Հայերեն   English   Русский  

Սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանում քաղաքական պայքարն ավարտվել է. Դավիթ Հովհաննիսյան


  
դիտումներ: 2918

«2015 թվականի դեկտեմբերի 6-ից Հայաստանում քաղաքական պայքարն ավարտվեց: Նախագահական ընտրությունները միշտ եղել են այն շանսը, որի ժամանակ կարող են լինել հենց քաղաքական փոփոխությունները: Այդ պատճառով վերացվեց ընտրությունների այդ տեսակը»:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Չեք անցկացնի» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ուղիղ երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրական փոփոխություններին վերաբերող հանրաքվեն: Քվեարկության արդյունքում «այո»-ն հաղթեց ձայների ճնշող մեծամասնությամբ:

Դավիթ Հովհաննիսյանը համոզված է, Սերժ Սարգսյանը սահմանադրությունը փոխեց իր և իր թիմի վերարտադրության համար:

«Մեծ հաշվով ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնելու ճանապարհը փակվեց: Պատահական չէ, որ առնվազն երեք խումբ փորձեցին զինված ճանապարհով գնալ այդ փոփոխության դրանից հետո»:

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ինքը դեմ է սահմանադրական փոփոխություններին և չի շարունակելու է մնալ իշխանության շարքում, Դավիթ Սարգսյանն պատասխանեց՝ դրանք ընդամենը PR տեխնոլոգիաներ էին. «Նա գիտեր իր՝ չափազանց ցածր հեղինակության մասին երկրում և փորձում էր փոփոխություններն իր անձի հետ չկապել: Երբ նա հայտարարում է, որ ինքը դեմ է այդ փոփոխություններին, ենթադրվում է, որ հասարակությունը կողմ կլինի այդ փոփոխություններին: Երբ խոստանում էր, որ դրա արդյունքում ինքը չի շարունակի մնալ իշխանության մեջ, մտածում էր, թե այդ հայտարարություններից հետո ժողովուրդը գնալու և կողմ է քվեարկելու»:

Դավիթ Հովհաննիսյանը համոզված է, որ արդեն ՀՀԿ-ից շատերն են մոռացել դա և հայտարարում են, որ որպես առաջնորդի Սերժ Սարգսյանին են տեսնում.« Բազմաթիվ նախադեպեր ունենք: Որևէ մեկի համար զարմանալի չէ, որ Սերժ Սարգսյանը կարող է խախտել իր տված խոստումը, և շատ հնարավոր է՝ հենց ինքն էլ զբաղեցնի վարչապետի պաշտոնը կամ որևէ անձ, որը կլինի իր մարիոնետը քաղաքական դաշտում»:

Ըստ բանախոսի՝ քաղաքական դաշտն այժմ գտնվում է ճահճացած վիճակում, սակայն դրանից դուրս կարող են լինել բազմաթիվ ֆորսմաժորային իրավիճակներ, քանի որ մարդիկ ահաբեկչության կամ նման այլ մեթոդների կարող են դիմել փոփոխություններին հասնելու համար:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանն իր հերթին ընդգծեց՝ ավտորիտար երկրների մեծ մասը նախագահական կամ կիսանախագահական երկրներն են և հակառակը՝ դեմոկրատական երկրների զգալի մասը խորհրդարանական կառավարում ունեցողներն են.« Իհարկե, սա չի նշանակում, որ եթե ուզում ես ժողովրդավար երկիր լինել, ուրեմն անպայման պետք է խորհրդարանական կառավարման համակարգն ընտրես: Եթե չունես դե ֆակտո ժողովրդավարական քաղաքական ռեժիմ, նշանակում է ՝ որևէ քաղաքական համակարգ այդտեղ չի աշխատելու»:

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: