Հայերեն   English   Русский  

​Առողջության քարտեզը


  
դիտումներ: 2236

Վաղուց հայտնի է, որ որոշ օրգանների վիճակով (լեզու, մազեր, եղունգներ, աչքեր), մասնագետը կարող է հասկանալ, թե ներքին օրգաններում ինչ խնդիրներ կան: Դրա հիման վրա են ստեղծվել ասեղնաբուժությունը և կետային մերսումը: Տիբեթյան բժշկության մեջ դեմքի վրա ներքին օրգանների պրոեկցիան, արտաքին արտահայտությունները համեմատել են ծաղկի ու արմատի հետ. դեմքին ծաղիկներն են (այսինքն՝ այն, ինչը կարելի է տեսնել, բույսի վերգետնյա հատվածը), իսկ ներքին օրգանները (այն, ինչ թաքնված է աչքից) արմատներն են:

Այսպես.

աչքերը՝ լյարդի ու լեղապարկի «ծաղիկներն» են,

քիթը՝ թոքերի ու հաստ աղիքի,

շրթունքներն ու բերանի խոռոչն ամբողջությամբ՝ ստամոքսագեղձի ու փայծաղի արտաքին արտահայտությունն են,

լեզուն՝ սրտի ու բարակ աղիների,

ականջները՝ երիկամների ու միզապարկի:

Աչքերը լյարդի «ծաղիկներն» են, ուստի աչքերի հիվանդություններն առաջին հերթին ահազանգում են օրգանիզմի զտող համակարգում առկա անհավասարակշռության մասին: Բացի այդ, տիբեթյան բժշկողները կարծում էին, որ աչքերի տակ գոյացած այտուցները թոքերում, սրտի ու երիկամների աշխատանքում առկա խանգարման ազդանշաններ են, մասնավորապես. առավոտյան աչքերի տակ առաջացած պարկերը կապված են երիկամների ֆունկցիայի խանգարման, իսկ վերին կոպի այտուցը՝ թոքերի հետ կապված խնդիրների հետ: Վերին ու ստորին կոպերի փքունությունը զգայական խնդիրներ է մատնանշում:

Ի դեպ, աչքերի համար վնասակար է բարձր ջերմությունը (հատկապես համապատասխան օրգանների հիվանդության սրման փուլում), մսի, ալկոհոլի, սոխի ու սխտորի չարաշահումը, իսկ սառը օգտակար է:

Տիբեթյան բժշկության մեջ քիթն օրգանիզմ տանող գլխավոր դարպաս ու միաժամանակ թոքերի «ծաղիկն» է համարվում: Ուստի շատ կարևոր է ժամանակին հարբուխի ու քթի լորձաթաղանթի խնդիրները վերացնելը: Քթի լորձաթաղանթի բորբոքումն ու թարախի առկայությունը մատնանշում է թոքերի քրոնիկ հիվանդություն:

Քթի լորձաթաղանթի չորությունը կարող է հանգեցնել հոտառության խանգարման: Քթից արյունահոսությունը կարող է կապված լինել օրգանիզմի չափազանց խարամակալման, «հին» արյան հետ, ինչպես նաև կարող է սխալ սնվելու, յուղոտ ու տապակած մթերքի չարաշահման հետևանք լինել:Ալերգիկ հարբուխն ու պոլիպները, որքան էլ տարօրինակ է, կարող են սառը ուտելիքի չարաշահման պատճառով առաջանալ, ինչպես նաև այն դեպքում, եթե օրաբաժնի հիմքը հում բանջարեղենն ու անալի ուտեստներն են:

Տիբեթյան բժշկությունը խորհուրդ է տալիս թոքերի հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար ռունգերի մերսում կատարել, իսկ սրտի հիվանդությունների կանխարգելման համար՝ քթածայրի մերսում:

Փակված քթի կամ քթի լորձաթաղանթի բորբոքման դեպքում տիբեթյան բժիշկները խորհուրդ են տալիս քթի խոռոչի լվացում քրքումի և աղի խառնուրդի լուծույթով (հարմար է նաև ծովաղը). մեկ բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ աղ ու 1/3 թ. գդալ քրքում: Լուծույթը կաթեցնել քթանցքի մեջ , երբ հեղուկը հասնի ըմպան, պետք է թքել:

Քթի խոռոչի չորության ու բորբոքման դեմ կիրառվում է քնջութի յուղ:

Քթից հաճախակի արյունահոսության դեպքում խորհուրդ է տրվում օրաբաժնում ներառել հաղարջ, սոյա, փշահաղարջ (կոկռոշ), գետնանուշ:

Ի դեպ, չինացիները քիթը հարստության ու նյութական բարեկեցության ցուցիչ են համարում: Լավագույնը, ըստ չինացիների, խոշոր, կլորավուն, համաչափ , առանց ընդգծված թմբիկի ու «գիշատիչ» ռունգների քիթն է:

Շուրթերը փայծաղի «ծաղիկներն» են, ուստի շուրթերի ճաքերն ու գունատությունը խոսում է հատկապես այդ օրգանի խնդիրների առկայության մասին: Ընդ որում, վերին շուրթը կապ ունի նաև ստամոքսի հետ:

Կարևոր է հետևել, որ շուրթերը լինեն փափուկ ու խնամված, առանց կոշտությունների ու կեղևի: Ըստ տիբեթյան հավատալիքների՝ խոնավ շուրթերը հարստություն են ձգում:

Լեզուն սրտի «ծաղիկն» է կամ այդ օրգանի վիճակի արտաքին արտահայտությունը: Առաջարկվում է պարբերաբար զննել սեփական լեզուն, որ սրտի խնդիրները հնարավոր լինի ժամանակին հայտնաբերել ու կանխել:

Առողջ մարդու լեզուն մուգ-վարդագույնից մինչև բաց կարմիր երանգ է ունենում, լինում է խոնավ ու շարժուն: Վառ կարմիր գույնը, չորությունը սկսվող հիվանդության առաջին ազդանշաններն են:

Սրտի քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց լեզուն միշտ վառ կարմիր է, լաքապատ մակերեսի նման ու սրածայր: Մարսողական խնդիրների առկայությամբ պայմանավորված՝ լեզվի վրա դեղին փառ է գոյանում ու դառնահամ է առաջանում, իսկ ավշային ու ներզատիչ համակարգի հիվանդությունների դեպքում լեզվի վրա մոխրագույն փառ է գոյանում, վատանում է համային ընկալիչների աշխատանքը (աղավաղվում կամ լրիվ բացակայում է համի զգացումը):

Ատամները ոսկրային համակարգի ցուցիչներն են: Սխալ կծվածքը կամ ատամների քայքայումը, «ավելորդ» ատամները, ընդհանուր ատամնաշարից առանձնացող կամ անգամ երկրորդ շարք կազմող ատամներն ազդարարում են ոսկրային համակարգում առկա խնդիրներ: Ատամների դեղին գույնը լյարդի ու լեղապարկի խանգարումների նշան է, մուգ-դեղին՝ կարմիր երանգով ատամները՝ մակերիկամների գերֆունկցիայի նշան, իսկ դարչնագույն ատամները թույլ իմունիտետի մասին են վկայում:

Ականջները երիկամների «ծաղիկներն» են, տիբեթյան բժշկողները կարծում էին, որ ականջների ու երիկամների և լոբու նմանությունը հենց դրա վկայությունն են: Աջ ականջը կապված է աջ երիկամի, իսկ ձախը՝ ձախի հետ:

Ականջների վրա ներքին օրգանների ամենաշատ ելուստներն են, ուստի ականջախեցու գրագետ մերսումն ազատում է շատ հիվանդություններից: Սակայն նման մերսում կարելի է անել առանց մասնագետի օգնության: Միաժամանակ պետք է բռնել երկու ականջները՝ մատներով ծածկելով խեցու հնարավորինս զգալի հատվածը. սկզբում ականջները քաշել վերև ապա՝ ներքև, իսկ հետո շփել այնքան, որ կարմրեն, հետո ծակծկոց սկսվի:

Բոլոր օրգան համակարգերը փոխկապված են, ուստի ցանկացած հիվանդություն ու անգամ հասարակ տհաճությունը խախտում է օրգանիզմի հավասարակշռությունն ու նպաստում հիվանդության տարածմանը: Եվ ցավոք, սովորաբար ախտանշանների վերացմանն ուղղված բուժումը նպաստում է, որ բուն հիվանդությունը վերածվի քրոնիկականի:

Ավելի ուշադիր պետք է լինել սեփական առողջության հարցում, լսել օրգանիզմին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: