Հայերեն   English   Русский  

Աժ-ում քննարկվեց Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն ուղղված օրենքի նախագիծը


  
դիտումներ: 1712

Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել Դատական և Վարչական դատավարության մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ փաստաթուղթը նպատակ ունի բեռնաթափել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը՝ վարչական վերաքննիչ դատարանում մեկ լրակազմ ավելացնելով, այսինքն՝ Վարչական վերաքննիչ դատարանում ստեղծվելու է 3 դատավորի հաստիք:

Բացի այդ, կփոփոխություններով փորձ է արվում վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնել այն գործերով, որոնց ժամանակ վարչական մարմնի ընդունած ակտի վերաբերյալ հասցեատերը չի առարկում և այդ ակտի իրավաչափության հարց չի բարձրացնում:

«Ասեմ, որ այսօր Վարչական վերաքննիչ դատարան բողոք ներկայացնելիս, բողոքը քննության է առնվում 2019 թվականի հուլիսից ոչ շուտ: Մենք այս փոփոխություններով նախատեսում ենք, որ համապատասխան դատավորների նշանակումից հետո այդ գործերը կքննվեն 2018 թվականի ընթացքում», - ասաց նախարարի տեղակալը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթուն ընդգծեց, որ շատ կարևոր է դատավորների քանակը յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվարկով և եթե դատավորների քանակը պակաս է լինում, ապա տուժում են արդար դատաքննության կարևոր սկզբունքներ:

«Օրինակ՝ խախտվում է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Անկախ նրանից՝ անձը շահել է, թե պարտվել, եթե արդարադատությունը ուշացված է, դա համարվում է մերժված արդարադատություն», - ասաց Զեյնալյանը:

Անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը՝ պատգամավորը նկատեց, որ Վարչական վերաքննիչ դատարանի կազմը համալրվում է առաջին ատյանի դատարանի հաշվին և ըստ էության, խնդիրն այդպիսով չի լուծվում:

Որպես բեռնաթափման մեխանիզմ ՝ պատգամավորը առաջարկում է դատաքննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով:

«Անձինք ծանուցվում են դատական նիստի օրվա ու ժամի մասին, դատավորը բացում է նիստն ու գրավոր ձևով ներկայացնում ողջ ընթացակարգը: Ուղղակի դա լինելու է գրավոր: Նաև ասում ենք, որ գրավորից կարող է անցում լինել բանավոր ընթացակարգի: Ըստ էության՝ ոչինչ չի փոխվում: Մենք չենք կարող գրավոր ընթացակարգը պարզեցնել այն աստիճան, որ դատավորը իր աշխատասենյակից դուրս չգա ու իրականացնի արդարադատություն: Մենք պետք է պահպանենք արդար դատաքննության իրավունքի բոլոր բաղադրատարրերը», - ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր ընդամենը տարեկան 64 մլն դրամ, որ առաջին ատյանի դատարանների դատավորների քանակը չպակասեցվեր ու ավելացվեր Վարչական վերաքննիչ դատարանների դատավորների քանակը:

«Մենք չկարողացանք բյուջեում գտնել այս գումարը՝ այս կարևորագույն իրավունքի այդ էլեմենտը ապահովելու համար: Արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը արդարության պակասն է. մենք այս խնդրին չպետք է այս ձևով վերաբերվենք»,- ասաց Զեյնալյանը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ կատարվող փոփոխության արդյունքում լուծում չի տրվում, հակառակը՝ ծանրաբեռնվածությունը մի ատյանից տեղափոխվում է մյուս՝ երկրորդ ատյան: Նրա խոսքով՝ աստղաբաշխական գումարներ են պետք՝ համակարգը մի քանի դատավորով ավելացնելու համար:

Արձագանքելով ընդդիմախոսներին՝ փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ իրենց համար ևս մտահոգիչ է այն, որ ՀՀ-ում 100 հազար բնակչի հաշվով դատավորների թիվը նվազ է: Ըստ նրա՝ պետք է միջոցներ ձեռնարկվեն ու ներդրվեն վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ՝ փոփոխելով ընդհանուր դատական համակարգը, գործերը բաշխելով դատարանների միջև:

Նշենք, որ օրինագիծը ԱԺ-ում քննարկվում էր 2-րդ ընթերցմամբ և քվեարկության կդրվի վաղը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: