Հայերեն   English   Русский  

​Մարդն ավելի հաճախ հիվանդանում է ծուլության ու ագահության պատճառով .Նիկոլայ Ամոսով


  
դիտումներ: 3681

Թերևս ամենաուսանելին անձնական օրինակն է:

Նիկոլայ Ամոսովը մեծ գիտնական է, կարդիովիրաբույժ, որ մինչև 79 տարեկանը վիրահատություններ է արել: Նա մահացել է 89 տարեկանում: Ուսումնասիրել է առողջության ու երկարակեցության հարցերը, իսկ կյանքի վերջում առողջ կենսակերպ է վարել:

Ամոսովն իր մասին

«Ֆիզկուլտուրան ինձ համար կյանքի հիմքերից է:Վաղ տարիքից մենակ եմ մեծացել ու ֆիզիկական զարգացման ծրագրից հեռու եմ եղել: Տնտեսության մեջ կատարած աշխատանքը ֆիզիկական ուժ էր տալիս, սակայն ոչ ճկունություն: Ես չէի սովորել լողալ, պարել, հեծանիվ քշել: Դպրոցում ֆիզկուլտուրայի դասերից փախչում էի, ինստիտուտում՝ նույնպես: Սակայն միշտ էլ առողջ էի: Պատերազմի ժամանակ առաջին անգամ ռադիկուլիտի նոպա ունեցա, որ հետագայում հաճախ էր կրկնվում, գուցե նաև տևական վիրահատությունների պատճառով:

1954-ին վիճակս շատ վատացավ, ռենտգեն պատկերի վրա ողնաշարի փոփոխություններ երևացին: Այդ ժամանակ մշակեցի իմ 1000 շարժման գիմնաստիկան. 10 վարժություն՝ յուրաքանչյուրը 100 անգամ: Դա օգնեց: Ավելացրի առավոտյան վազքը: Դրան ավելացան նաև սննդային սահմանափակումները՝ քաշս 54 կգ-ը չգերազանցելով: Մշակեցի առողջության ֆիզիոլոգիան ու ստացվեց «Սահմանափակումների ու ծանրաբեռնվածության ռեժիմը»:

Ինչ էր սովորեցնում Ամոսովը

«Միայն և միայն մարդն է մեղավոր իր հիվանդությունների համար: Հաճախ նա հիվանդանում է ծուլության ու ագահության պատճառով, երբեմն էլ՝ անխելքության, անգիտության ու առողջ մտքի բացակայության հետևանքով: Չպետք է հույսը դնել բժշկության վրա: Բժշկությունը շատ հիվանդություններ է բուժում, սակայն չի կարող մարդուն առողջ դարձնել: Բժշկությունը նույնիսկ մարդուն առողջ դառնալ չի սովորեցնում: Իսկ առողջ դառնալու համար պետք է մշտական ու էական ջանքեր գործադրել: Դրանք այլ բանով փոխարինել պարզապես անհնար է: Բարեբախտաբար մարդն այնքան կատարյալ է, որ գրեթե միշտ կարող է առողջությունը վերականգնել: Միայն թե այդ ջանքերը տարիքի ու հիվանդության խորացման հետ մեծանում են: Առողջության համար հավասար չափով չորս պայման պետք է կատարել.

- ֆիզիկական ծանրաբեռնվածություն,

- սննդի մեջ սահմանափակում

- կոփում,

- հանգստանալու ժամանակ ու իմացություն:

Օրական 20-30 րոպե ֆիզկուլտուրան բավարար է: Պետք է սննդի մեջ սահմանափակումներ անել: Քաշը պահպանել (հասակից հանած առնվազն 100): Թուլանալու հմտություն, իմացություն, իսկ դրա համար նաև ամուր խառնվածք պետք է ունենալ:

Բժիշկները բուժում են հիվանդությունը, սակայն առողջ կարող եք դառնալ միայն սեփական ջանքերի շնորհիվ:

Հատուկ ուշադրություն եմ դարձրել սննդին: Նշել եմ, որ կարևոր է, թե ինչ եք ուտում ու որքան: Ընդգծել եմ վիտամինների ու միկրոտարրերի և մյուս կենսաբանական ակտիվ նյութերի բացառիկ դերը, որոնք կարելի է ստանալ միայն թարմ մրգերից ու բանջարեղենից. նվազագույնը օրական 300 գրամն է, առավելագույնը՝ 1 կգ-ը: Ու որքան բազմազան, այնքան լավ: Թարմ բանջարեղենը եփածով փոխարինելը լավ տարբերակ չէ: Ջերմային մշակման հետևանքով վիտամինները քայքայվում են:

Ճարպերի մասին

Դրանք շատ կալորիաներ են պարունակում, 1 գրամում՝ 9: Դրանք մաքուր վիճակում պետք չեն, կարելի է չուտել կարագ ու սալ: Շատ ճարպեր կան կաթի, նույնիսկ հացի մեջ: Հումակերները կարող են բուսական ծագման սնունդ ուտել. օրգանիզմը ճարպեր է սինթեզում ածխաջրերից ու սպիտակուցներից:

Ճարպերը խոլեստերինի տեսքով կարող են կուտակվել անոթներում: Սկլերոզի դեմ կօգնի քաղցն ու ֆիզկուլտուրան: Սակայն եթե սկլերոզն ուղեղի անոթներում է, ապա նաև դեղորայք է անհրաժեշտ:

Սպիտակուցների մասին

Ասում են՝ առանց լիարժեք սպիտակուցների մարդը չի ապրի: Սերնդեսերունդ միլիոնավոր մարդիկ անփոխարինելի ամինաթթուներ պարունակող կենդանական ճարպեր չեն օգտագործել, և ֆիզիկական ցուցանիշներով բուսակերները ոչնչով հետ չեն մնում: Ավելին, սպիտակուցների ավելցուկն օրգանիզմը դժվարությամբ է մարսում, սպիտակուցներ են մնում շատ մթերքների քայքայումից,դժվարանում է նյութափոխանակությունը, ինչն այնքան էլ օգտակար չէ: Ուրեմն սպիտակուցներով տարվելու կարիք չկա:

Ածխաջրերի մասին

Եթե շատ քաղցր ուտեք, ապա քաշը նորմի մեջ պահել չի հաջողվի: Ածխաջրերը պետք են, սակայն որպես ածխաջրերի աղբյուր պետք է ընտրել քաղցր մրգեր ու հատիկավորներ (շիլաներ): Ոչ մի դեպքում չի կարելի մաքուր շաքար օգտագործել, դա քիմիական տարր է, շատ կալորիական, 1 գրամ շաքարը 4 կալորիա է պարունակում: Շատ օգտակար են մրգային ու բանջարեղենային թարմ հյութերը, դրանք կարելի է խմել անսահման քանակությամբ ու անպայման՝ տարբեր: Ապուրների դեպքում՝ հակառակը, պետք է զերծ մնալ. դրանց մեջ ջրի եռալուց ու բանջարեղենի եփից գոյացած (հատկապես երկար եփից) մեծ քանակությամբ աղեր են գոյանում:

1. Բժշկությունը կարողանում է հիվանդություններ բուժել, սակայն հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է:

2. Բժիշկները կուրացել են դեղերի ամենակարողության հավատից:

3. Վախեցեք բժիշկների գերին դառնալուց:

4. «Հիվանդության ժամանակ քիչ շարժվիր, հանգիստ մնա, լավ կեր» խորհուրդները հակասում են մարդու բնությանը: Շարժումը, մկանային ակտիվությունն ու մասնակի քաղցը օգնում են առողջանալուն: Մարդն ամուր էակ է: Ժամանակակից քաղաքակրթությունը մարդուն ավելի շատ առաջարկում է առողջ ու երկար կյանքի հնարավորություններ, քան սահմանափակումներ: Ու պետք է դրանցից օգտվել իմանալ, մերժել ավելորդ սնունդը, տաքությունը, ֆիզիկական մարզումների անբավարարությունը լրացնել ու հնարավորինս մարել հոգեբանական խիստ գրգռիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: