Հայերեն   English   Русский  

​Եթե ուժերիդ վստահ չես, նոր գործ ձեռնարկելն անիմաստ է. Մարիամ Ղուլյան


  
դիտումներ: 8493

«Եթե համառորեն դեպի քո նպատակն ես գնում, անպայման հաջողության կհասնես, կապ չունի, թե որ ոլորտում կամ որ երկրում ես։

Կարևորը՝ երբեք չնահանջել և չհուսահատվել անհաջողություններից»,- ասում է «Ղուլյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան, ինչպես նաև երկու զավակների մայր 33-ամյա Մարիամ Ղուլյանը։

Հաջողության հասնելու համար, ըստ Մարիամի, կարևոր է նաև խառնվածքը: Մարդ պետք է լինի խելացի, կարգապահ և պատասխանատու, ունենա ստեղծագործ միտք, ինչպես նաև շփվելու գերազանց ունակություն։ Եթե այս ամենը կա, ապա հաջողությունն այլընտրանք չունի։

Հաջողության ձգտումը, սակայն, Մարիամ Ղուլյանի կարծիքով, պետք է լինի շարունակական, այլապես ինչ-որ կետում կանգ առնելով ու ձեռք բերածով բավարարվելով՝ լճացում կունենաս։

Մարիամն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Դեռ մագիստրատուրայում ուսանելու տարիներին էլ սկսել է աշխատել մասնագիտությամբ։ Եթե մասնագիտության ընտրությունը պատահաբար էր ստացվել, քանի որ ընտանիքում չեն եղել իրավաբաններ, ապա աշխատանքի անցնելուց և գործնականում գիտելիքները կիրառելուց հետո հասկանում է, որ պատահական ոչինչ չի լինում, ճիշտ ընտրություն է կատարել։ «Այսօր ես անում եմ այն, ինչ սիրում եմ, սա պարտադրված աշխատանք չէ, փաստաբանությունն իմ սիրելի աշխատանքն է»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե նորից ընտրության հնարավորություն ունենար, ապա նույն ուղին կընտրեր։

«Նաև իմ հաջողության բանալին եմ համարում այն, որ ի սկզբանե աշխատել եմ մարդկանց, առաջատար մասնագետների հետ, որոնցից շատ բան եմ սովորել»,- ասում է նա։

Անդրադառնալով ընտանեկան ու աշխատանքային հարաբերություններին՝ Մարիամը նշում է՝ եթե ընտանիքում մեղմ է, ջանք չի խնայում սեր և հոգատարություն ցուցաբերելու, ապա աշխատանքում խիստ է ու պահանջկոտ: «Ինքս չափազանց կարգապահ մարդ եմ, միշտ ճշտապահ՝ անկախ զբաղվածությունից։ Եվ նույնը պահանջում եմ նաև մյուսներից,- ասում է նա։- Մանավանդ իրավաբանի աշխատանքում: Երբ ամեն ինչ հստակ ժամկետների հետ է կապված, երբ գործ ենք ունենում մարդկանց ճակատագրերի հետ. այլ կերպ հնարավոր չէ։ Միայն պատասխանատու և կարգապահ մարդը կարող է մեր մասնագիտությամբ աշխատել»։

Խոսելով փաստաբանի աշխատանքի գրավչության մասին՝ Մարիամն ասում է, որ իրենք առնչվում են տարբեր իրավիճակների ու խնդիրների հետ, անընդհատ նոր բան են բացահայտում և սովորում։ «Կրկնվող դեպքեր գրեթե չեն լինում։ Այդ նորի ուսումնասիրությունը շատ հետաքրքիր է,- ասում է նա և հավելում, որ փաստաբանը նաև մշտական դինամիկայի մեջ է, հետևում է օրենսդրության փոփոխություններին, տեղական ու միջազգային դատարանների վճիռներին։- Անընդհատ սովորելու գործընթացում ես։ Առանց դրա փաստաբանի աշխատանքն անհնար է»։

Ղուլյանը և նրա ղեկավարած փաստաբանական գրասենյակը զբաղվում են քաղաքացիական և վարչական գործերով։ Հիմնավորելով մասնագիտացման ընտրությունը՝ նա նշում է, որ յուրաքանչյուր գործով ապրում է, ամեն գործ իր հետքն է թողնում․ «Իմ բնավորությունը հաշվի առնելով՝ հասկացա, որ քրեական գործերով չեմ կարողանա զբաղվել»։

Հարցին, թե ինչպես է կարողանում հաղթահարել բարոյական սկզբունքների և բիզնես շահի հակասություն ենթադրող երկընտրանքները՝ Ղուլյանը նշում է, որ փաստաբանի աշխատանքի գրավչություններից մեկն էլ այն է, որ ինքն ազատ է ընտրել այն գործերը, որոնցով կզբաղվի․ «Ես ինքս երբեք չեմ զբաղվի մի գործով, որում ստիպված եմ լինելու կանգնել երկընտրանքի առջև։ Այսինքն՝ եթե մտածելու եմ, որ բարոյական տեսանկյունից դիմացի կողմն է ճիշտ, բայց իրավաբանորեն իմ կողմը, ես ուղղակի այդ գործով չեմ զբաղվի»։

Անդրադառնալով փաստաբանական գրասենյակի հիմնադրմանը՝ Մարիամը նշում է, որ աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր փաստաբան ձևավորում է իր գործելաոճը։ «Եթե նույն խնդիրը դիտարկենք ես և մեկ այլ փաստաբան, հնարավոր է, որ բոլորովին այլ մոտեցում ցուցաբերենք ռազմավարության մշակման առումով։ Իսկ մեր պարագայում ռազմավարությունը գործի կեսն է։ Ուստի գալիս է մի պահ, երբ ամեն մեկը գիտակցում է, որ իր ոճն ունի և հենց այդ ոճով պետք է շարունակի աշխատել»,- ասում է նա։

Հենց այդ մտադրությամբ էլ նա 6 տարի առաջ նախաձեռնեց գրասենյակի հիմնումը։ «Արդյունքում ձևավորվել է թիմ, որը մեկ ընդհանուր ոճով է աշխատում»,- ասում է նա։

Մարիամը նշում է, որ իրենց ընկերությունը նոր-նոր է սկսում քայլերը փաստաբանության ոլորտում և հաջողությունները դեռ առջևում են։ «Երբ սկսեցի, միակ բանը, որին վստահ էի, այն էր, որ կարող եմ իմ աշխատանքը որակով կատարել։ Այդ վստահությունը հնարավորություն տվեց հավատալու հետագա հաջողությանը և քայլեր ձեռնարկելու։ Եթե ինքդ քո ուժերին վստահ չես՝ նոր գործ ձեռնարկելն անիմաստ է»,- ասում է նա։

Հարցին ի պատասխան, թե ինչպես է կարողանում համատեղել աշխատանքն ու ընտանիքը, Մարիամը նշում է, որ կարևորը յուրաքանչյուր պահի համար առաջնայնություն որոշելն ու ժամանակը ճիշտ բաշխելն է։ Ասում է, որ կանոն է՝ աշխատանքը չպետք է տուժի, բայց երբ կարիք է առաջանում աշխատել աշխատանքային ժամերից հետո, չպետք է տուժի նաև ընտանիքը։ «Աշխատանքս կարող եմ ավարտին հասցնել, երբ բալիկներս արդեն քնած են։ Բայց կա որոշակի ժամ, որն անպայման բալիկներիս պետք է հատկացնեմ»,- ասում է նա և հավելում, որ օգնում են նաև ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք աշխատելու և աշխատանքը կազմակերպելու հնարավորություն են տալիս գրասենյակում չգտնվելով։

Մարիամը նշում է, որ էական դեր ունի նաև այն հանգամանքը, որ իր ամուսինը նույնպես փաստաբան է ու հասկանում է իրենց աշխատանքի նրբությունները. «Չեմ կարող ասել, թե ինչպես ամեն ինչ կդասավորվեր, եթե նա չլիներ մասնագիտությամբ իրավաբան։ Միշտ զգացել եմ նրա աջակցությունը»։

Ասում է, որ կարիերայի ճանապարհին երբևէ խոչընդոտի չի հանդիպել, որ պայմանավորված լիներ իր կին լինելու հանգամանքով։ Համոզված է՝ գործատուի համար աշխատակցի սեռը կարևոր չէ։ Ավելին, համոզված է, որ որևէ գաղափարի նվիրվածության պարագայում իրագործման խոչընդոտներ, այդ թվում և սեռով պայմանավորված, չեն կարող լինել։

Իսկ երիտասարդներին Մարիամը կոչ է անում նոր-նոր կարիերան սկսելիս կարևորել ոչ թե վարձատրությունը, այլ աշխատելու հնարավորությունը, փորձը, որը ձեռք են բերելու։ Ասում է, որ հնարավորության դեպքում պետք է ընտրել, թե ինչ մարդկանց հետ են աշխատելու, կարևոր է, որ ավագ գործընկերներից սովորելու բան ունենան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: