Հայերեն   English   Русский  

«Մի վերագրեք այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի». Աժ-ում շարունակվեց ընտանեկան բռնության դեմ օրենքի նախագծի քննարկումը


  
դիտումներ: 557

Ազգային ժողովում այսօր շարունակվեց քննարկվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Ես ամբիոնին մոտեցա վերահաստատելու այն դիրքորոշումը, որն այս դահլիճում գտնվող մեծամասնության կողմից իրականում համակրանքի է արժանանում։ Հարգելի գործընկերներ, մի կոչ և հորդոր եմ ուզում անել, մի վերագրեք այս օրենքին այնպիսի դեր, ինչպիսին այն չունի ու չի կարող ունենալ, մի վերագրեք այս օրենքին կարգավորիչ դեր. այս օրենքը որևէ պարագայում չի կարող, չի հավակնում և այդպիսի նպատակադրում չի էլ եղել մտնելու մարդկանց ընտանիքներ։ Որևէ օրենք չի կարող մտնել մարդկանց ընտանիքներ: Մի վերապահեք այնպիսի դեր, որն ի սկզբանե բաժանարար գծեր ու ջրբաժաններ է տանում, չկա այստեղ մեր և ձեր տեսակետ։ Ավելի քան վստահ եմ, որ այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրը, այն դրսևորումները, որոնց դեմ պիտի պայքարի այս օրինագիծը, տեսնելու դեպքում, ինքն առաջին պայքարողն է լինելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Պատգամավորը չի կիսում այն տեսակետները, որոնք այս օրենքի համատեքստում քննարկում են մայրիշխանության կամ հայրիշխանության պայքարի խնդիրներ։

«Ինչ վերաբերում է եզակի առանձնյակների հայհոյախառն, հայհոյական մշակույթն ի ցույց դնողներին, նրանց պատասխանն այլ տիրույթում է, և ես այդ տիրույթում անելիք չունեմ։ Եվ մեկ անգամ ևս կոչ եմ կողմ քվեարկել օրինագծին, որովհետև վստահ եմ, ձեզնից որևէ մեկը չի հանդուրժի այն դրսևորումները, որի դեմ այս օրինագիծը պայքարելու է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: