Հայերեն   English   Русский  

Ի՞ՆՉ ԷՐ ՊԱՏՄՈՒՄ ՀԱՄՐ ՖԻԼՄԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


  
դիտումներ: 6768

1915 թ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հորդորով Մերձավոր Արևելքում միլիոնավոր կարիքավորների օգնելու համար մի խումբ ականավոր ամերիկացիներ հիմնադրեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց կոմիտեն,

որի նպատակն էր «Մերձավոր Արևելքի և հարակից շրջանների տուժածների և կարիքավորների համար մարդասիրական օգնություն ապահովել և աջակցել նրանց հայրենադարձությանը, վերաբնակեցմանը և վերահաստատմանը, ինչպես նաև ապահովել որբերի և այրիների խնամքը …» (1): Հանգանակություններ և դրամահավաք կազմակերպելու նպատակով Նպաստամատույց կոմիտեի աշխատակիցները լայնածավալ քարոզչական գործունեություն սկսեցին:

Առաջին աշխարհամարտի ավարտը պայմաններ ստեղծեց առավել արդյունավետ դրամահավաքի համար: Այն հնարավորություն ընձեռեց հասարակության լայն շերտերին լուսանկարների և շարժական պատկերների միջոցով առավել հստակ ընկալելու Մերձավոր Արևելքի ողբերգության ծավալները: Օգտագործելով պատկերի զգայական ներգործությունը և գիտակցելով հայ գաղթականների ու որբերի ծանր վիճակը ներկայացնող լուսանկարների ազդեցությունը հասարակության վրա՝ կազմակերպվեցին վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ:

Նմանատիպ ֆիլմաշարեր ստեղծելու նպատակով Մերձավոր Արևելք էին ուղարկվում կոմիտեի աշխատակիցներ, լուսանկարիչներ, ֆիլմարտադրողներ և նկարահանող խմբեր: 1921 թ. Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի կազմում՝ որպես նկարահանող խմբի անդամ Կոստանդնուպոլիս ժամանեց տիկին Ֆլորենս Սփենսեր Դյուրիեյը, ով Կոմիտեի ստեղծման առաջին իսկ տարիներից կազմակերպության կողքին էր և մեծապես հետաքրքրված էր հայ գաղթականների ու որբերի հարցերով: Լինելով Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի Կանանց կազմակերությունների գլխավոր քարտուղար՝ նա հաճախ է բարձրաձայնել հայ և հույն գաղթականների ու որբերի ճակատագրի մասին New York Times և Woman Citizen թերթերում: Նկարահանող խմբի նպատակն էր ստեղծել Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի գործունեության մասին պատմող համր ֆիլմ: Լուիզ Կարոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի նմանությամբ պետք է նկարահանվեր երեխաների համար ուսուցողական «Ալիսան սովյալների աշխարհում» վերնագրով ֆիլմ (2), որի բոլոր կերպարներին մարմնավորելու էին Մերձավոր Արևելքի որբերը: Մեկ երեխայի դրամատիկ պատմությունը կարող էր շատ ավելի ազդեցիկ լինել քան սովյալների մի ամբողջ բազմության պատմությունը: Կոմիտեի որբանոցներ կատարած այցերի ժամանակ տիկին Դյուրիեյի ուշադրությունը գրավում է Օրթաքյոյի որբանոցի սաներից ութամյա Էսթեր անունով մի աղջնակ: Հենց նա էլ ընտրվում է ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար: Էսթեր Ռեյզոնը ծնվել էր 1912 թ. Կոստանդնուպոլսում հրեական ընտանիքում: Էսթերի ծնողները մահացել էին Առաջին աշխարհամարտի տարիներին, իսկ հինգ քույրերը մահացել էին հիվանդություններից ու թերսնուցումից: Էսթերն ապաստան էր գտել Կոստանդնուպոսլի Հրեական ազգային մանկատանը(3):

Ֆիլմում Էսթերը մարմնավորելու էր ութ տարեկան ամերիկացի աղջնակի, ում հայրը Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի աշխատակից էր և գտնվում էր Մերձավոր Արևելքում: Ամերիկայից Մերձավոր Արևելքի որբերի համար սնունդ և հագուստ տեղափոխող նավով Ալիսան գնում է իր հոր հետևից և գտնում նրան Կոստանդնուպոլսում, որտեղից նրանք միասին ճամփորդում են Սև ծովով դեպի Բաթում, Թբիլիսի, Ալեսքանդրապոլ (Գյումրի) և Երևան: Այդ ընթացքում Ալիսան այցելում է Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցներ, որտեղ հայ որբերը սովորեցնում են նրան հայկական ազգային երգեր ու պարեր, տեսնում է նաև որբանոց մտնելու համար իրենց հերթին սպասող և անմխիթար վիճակում գտնվող որբերի, որոնցից յուրաքանչյուրին բաժանում է հացի պատառներ (4): Ֆիլմում ընդգրկված էին իրական կադրեր՝ արված Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցներում և դրանց պատերից դուրս՝ ամերիկյան հասարակությանն ավելի պատկերավոր ներկայացնելու ամերիկացի ժողովրդի հանգանակությունների անհրաժեշտությունը: Հակադրելով «անօթևան, փողոցներում սովամահ լինող, հաճախ շների կողքին գիշերող երեխաների» վիճակը կոմիտեի «որբանոցներում առողջ, կոկիկ, զվարթ երեխաների» (5) վիճակին ֆիլմի միջոցով ներկայացվում էր Կոմիտեի կատարած աշխատանքի հսկայական ծավալները: Միաժամանակ ֆիլմի միջոցով կոմիտեն կոչ էր անում ավելի ակտիվ մասնակցել դրամահավաքներին ու հանգանակություններին:

Երեք ժապավենից կազմված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1921 թ. նոյեմբերի 29-ին Նյու Յորքում՝ Յեյլի ակումբում: Ֆիլմը մեծ հաջողություններ գրանցեց հատկապես երեխաների շրջանում: ԱՄՆ որոշ քաղաքներում երեխաները մուտքի տոմսի փոխարեն խտացրած կաթ էին հանձնում կոմիտեի գրասենյակներ: Միայն 1922 թ. հունվար ամսին Նյու Յորքի Ուայթ Փլեյնս քաղաքում սկաուտների նախաձեռնությամբ ֆիլմը դիտել ցանկացող երեխաների կողմից ավելի քան 5000 տուփ խտացրած կաթ էր հավաքվել Մերձավոր Արևելք ուղարկելու համար (6): Որոշ քաղաքներում էլ Նպաստամատույց կոմիտեի գրասենյակները դպրոցական երեխաներին անվճար տոմսեր էին բաժանում՝ այդկերպ փորձելով բարձրացնել երեխաների շրջանում տեղեկացվածության մակարդակը, որն էլ կհանգեցներ ավելի մեծ ծավալի հանգանակությունների (7):

Ֆիլմի նկարահանումներից հետո տիկին Դյուրիեյը որդեգրում է Էսթերին և իր հետ տանում Նյու Յորք: Կոստանդնուպոսլի Հրեական ազգային մանկատունը և Մերձավոր Արևելքի Նպաստամատույց կոմիտեի հոգաբարձուների խորհուրդը (8) հետևողական եղան, որպեսզի Էսթերը, այժմ արդեն Ալիսա Դյուրիեյը, մեծանա հրեական ավանդույթներով և դաստիարակվի հրեական ոգով: Էսթերի մասնակցությամբ ֆիլմի և Էսթերի ճակատագրի մասին հոդվածներ լույս տեսան The New Near Eastպարբերականում և The New York Times թերթի համարներում (10): Էսթերի հետ ԱՄՆ տեղափոխվելուց հետո տիկին Դյուրիեյը շարունակեց իր հայանպաստ գործունեությունը: Նրանք միասին ճամփորդում էին ԱՄՆ Արևելյան ափին տարբեր քաղաքներում ֆիլմի պրեմիերաներին մասնակցելու համար և հանդիսատեսի հետ հանդիպելու և Մերձավոր արևելքի որբերի վիճակը ներկայացնելու համար (11): Նրանք կազմակերպում էին արևելյան տոնավաճառներ, որտեղ վաճառվում էին Կոմիտեի որբանոցների սաների և գաղթականների ձեռքի աշխատանքներ: Միայն 1931 թ. գաղթականների ձեռքի աշխատանքների վաճառքից նրանք հավաքեցին 100 000 ԱՄՆ դոլար (12):

Էսթերի մասնակցությամբ «Ալիսան սովյալների աշխարհում» ֆիլմի ցուցադրությունից ստացված ողջ հասույթն ուղղվեց ավելի քան 130000 կենսապահովման գործին: Ցավոք, ֆիմից որևէ հատված դեռևս չի հայտնաբերվել: Մոտ մեկ դար անց՝ 2010 թ. Near East Foundation կազմակերպությունը ֆիլմում Ալիսայի կերպարը մարմնավորած Էսթեր Ռեյզոնին պարգևատրեց Պատվո մեդալով՝ Մերձավոր Արևելքի որբերի համար կատարած աշխատանքի համար (13):

Էսթեր Ռեյզոնը մահացել է 2015 թ. նոյեմբերի 15-ին ԱՄՆ Բյութ քաղաքում, 103 տարեկան հասակում (14):

Լուսինե Աբրահամյան, ՀՑԹԻ գիտաշխատող





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: