևս մյուս բնագավառների պես բախվում է ֆինանսական լրջագույն խնդիրների: Մարդկային, մասնագիտական առումով կան և՛ ոլորտի առաջատարներ, բարեխիղճ լրագրողներ, և՛ պատահական ու ոչ արհեստավարժ մարդիկ, որոնք լրագրությունը, այդ թվում՝ հեռուստատեսային, շփոթում են թամադայության հետ…

- Ի՞նչ է պետք մարդուն XXI դարում բավարարված ու երջանիկ լինելու համար:

- Մարդու երջանկությունը սկսվում է պարզ, գոհունակ հանգրվաններից: Ապրել սիրելի երկրում, սիրելի միջավայրում և զբաղվել սիրված աշխատանքով, որի դիմաց տրվում է արժանապատիվ վարձատրություն: Մնացյալ բարիքները պետք է դիտել հոգևոր սնուցման աղբյուրների մեջ…

- Եթե քո ստեղծագործությունը ներկայացնելու համար ընդամենը երկու բառ ունենայիր, որո՞նք կլինեին այդ բառերը:

- Սիրատաճար մոմագիր…


Զրուցեց՝ Անի Գասպարյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: