Հայերեն   English   Русский  

​Ո՛չ արտաքին, ո՛չ ներքին իրողություններով թելադրված չեն այդ փոփոխությունները. Արեգ Գրիգորյան


  
դիտումներ: 15089

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը հանրային քննարկումներից հետո ներկայացվել է կառավարությանը։

Այս մասին «Անկախը» տեղեկացավ ԳՊԿ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ի՞նչ բովանդակությամբ օրենքը կընդունվի կամ կընդունվի՞, արդյոք՝ դեռևս հայտնի չէ։ Սակայն իրողություն է, որ օրենքի մի շարք դրույթներ մասնագիտական շրջանակներում դժգոհությունների առիթ են տվել։ Հատկապես շատ քննարկվեցին գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին անցնելու և Բարձրագույն որակավորման հանձնաժողովի լինել-չլինելու մասին հարցերը։

Գիտության պետական կոմիտեի հեղինակած օրենքի նախագծում իրականում խոսք չկա Բարձրագույն որակավորման հանձնաժողովի, առավել ևս՝ կառույցի լինել-չլինելու մասին։ Նախագծում գիտությանն առնչվող լիազորությունները, այդ թվում և ԲՈՀ-ի լիազորությունները, վերագրվում են գիտության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնին՝ չհստակեցնելով անվանումը։

Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ օրենքի նախագծում առկա անորոշություններն էլ քննարկումների տեղիք են տվել․ ի տարբերություն նախագծի, գործող օրենքում լիազորությունների բաշխումը կառույցների միջև հստակ է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի առաջին նախագահ Արեգ Գրիգորյանին զարմացնում է, թե ինչու պետք է քննարկվի ԲՈՀ-ի լինել-չլինելու հարցը։

«Կա պետական մարմին, որն աշխատում է։ Պետությունը կարծես այդ մարմինը վերացնելու կամ փոխելու ուղղությամբ որևէ քայլ չի արել։ Ինչո՞ւ ենք այդ հարցն այդքան քննարկում, չեմ հասկանում»,- ասում է Գրիգորյանը։

ԲՈՀ-ի ռազմավարական նշանակությունը շեշտադրելու համար պարոն Գրիգորյանը նշում է, որ Խորհրդային Միության հանրապետություններում գործում էին կենտրոնական վարչակազմի գրեթե բոլոր գերատեսչությունները՝ բացառությամբ պաշտպանության նախարարության և բարձրագույն որակավորման հանձնաժողովի։ «Ունեինք Էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություն, անգամ Անվտանգության պետական կոմիտե և արտաքին գործերի նախարարություն, բայց պաշտպանության նախարարություն և բարձրագույն որակավորման հանձնաժողով չունեինք։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ կառույցների ռազմավարական նշանակությունն այնքան մեծ էր, որ միութենական իշխանությունները չէին կարող վստահել այդ լիազորությունների կատարումը հանրապետական մակարդակի իշխանություններին»,- ասում է նա։

ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանի կարծիքով ևս ԲՈՀ-ի լինել-չլինելը քաղաքական հարց է։

«ԲՈՀ-ն իր 14 աշխատակցով ինչ-որ հիմնարկ չէ, այլ երկրում գիտական աստիճանաշնորհման մի համակարգ՝ մոտ 60 մասնագիտական խորհուրդներով և մի շարք կոնկրետ նշանակության գործառույթներով: Եվ մեր երկրում այդ համակարգի գոյության կամ բացակայության հարցը պետք է քննարկվի գիտական աշխատանքների որակի պահպանման, վկայագրերի ճանաչման, գիտության բնագավառում պայմանագրերի կնքման, գիտնականների շարժունակության, աշխարհի հետ համաքայլ գնալու հնարավորության և այլ հարցերի շրջանակներում: Այսինքն՝ պետք է կայացվի քաղաքական որոշում»,- «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է Արզումանյանը:

Պարոն Գրիգորյանը նշում է, որ գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական չափանիշների պահպանումը չափազանց կարևոր է, դրանից է կախված և՛ կրթության, և՛ գիտության որակը երկրում։

«Իմ կարծիքով՝ ԲՈՀ-ի անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ։ Դրա համար առիթ էլ չկա, կառույցը շատ արդյունավետ աշխատում է։ Այսօր հաճախ հարվածներ են լինում ԲՈՀ-ի ուղղությամբ, բայց հիշենք, որ որքան կառույցն անաչառ է լինում, այնքան հարվածները նրա ուղղությամբ շատ են լինում։ Հաճախ ԲՈՀ-ին հարվածներ են ուղղվում հենց այն պատճառով, որ մերժում է անորակ աշխատանքները»,- ասում է Գրիգորյանը։

Նա նշում է, որ ԲՈՀ-ը գործող գիտակրթական համակարգի օրգանական մասն է, և այդ համակարգի արդյունավետ գործունեության կարևորագույն պայմաններից մեկը ԲՈՀ-ի առկայությունն է։

«Չեմ տեսնում պատճառներ, թե ինչու այսօր պետք է քննարկել ԲՈՀ-ի լինել-չլինելու հարցը»,- ասում է նա։

Դիտարկմանը, թե նախագծի կողմնակիցները նշում են, որ շատ զարգացած երկրներում, այդ թվում և ԱՄՆ-ում, ԲՈՀ չկա, Գրիգորյանն ասում է, որ ԱՄՆ-ում շատ բան կա, որ Հայաստանում չկա և հակառակը։

«Ամեն երկիր ունի զարգացման իր առանձնահատկությունները, գիտական համակարգի իր տրամաբանությունը։ Մեզ մոտ տարիներ շարունակ եղել է այս կառուցվածքն ու տրամաբանությունը, մեր համակարգը հիմնված է պետական այս չափանիշների և սկզբունքների վրա,- ասում է Գրիգորյանը։- Նման անունով կառույց կա Ռուսաստանում։ Շատ երկրներում կան կառույցներ, որոնք կատարում են ԲՈՀ-ի գործառույթները։ Իսկ ԱՄՆ-ն ունի համալսարաններ, որոնք աշխարհում առաջատարներն են, նրանց շնորհած գիտական աստիճանի վկայագիրն ամեն տեղ կշիռ ունի։ Արդյոք մենք ունե՞նք նման կարգի համալսարաններ կամ գիտական հիմնարկներ, որոնց շնորհած գիտական աստիճանի վկայագիրը կունենա նույն արժեքը, ինչ Բերկլիի կամ Մասաչուսեթսի համալսարանինը։ Հետևաբար չի կարելի նման համեմատություն անել։ Նույնն է, որ Հրազդան գետի ջրային պաշարների խնդիրը համեմատենք Ամազոն գետի հետ»։

Անդրադառնալով գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին անցնելուն, Գրիգորյանը նշում է, որ աշխարհում համընդհանուր մոտեցում չկա այդ հարցում. կան և՛ միաստիճան, և՛ երկաստիճան համակարգ ունեցող երկրներ։ Երկաստիճան համակարգ ունեցող երկրներից են, օրինակ, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան։

«Ամեն երկիր առաջնորդվում է իր մոտ գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման տրամաբանությամբ և նպատակահարմարությամբ։ Մեզ մոտ ավանդաբար երկաստիճան համակարգն է եղել, որը ժամանակին ռուսներն ընդօրինակել են Գերմանիայից, ապա Խորհրդային Միությունն է նույն համակարգը վերցրել, հետո էլ՝ մենք։ Մեր ողջ կրթագիտական համակարգը հիմնված է երկու աստիճանի վրա։ Օրինակ՝ գիտական երկու աստիճաններից բխում են գիտական երկու կոչումները՝ դոցենտ և պրոֆեսոր։ Այդտեղից բխում են պաշտոնները՝ դոցենտի և պրոֆեսորի պաշտոն։ Համակարգը կառուցված է դրա վրա, դա էլ մեր երկրի զարգացման առանձնահատկությունն է, մեր երկրի գիտության կառուցվածքի առանձնահատկությունը,- ասում է Գրիգորյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչու պետք է փոխենք համակարգը։- Ո՛չ արտաքին, ո՛չ ներքին իրողություններով թելադրված չեն այդ փոփոխությունները»,- ասում է նա։

Գրիգորյանը վստահ է՝ առաջարկվողը համակարգային փոփոխություն է, որի հետևանքները կանխատեսված չեն, հայտնի չեն նաև դրանց մեղմման ուղիները։ Գրիգորյանը նաև նշում է, որ 1992-1993 թթ., երբ ԲՈՀ-ն էին հիմնում, շուրջ մի տարի քննարկել են աստիճանաշնորհման միաստիճան համակարգին անցնելու հարցը։ «Երբ պատկերացրինք հետևանքները՝ համակարգը խաթարելու վախը մեզ հետ պահեց»,- ասում է նա՝ հավելելով, որ նման փոփոխության անհրաժեշտություն ներկայումս էլ չի տեսնում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: