Հայերեն   English   Русский  

​Վրաստանի հետ հարաբերություններում Երևանն ավելի ակտիվ և նախաձեռնողական պետք է լինի. վրացագետ


  
դիտումներ: 4154

Հայաստանը հարևան Վրաստանում նոր դեսպան ունի: Օրերս չեղարկվեց Վրաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ դեկտեմբերի 5-ին լրացավ 1918 թ. հայ-վրացական պատերազմի 99-ամյակը։

Առիթն օգտագործելով՝ «Անկախը» հայ-վրացական հարաբերությունների մասին է զրուցել վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։

- Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունների մակարդակը ներկայում։

- Ես արդի հայ-վրացական հարաբերություններում չէի փորձի զուգահեռներ անցկացնել անցած դարասկզբի իրադարձությունների հետ։ Առկա զարգացումները սկսվել են Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ երկու պետություններն անկախություն ստացան և սկսեցին իրենց արտաքին քաղաքականությունը ձևավորել տարածաշրջանում ու արտատարածաշրջանային գործընկերների հետ։

Կարելի է ասել, որ այսօր երկու երկրների միջև գործընկերային, բարիդրացիական հարաբերություններ են: Երկու երկրների իշխանությունների մոտ քաղաքական կոնսենսուս կա հարևանի ազգային շահերի և ինտեգրացիոն գործընթացներում ընտրության առումով։ Ուստի կարելի է ասել, որ նորմալ դինամիկայով են ընթանում հարաբերությունները։ Չկան երկրներ, որ դեռևս չլուծված խնդիրներ չունենան։ Այս պարագայում սահմանների վերջնական գծման հարցը դեռևս լուծված չէ, բայց մի օր պետք է լուծենք։ Վրաստանն ավարտեց Թուրքիայի հետ սահմանների գծման գործընթացը, Ռուսաստանի հետ, հասկանում ենք, կոնֆլիկտ կա, և առաջիկա տարիներին խնդիրը չի լուծվի։ Մնում են Հայաստանը և Ադրբեջանը։ Իմ կարծիքով՝ միջկառավարական հանձնաժողովն աշխատանքը կատարելու է, և օրերից մի օր մենք այդ հարցն էլ լուծած կլինենք։

- Երկու երկրներն իրենց վարած քաղաքականությամբ որքանո՞վ են կարևորում մեկը մյուսին։

- Ներկայումս երկու երկրներն էլ կարևոր են իրար համար։ Մենք եվրոպական և եվրասիական շուկայի հետ առնչվում ենք Վրաստանի տարածքով։ Իսկ Հայաստանը Վրաստանի արտաքին առևտրային գործընկերների տասնյակում է, առևտրային հարաբերությունները բավականին ակտիվ են, չնայած կարիք կա, որ ավելի ընդլայնվեն և ավելի մեծ ծավալներ լինեն։ Մենք մեծ ներդրում ունենք Վրաստանի տուրիզմի մեջ. այցելուների թվով եռյակում ենք։ Արդեն հայտնի է, որ Վրաստանն այս տարի 3 մլրդ դոլար է վաստակել տուրիզմի շնորհիվ։ Այդ գումարի ոչ պակաս կարևոր մասը հայաստանցիներն են թողել Վրաստանում, ինչը մեծ ներդրում է այդ երկրի տնտեսության մեջ։ Քանի որ Վրաստանը մեզ համար նաև տարանցիկ երկիր է, մեր բեռնափոխադրումներով էլ ներդրում ունենք նրանց տնտեսության մեջ։

Այժմ Վրաստանը փորձում է Իրանի հետ հարաբերությունները խորացնել, այս հարցում էլ կարող ենք օգտակար լինել, քանի որ դեպի Իրան ամենակարճ ճանապարհը մեր տարածքով է։ Իհարկե, այս տեսանկյունից մեր խնդիրներն ունենք. պետք է ավարտին հասցվեն ընթացիկ պրոյեկտները, ենթակառուցվածքներ ապահովվեն։

Ժամանակ առ ժամանակ որոշ հարևաններ փորձում են մեր հարաբերությունների մեջ բացասական դինամիկա մտցնել, բայց, իմ կարծիքով, երկու երկրների հարաբերություններն այս տարիների ընթացքում հասել են այն մակարդակին, որ դրսի խոչընդոտները և միջամտություններն արդյունքի չեն հասնում։

- Օրեր առաջ չեղարկվեց Վրաստանի վարչապետի այցը Հայաստան։ Տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստ ունե՞ր։

- Չէ, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Իրականում որոշ բարեփոխումներ են կատարվելու Վրաստանում: Նրանք կառուցվածքային և կադրային փոփոխություններ են պատրաստել, որոնք Վրաստանի խորհրդարանը դեռևս չի հաստատել։

Տեղեկություն կա, որ այս ամսվա ընթացքում մեր նախագահն այցելելու է Վրաստան։ Հնարավոր է, որ այդ երկու հարցերը համընկել են։ Քանի որ Վրաստանի վարչապետին որպես վերահաստատված կառավարության ղեկավար նպատակահարմար չէր գալ Հայաստան, այդ այցը կարող է տեղի ունենալ արդեն մյուս տարի։ Իսկ այս տարվա մեջ մեր երկրի ղեկավարը կարող է այցելել Վրաստան, ինչը ցույց է տալիս, որ միջպետական հարաբերությունների մակարդակը բարձր է։

- Արդյոք մեր վարած քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, պաշտոններում նշանակումները վկայո՞ւմ են, որ այդ երկիրի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն մեզ համար։ Հարաբերությունների ողջ պոտենցիալն օգտագործո՞ւմ ենք, թե՞ ոչ։

- Երկու երկրների միջև հարաբերությունները կան, բայց կարող եմ փաստել, որ հարաբերությունների ողջ պոտենցիալը չէ, որ օգտագործվում է։ Երևանն ավելի ակտիվ և նախաձեռնողական պետք է լինի։ Բոլոր տարածաշրջանային պրոյեկտներում, որոնց Վրաստանը մասնակցում է, պետք է առաջարկությունների մեր փաթեթով հանդես գանք։

Իսկ կադրային հարցերի առումով իմ կարծիքը հետևյալն է. մարդկանց պետք է դատենք իրենց աշխատանքով։ Եթե ինչ-որ մեկին նշանակում են՝ սպասենք և տեսնենք աշխատանքը։ Այսօր նախկինների աշխատանքը կարող ենք գնահատել։ Երևի կարելի էր անել ավելին, քան արվեց։ Հույս ունենանք, որ նոր նշանակումներն արդյունք կտան։ Ի վերջո, միայն դեսպանը չէ, որ աշխատում է, այլ ողջ դիվանագիտական ներկայացուցչության թիմը։ Եվ նրանց ակտիվ աշխատանքն է արդյունք բերում։ Հույս ունենք, որ այդ առումով ակտիվ շրջան է սպասվում։

- Նոյեմբերի վերջին Վրաստանում հակաահաբեկչական գործողություններ տեղի ունեցան։ Ի՞նչ զարգացումներ են եղել։ Ձեր կարծիքով՝ Վրաստանը կշարունակի՞ մնալ ապահով երկիր։

- Պետք է հասկանանք, որ Վրաստանն այն երկրներից է, որտեղից «Իսլամական պետությանը» զինյալներ են անդամագրվել և միացել պայքարին։ Տարբեր թվեր կան, բայց մոտավորապես 100 հոգի է անդամագրվել ԻՊ-ին։ Ում անունը հայտնի է՝ սև ցուցակում է, և եթե փորձի սահմանը հատել՝ հատուկ ծառայությունները նրանով կզբաղվեն։ Ում քայլը չի ֆիքսվել, երևի կկարողանա վերադառնալ՝ ստեղծելով բարդ իրավիճակ։ Մենք դրա ականատեսը եղանք նոյեմբերին։

Չէի ասի, որ Վրաստանն այլևս վտանգավոր երկիր է, Հայաստանի քաղաքացիների համար էլ դեռևս վտանգավոր չէ Վրաստան գնալ, բայց նրանց հատուկ ծառայությունները պետք է ավելի ակտիվ աշխատեն, սահմանները լավ հսկեն։ Հավանաբար հակաահաբեկչական գործողությունների հայեցակարգ կստեղծվի, որ կարողանան բոլոր կառույցներով ակտիվ աշխատել և նվազագույնի հասցնել ռիսկերը։ Վրաստանն այն երկրներից է, որի տնտեսության մեջ մեծ մասնաբաժին ունի տուրիզմը։ Իսկ այդպիսի դեպքերը վնասում են երկրի տուրիստական պոտենցիալին։

Բայց աշխատանք ունեն ոչ միայն Վրաստանի հատուկ ծառայությունները, այլև մենք, քանի որ հեռու չենք գտնվում Սիրիայից և Իրաքից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: