Հայերեն   English   Русский  

​Գրիգոր Մխիթարյան. «Հաղթանակի բերկրանքը ոչնչի հետ չեմ փոխի»


  
դիտումներ: 3916

Նոյեմբերի 9-13-ը Սոչիում կայացավ սամբոյի աշխարհի 2017 թվականի 41-րդ առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց շուրջ 600 մարզիկ 93 երկրներից: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի ղեկավարությամբ մրցաշարում հանդես եկան նաև 15 հայ մարզիկներ՝ նվաճելով 5 մեդալ՝ 2 ոսկի, 2 բրոնզ և 1 արծաթ: Մեր հավաքականը գրավեց երրորդ տեղը թե՛ մարզական, թե՛ մարտական սամբոյի թիմային հաշվարկով:

Մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում գերազանցեց Ղրղըզստանի ներկայացուցիչ Մուհամեդալ Երգիշևին`կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին:

«Անկախի» հետ զրույցում նորընծա չեմպիոնը պատմում է առաջնությունից ստացած տպավորությունների, անցկացրած գոտեմարտերի և դեպի հաղթանակ տանող ճանապարհի մասին:

- Շնորհավորում ենք Ձեզ աշխարհի առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարին:

- Շնորհակալ եմ: Յուրաքանչյուր մրցաշարի ու մրցման մոտենում եմ ամենայն պատասխանատվությամբ: Աշխարհի առաջնությանը սկսել եմ պատրաստվել մրցաշարից ամիսներ առաջ: Նպատակ էի դրել ամեն ինչ անել ստուգատեսին լավագույն մարզավիճակով ներկայանալու համար: Հատուկ գրաֆիկով եմ նախապատրաստվել. ամենօրյա մարզումներ, խիստ ռեժիմ և սննդակարգ: Այս ամենին հետևել եմ ամիսներ շարունակ:

Մրցաշարերի մասնակցում եմ միայն ու միայն հաղթելու նպատակով: Այս անգամ էլ տրամադրվածությունս մարտական էր: Սոչիում ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Առաջնությանը մասնակցում էին աշխարհի լավագույն մարզիկները, բոլորն էլ եկել էին հաղթելու և պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու մտքով:

- Առաջնության ընթացքում տպավորիչ հաղթանակներ տոնեցիք՝ ժամանակից շուտ վճռելով գոտեմարտերի ելքերը: Գոտեմարտերից որևէ մեկը կառանձնացնե՞ք:

- Վիճակահանությամբ բարդ ենթախումբ էր ինձ բաժին հասել: Մրցակիցներս բազմափորձ և ուժեղ մարզիկներ էին: Անցկացրած բոլոր մենամարտերն էլ շատ կարևոր էին: Առաջին մրցակիցս Ռուսաստանի ներկայացուցիչն էր: Նա առաջնության ֆավորիտներից էր: Եզրափակչում համահավասար գոտեմարտ էր ինձ համար: Ակտիվ մտա պայքարի մեջ: Տակտիկապես ճիշտ գործելով, ցավեցնող հնարք օգտագործելով` ժամանակից շուտ հաղթեցի:

Երկրորդ մրցակիցս Ռայիմկուլով Բոլատբեկն էր (Ղազախստան): Նա առաջին գոտեմարտում հաղթել էր աշխարհի չեմպիոնին: Նրան նույնպես հաղթեցի ցավեցնող հնարքով` ժամանակից շուտ ավարտելով գոտեմարտը:

Եզրափակչում մրցեցի Ղրղըզստանի ներկայացուցիչ Մուհամեդալ Երգիշևի հետ: Նա տպավորիչ հաղթանակներով դուրս էր եկել եզրափակիչ: Հետաքրքիր և դիտարժան եզրափակիչ ստացվեց: Գոտեմարտի սկզբում նախաձեռնությունը նրա ձեռքում էր: Մի քանի ծանր հարված բաց թողեցի: Սակայն կարողացա կենտրոնանալ և վերագտնել ինձ: Այդ պահին գիտակցեցի, որ պետք է պայքարեմ թե՛ մրցակցի դեմ, թե՛ ինքս իմ դեմ, որպեսզի կարողանամ դիմանալ ճնշմանն ու հարվածներին: Զգացողություն ունեի, որ անպայման հաղթելու եմ: Ներքին մղմամբ հասկացա, որ պետք է առաջ գնամ, հարձակվեմ: Միայն այդ դեպքում կարող էի հաջողության հասնել: Եվ ինձ հաջողվեց լրիվ փոխել մենամարտի ընթացքը. հաղթաթուղթն իմ ձեռքը վերցրի: Գեղեցիկ հնարքների միջոցով հաղթեցի մրցակցիս:

- Սոչիում հավաքականի տղաները բավական հաջող հանդես եկան: Թիմային հաշվարկով Հայաստանը 3-րդ տեղը գրավեց:

- Այո, դա մեծ ձեռքբերում է: Ուրախ եմ, որ հավաքականն ընդհանուր առմամբ հաջող հանդես եկավ: Մեր մարզաձևն անհատական է, բայց թիմում համախմբվածություն կա: Մրցաշարերի ընթացքում միշտ միասին ենք, հոգեպես աջակցում և քաջալերում ենք իրար` անկեղծորեն ուրախանալով մեկս մյուսի ձեռքբերումով:

- Հայրենիքում, մասնավորապես՝ Գյումրիում, Ձեզ մեծ ուրախությամբ դիմավորեցին: Ձեր հաղթանակը մեծ ուրախություն է մեր հայրենակիցների համար: Շիրակի համալսարանի ռեկտոր Ս. Մինասյանի կողմից հուշամեդալի և պատվոգրի արժանացաք: Այս ամենը պարտավորեցնո՞ւմ է:

- Հպարտ եմ, որ հայ եմ: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայացնել իմ երկիրը միջազգային ասպարեզում: Հաղթանակի բերկրանքը ոչնչի հետ չեմ փոխի և երբեք չեմ կարող իմ զգացողությունները բառերով արտահայտել: Հաղթելու համար մարզիկը կյանք է ներդնում, անմնացորդ նվիրումով աշխատում մի քանի վայրկյանի համար: Այդ պահերը, անկեղծ ասած, փորձում եմ ագահաբար վայելել, քանի որ անգին ու հարազատ է ամեն ինչ: Իսկ երբ հնչում է Հայաստանի օրհներգն ու ծածանվում է եռագույնը և դահլիճում ոտքի են կանգնում ծանոթներն ու անծանոթները, կրկնակի հպարտություն եմ զգում:

Յուրաքանչյուր մարզիկ ոգևորվում է, երբ գնահատանքի է արժանանում կատարած աշխատանքի համար: Ես էներգիա և ուժ եմ ստանում ավելի եռանդով մարզվելու, նորից հաղթելու և հաղթական ուղի կերտելու համար: Ամեն կերպ փորձում եմ հաջողությամբ ուրախություն պարգևել հայրենակիցներիս:

- Ի՞նչ է հարկավոր մարզիկին հաջողության հասնելու համար:

- Կարևոր է, որ մարդ սիրի այն գործը, որով զբավում է՝ կատարած աշխատանքից հաճույք ստանալով: Ցանկացած ասպարեզում հաջողության հասնելու համար մեծ նվիրում, համառություն, աշխատասիրություն և հավատ է հարկավոր: Մեր բնագավառում` նաև կարգապահություն: Ցանկացած հաղթանակ պարտավորեցնում է, որ չնահանջեմ և միշտ առաջ շարժվեմ:

Հասկանում եմ, որ հիմա ավելի շատ պետք է աշխատեմ: Հաղթանակը նոր խթան է իմ հետագա գործունեության համար: Երբ իջնում եմ պատվո հարթակից՝ իմ առջև նոր նպատակներ եմ դնում: Հաղթանակներով ու նվաճումներով փորձում եմ օրինակ ծառայել նաև պատանիներին, որ հայրենասեր լինեն, սպորտով զբաղվեն, իրենց առջև նպատակներ դնեն և ամեն գնով հասնեն դրանց:

- Գյումրու մարզադպրոցը, որտեղ մարզվում եք, անբարեկարգ վիճակում է: Մարզումային պայմանները որքանո՞վ են անդրադառնում մարզիկների մրցելույթների վրա:

- Եթե պայմանները ազդեին մեր ելույթների վրա, ապա հաջողություններ չէինք ունենա, չէինք հաղթի: Այն, որ պայմանները և մյուս խնդիրները չեն անդրադառնում մեր ելույթների վրա, գալիս է նվիրումից ու կամքից, մենք չենք նահանջում , այլ առաջ ենք շարժվում: Մեծ է ցանկությունս, որ գալիք սերունդն ավելի բարեկարգ, գույքով ապահովված, միջազգային ստանդարտներին համապատասխան դահլիճներում մարզվի, դժվարություններ չկրի և չմտածի կողմնակի խնդիրների մասին:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ






Մեկնաբանություններ - 1

Rima     02.12.2017 kecce mer chempion@
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: