Հայերեն   English   Русский  

​ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ. «Երբ Հիսուս ասաց՝ սիրեցեք զմիմեանս, թուրքերը դեռ չկային»


  
դիտումներ: 1327

Ավետիք Իսահակյանը ճանաչված է որպես բանաստեղծ, ակադեմիկոս, Հայաստանի գրողների միության նախագահ, բայց նրա կյանքի մի կարևոր հատված, ցավոք, քիչ է լուսաբանված: Հայությունը քիչ բան գիտի հասարակական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ և վրիժառու Ավետիք Իսահակյանի մասին:

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 7-ին, Ալեքսանդրապոլի նահանգի Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունը ստանալով տեղի ծխական դպրոցում՝ շարունակել է ուսումը Հառիճավանքում, ապա ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան: Այստեղ է սկսվել Իսահակյանի գրական ուղին, այստեղ են գրվել առաջին բանաստեղծությունները:

Սակայն հոգևորականի սքեմը կյանքով լեցուն երիտասարդի համար չէր: Նա թողնում է ճեմարանն ու մեկնում Գերմանիա՝ շարունակելով ուսումնառությունը Լայպցիգի համալսարանում: Եվրոպական առաջադեմ մտավորականության և երիտասարդության հետ շփումներն Իսահակյանի ազատատենչ ոգում պայքարի սերմեր են գցում:

XIX դարավերջին հայոց քաղաքական մտքի առաջատարը դարձավ Թիֆլիսում 1890 թ. հիմնադրված Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որին, 1895 թ. անդամագրվում է բանաստեղծը՝ դառնալով կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի քարտուղարը: Մի տարի անց՝ 1896 թ., ռուսական իշխանությունները ձերբակալում են Իսահակյանին կուսակցական գործունեության և ազգային-ազատագրական պայքարին հարելու համար և մի տարի փակում Երևանի բանտում:

Մի տարի անց, դուրս գալով Երևանի բանտից, Իսահակյանը մեկնում է Կոստանդնուպոլիս, այնտեղից անցնում է Եվրոպա, ուր շարունակում է ուսումը՝ Ցյուրիխի համալսարանում ուսումնասիրելով գրականության և իմաստասիրության պատմություն:

Ցյուրիխում ուսանելու տարիներին ծնվում է Ավետիք Իսահակյանի «Հայդուկի երգեր» շարքը, որ ֆիդայական պայքարի առաջին արտացոլումն է հայ գրականության մեջ:

Միաժամանակ Իսահակյանը ՀՅԴ շարքերում շարունակում է կուսակցական գործունեությունը: 1902 թ. գրողը վերադառնում է Կովկաս և հաստատվում Թիֆլիսում: Այստեղից նա կատարում է կուսակցության հատուկ հանձնարարությունները: Դա վտանգներով լի աշխատանք էր: Բայց Իսահակյանը բախտավոր աստղի տակ էր ծնվել:

Դաշնակցության հանձնարարությամբ Իսահակյանը պետք է ճամպրուկով նագաններ տեղափոխեր Թիֆլիս: Նա ճամպրուկով գնացք է բարձրանում, տեղավորվում առանձին կուպեում: Մի քանի կանգառ անց կուպե է մտնում մի ադրբեջանցի ու նստում Իսահակյանի դիմացի նստարանին: Գնացքը շարունակում է ընթացքը, և հանկարծ կուպե են մտնում ռուս ժանդարմներ և հայտարարում, որ խուզարկություն է լինելու: Անելանելի վիճակ: Առաջինը ստուգում են ադրբեջանցու փաստաթղթերը, ապա խնդրում, որ ցույց տա իր իրերը: Ադրբեջանցին դարակից իջեցնում է Իսահակյանի ճամպրուկը: Գրողը խելամտորեն լռում է: Երբ ճամպրուկում հայտնաբերում են նագանը՝ ադրբեջանցուն ձերբակալում են ու հեռանում: Իսահակյանը փրկվում է: Հասնելով Թիֆլիս՝ բացում է ադրբեջանցու ճամպրուկը: Այն լի էր նագաններով և ուժանակներով:

1905 թ. մայիսի 11-ին Իսահակյանն աջակցեց Դրոյին Բաքվի հայերի ջարդարար Նակաշիձեի ահաբեկման կազմակերպման գործում:

1908 թ., ի թիվս այլ ազգային գործիչների, Ավետիք Իսահակյանը ձերբակալվեց «Դաշնակցության գործով» և ամիսներ անցկացրեց բանտում: Նա և Հովհաննես Թումանյանն ազատվեցին խոշոր գրավ մուծելուց հետո, որից հետո Իսահակյանը դարձյալ հեռացավ արտասահման: Նա հաստատվեց Գերմանիայում և մասնակցեց Գերմանա-հայկական ընկերության հիմնադրման աշխատանքներին:

Ավետիք Իսահակյանը հայոց «Նեմեսիսի» գաղափարը պաշտպանողներից էր: Սակայն չբավարարվեց սոսկ Շահան Նաթալիի ծրագրերին ու ձեռնարկած գործին համակրանք արտահայտելով: Մեծ գրողը կամավոր հանձն առավ նաև մասնակցությունը «Նեմեսիսի» գործողություններին: Եվ ստանալով Դաշնակցության հանձնարարականները՝ Բեռլինում լծվեց Թալեաթի հայտնաբերման ու ահաբեկման գործին: Սկզբնական շրջանում նույնիսկ «Նեմեսիսի» կազմակերպիչներն Իսահակյանին հանձնարարեցին Թալեաթի սպանությունը: Հետո ծրագիրը փոխվեց: Իսահակյանը և Մարջանովը պետք է հայտնաբերեին ոճրագործին, իսկ Սողոմոն Թեհլերյանն իրականացներ վրիժառությունը:

Թալեաթի սպանության օրը՝ 1921 թ. մարտի 15-ին, Իսահակյանը զինված սպասում էր Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցի անկյունում: Գործողության պահուստային պլանի համաձայն, եթե Թեհլերյանը վրիպեր՝ գործն ավարտին պետք է հասցներ անձամբ Ավետիք Իսահակյանը: Նա մեծ դերակատարություն ունեցավ նաև դատարանում Սողոմոն Թեհլերյանի արդարացման գործում և հետագայում էլ մասնակցեց «Նեմեսիսի» գործողություններին:

Երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, Ալեքսանդր Մյասնիկյանն արտերկրում գտնվող հայ մտավորականներին հրավիրեց հայրենիք՝ խոստանալով կյանքի ապահովություն և երաշխավորելով, որ նրանք չեն ենթարկվի բռնությունների և հետապնդումների իրենց քաղաքական հայացքների և անցյալի գործունեության համար:

1926 թ. Իսահակյանը վերադարձավ Հայաստան, այստեղ անցկացրեց չորս տարի, ապա կրկին գնաց Եվրոպա՝ հետագայում վերջնականապես Հայաստանում հաստատվելու վճռականությամբ: Եվ 1936 թ. նա վերադարձավ հայրենիք և հաստատվեց Երևանում:

Ավետիք Իսահակյանը հավատացյալ չէր: Քրիստոնեությանն ու կրոնին վերաբերվում էր քամահրանքով, կատակով: Դժոխքի ու դրախտի մասին նա ուներ սեփական բանաձևը՝ «Դժոխքում լինում են գեղեցիկ ու հմայիչ կանայք, իսկ դրախտում՝ անձեռնմխելիները»:

Իսահակյանը դեռ ստալինյան իշխանության օրոք համարձակ բարձրացրեց Արցախի հարցը: Երբ այդ տարիներին Արցախ է գնում և տեսնում, թե ինչպես են հայ կոմունիստները քծնում թուրքին և ջանում երկրամասը թուրքացնել, իսկ հայությունը քնած էր, բացականչում է՝ «Խավար երկիր, հլու, իշացած»:

Մեծանուն բանաստեղծը մահացավ Երևանում 1957 թ. հոկտեմբերի 17-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: