Հայերեն   English   Русский  

ԱՄՆ նախագահի որոշման առնչությամբ Թուրքիայում բողոքի ակցիաներ են սկսվել


  
դիտումներ: 127

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը Թուրքիայում բողոքի ակցիաների անցկացման պատճառ է հանդիսացել:

Այս մասին գրում է թուրքական «ԵնիՇաֆաք» թերթը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Միացյալ Նահանգների այդ որոշումն արդեն «անպատասխանատու է անվանել»:

Ըստ թերթի՝ բողոքի ակցիային մասնակցել են Թուրքիայի խոշոր քաղաքների բնակիչներ: Բողոքի ակցիաներից մեկը կազմակերպվել է Ստամբուլում՝ Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության շենքի առջև: Հաղորդվում է, որ չնայած ակցիայի խաղաղ բնույթին՝ նրա որոշ մասնակիցներ դիվանագիտական ներկայացուցչության շենքի ուղղությամբ առարկաներ են նետել:

Վաշինգտոնի որոշման քննադատությամբ հանդես է եկելԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը: «ԱՄՆ-ի վարչակազմին կոչ ենք անում վերանայել այդ որոշումը, որը կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետևանքների, և խուսափել չհաշվարկված քայլերից, որոնք կվնասեն Երուսաղեմի՝ որպես բազմամշակութային և պատմական քաղաքի կարգավիճակին»,-նշված է կառույցի հայտարարությունում:

Իր որոշման մասին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Վերջինս նշել է, որ Պետդեպարտամենտին հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է այդ որոշումը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի քննադատությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և մի շարք այլ մահմեդական երկրների իշխանությունները:

Միացյալ Նահանգների կոնգրեսը դեռևս 1995 թ-ին ընդունել է օրենք՝ Իսրայելում դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Սակայն քաղաքի վիճարկային կարգավիճակի և արաբամահմեդական աշխարհի համար այդ խնդրի զգայունության պատճառով ամերիկյան բոլոր նախագահները յուրաքանչյուր վեց ամիսը մեկ ստորագրում են այդ որոշման իրականացումը հետաձգող փաստաթուղթ:

Իսրայելը Երուսաղեմը հայտարարել է որպես իր «միասնական և անբաժան» մայրաքաղաք՝ այդ թվում նրա արևելյան շրջաններն ու պատմական կենտրոնը՝ դեռևս կես դար առաջ Հորդանանից խլված և հետագայում անեքսիայի ենթարկված:

Աշխարհը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է մերձավորարևելյան հակամարտության հիմնական խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի պաղեստինցիների հետ համաձայնության ճանապարհով, ովքեր հավակնում են Երուսաղեմի արևելյան մասին: Այդ առնչությամբ բոլոր օտարերկրյա դեսպանությունները տեղակայված են Թել-Ավիվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: