Հայերեն   English   Русский  

​«Արենին», «Ոսկեհատը», «Խնդողնին» միջազգային շուկայում կդառնան մեր այցեքարտը


  
դիտումներ: 3390

Հայկական գինու մշակույթի հազարամյա վկայություններն ամենուր են:

Հենց Հայաստանում է հայտնաբերվել գինու արտադրության հնագույն համալիրն աշխարհում՝ Արենիի թիվ 1 քարանձավը, որտեղ պեղվել են 6100-ամյա վաղեմության հնձան, հողի մեջ թաղված խմորման ու պահպանման հսկայական կարասներ, գինու մատուցման սափորներ և գավաթներ:

XIX դարավերջին Արևելյան Հայաստանում գինեգործությունն աստիճանաբար ստացավ արդյունաբերական նշանակություն, իսկ ավելի ուշ սկսեց զարգանալ նաև կոնյակագործությունը: Այժմ փորձ է արվում Հայաստանը որպես գինու բնօրրան ճանաչելի դարձնել միջազգային հանրությանը:

Հայաստանում առաջին անգամ կազմակերպվեց գինու միջազգային համաժողով, որը հատկանշական էր օտարերկրյա հյուրերի թվով: Տարբեր երկրներից Հայաստան էր ժամանել շուրջ 30 փորձագետ՝ ծանոթանալու հայկական գինու պատմությանը և փոխանակելու իրենց փորձը հայ գինեգործների հետ:

Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ողջ ընթացքում գինին համարվել է ոչ միայն տնտեսական բարիք, այլև մշակույթի անբաժան մաս: Հայկական գինիներն այսօր արտահանվում են աշխարհի շուրջ 25 երկրներ: Հայաստանում 2016 թ. արտադրվել է մոտ 7,5 մլն լիտր գինի, ինչը 14 տոկոսով ավելի է, քան 2015 թ.: Արտահանման առումով նույնպես ունենք լավ ցուցանիշ. 2016 թ. արտահանվել է ավելի քան 1,8 մլն. լիտր գինի, որը 37 տոկոսով ավելի է, քան 2015 թ.:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը, խոսելով ոլորտում իրականացվելիք կարևոր նախաձեռնությունների մասին, նշեց, որ Հայաստանում կներդրվի գինու տարբերակման մշակույթ՝ ըստ դրա տարածաշրջանային ծագման, ինչը կնպաստի Հայաստանում գինու նշանակության բարձրացմանը և տարբեր շրջաններում արտադրված գինիների տարբերությունն ակնհայտ և հասկանալի կդարձնի։ «Գինու արտադրության առումով զարգացած բոլոր երկրներն անցել են այդ ճանապարհով, և հենց այդ ճանապարհով է որոշվում այս կամ այն գինու արժեքը։ Իսկ մենք չունենք այդ մշակույթը, այդ պատճառով չենք կարող հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում թանկ գինին, ինչու է այն թանկ կամ ընդհակառակը՝ ինչու է էժան»,- պարզաբանեց Իգնատի Առաքելյանը:

Նա հայտնեց, որ այն պահից, երբ Հայաստանում խաղողի գրանցված այգիների ցուցակ լինի՝ կոնկրետ նշված տեսակներով, այդ ժամանակ առավել կհեշտանա ու ավելի արդյունավետ կդառնա գինեգործության և կոնյակի արտադրության զարգացումը: «Այսօր մենք արտադրությունը պարզապես զարգացնում ենք՝ ելնելով նրանից, ինչ այս պահին կա դաշտերում: Սակայն մենք որոշակի ռեեստր չունենք, որտեղ այս ամենը կգրանցվի»,- ասաց նախարարը՝ հավելելով,որ այս գործընթացը չափազանց աշխատատար է:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա ֆիլոքսերիայի վտանգ, որը դեռևս այնքան էլ տարածված չէ, սակայն միշտ է եղել: Ու թեպետ միջազգային փորձագետների հետազոտությունների արդյունքներով այն չի զարգանում՝ պայմանավորված երկրի բնակլիմայական պայմաններով, այդուհանդերձ նախարարը իրադարձությունների անբարենպաստ զարգացմանը պատրաստ լինելու կոչ արեց:

Գերմանացի փորձագետ, դոկտոր, պրոֆեսոր Յոսքիմ Շմիդտն իր զեկույցում անդրադարձավ ֆիլոքսերիայի դեմ պայքարին՝ առաջարկելով ամենավտանգավոր վնասատուների դեմ պայքարի իր մեխանիզմը: Ըստ նրա՝ խաղողի վազի գենետիկական բարելավման լավագույն միջոց է կլոնային սելեկցիան: «Ժամանակի հետ տեղածին սորտերի գենետիկական բազմազանությունը մեծանում է՝ ստեղծելով պայմաններ նոր փոփոխվող կլիմային և արդյունաբերական պահանջարկին համապատասխան կլոնների համար: Ուստի կլոնային սելեկցիան և ֆիլոքսերադիմացկուն արմատակալնելով պատվաստումը կնպաստեն հայկական տեղածին խաղողի սորտերի պահպանմանը»,- վստահեցրեց գերմանացի փորձագետը:

Սկսվել են տնկարանների հիմնադրման աշխատանքները, որտեղ կաճեցնեն ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան տեսակներ: Այն հարցին, թե ինչպիսին է ներմուծված և տեղական գինիների վաճառքի հարաբերակցությունն առևտրի կետերում, նախարարն ասաց. «Հայաստանում տեղական գինիներն ավելի շատ են, քան ներմուծվածները: Միանշանակ է՝ «Արենին», «Ոսկեհատը», «Խնդողնին» միջազգային շուկայում կդառնան մեր այցեքարտը։ Հայ գինեգործները չեն պատրաստվում հրաժարվել հայրենական խաղողի սորտերից, բայց դա չի նշանակում, որ չի կարելի միախառնել տեղական և ներմուծված սորտերը, ինչը կարող է առանձնահատուկ բույր և համ տալ»։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը գինեգործությունը ճանաչել է տնտեսության գերակա ճյուղ, որի արդյունավետ և համակարգային զարգացումն ապահովելու նպատակով 2016 թ. ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ՝ ոլորտում պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն ներդնելու նպատակով:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: