Հայերեն   English   Русский  

​Հայաստանի հողային ֆոնդը


  
դիտումներ: 17687

Այս համարով սկսում ենք հողային հարաբերությունների մասին հոդվածաշարը: Եվ սկսում ենք Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի կազմը և էությունը մեկնաբանելով:

Այսպես, Հայաստանի Հանրապետությունում հողային ֆոնդը դասակարգվում է ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), իսկ դրանք էլ իրենց հերթին, ըստ օգտագործման բնույթի, դասակարգվում են հողատեսքերի կամ գործառնական նշանակության հողերի: Հողերի նպատակային նշանակությունը որոշակի նպատակների համար հողերի օգտագործման և շահագործման պայմանների, հատկանիշների և առանձնահատկությունների համալիրն է: Հողատեսքը գյուղատնտեսական և անտառային նշանակության հողերի այն հատկանիշների համալիրն է, որը բնութագրում է դրանց գործառնական օգտագործումը:

Հողամասի գործառնական նշանակությունը նորմատիվ իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինարարական փաստաթղթերով ամրագրված ֆիզիկական, որակական և նորմատիվային հատկանիշների համալիրն է, որը ներառում է հողամասի թույլատրված օգտագործման ձևերի և դրանց փոփոխությունների շրջանակը:

Հայաստանում հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է հետևյալ տեսակների.

- գյուղատնտեսական նշանակության,

- բնակավայրերի,

- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության,

- էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների,

- հատուկ պահպանվող տարածքների,

- հատուկ նշանակության,

- անտառային,

- ջրային,

- պահուստային:

Գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են

վարելահողերի, բազմամյա տնկարկների, խոտհարքների, արոտավայրերի, այլ հողատեսքերի:

Բնակավայրերի հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, խառը կառուցապատման, ընդհանուր օգտագործման հողերի, այլ հողերի:

Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, պահեստարանների, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի:

Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր են համարվում էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման համար տրամադրված հողերը, որոնք, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների հողերի:

Հատուկ պահպանվող տարածքների հողերը, ըստ գործառնական նշանակության, դասակարգվում են բնապահպանական, առողջարարական նպատակներով նախատեսված, հանգստի համար նախատեսված, պատմական և մշակութային հողերի:

Անտառային հողերը, ըստ հողատեսքերի, բաժանվում են` անտառների, վարելահողերի, խոտհարքների, արոտների, թփուտների և այլ հողերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: