Հայերեն   English   Русский  

​Պաշտպանության նախարարը 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին հանձնեց բնակարանների գնման վկայագրերը


  
դիտումներ: 640

Դեկտեմբերի 6-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարության համակարգի 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրով շահառուներին բնակարանների գնման վկայագրեր հանձնելու արարողությունը։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փաստել է, որ զոհված զինծառայողների և զինհաշմանդամների ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ «Պետությունը մեծ պարտք ունի զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների առջև։ Հետևողական քայլեր մշտապես կատարվել և շարունակելու են ձեռնարկվել մեր երկրի անվտանգության ու պաշտպանության համար իրենց կյանքը զոհած կամ առողջությունը վտանգած համաքաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու համար։Պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո ես փորձել եմ զոհված զինծառայողների ընտանիքների և առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների խնդիրներին մոտենալ ավելի կանոնակարգված ձևով»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է մինչև այս կատարված հիմնական քայլերը՝ դրանցից առանձնացնելով հատկապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծման, զինհաշմանդամների վերականգնողական նոր կենտրոնի կառուցման և բնակարանային ապահովման նշյալ ծրագրի ուղղությամբ կատարվող գործնական քայլերը։

Անդրադառնալով 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող և զոհված զինծառայողների ընտանիքներին տրված բնակարանների գնման վկայագրերին՝ պաշտպանության նախարարը ընդգծել է, որ այս գործընթացում տարիներ շարունակ օրենսդրական կարգերի փոփոխություն չի կատարվել, պարզապես այն արագացվել է՝ հիմք ընդունելով ապրիլի 20-ին «Ազգ-բանակ» համաժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ ըստ որի վերոնշյալ խնդիրը պետք է լուծվեր 3 տարվա ընթացքում։ Սակայն համակողմանիորեն ուսումնասիրելով հարցը՝ ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների, մասնավորապես՝ տեսախցկիների արձանագրած խախտումներից գոյացած գումարի մի մասը բնակարանային ապահովման նշյալ ծրագրին ուղղորդելու շնորհիվ հնարավոր է դարձել խնդիրը կարգավորել անհամեմատ սեղմ ժամկետներում։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ շահառուներին տրված բնակարանների գնման վկայագրերում հիմք են ընդունվել նրանց գրանցման հասցեները և ըստ այդ հասցեների անշարժ գույքի գործող կադաստրային արժեքները։

Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև շահառուներին հետաքրքրող հարցերին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: