Հայերեն   English   Русский  

ՍԱՐԴՈՒՐԻ Բ


  
դիտումներ: 7558

Հայոց արքան այդպես էլ չներխուժեց բուն Ասորեստան… Դա հայության աստեղային ժամն էր. Սարդուրիի հաջողության դեպքում Հին աշխարհի քարտեզը միանգամայն ուրիշ տեսք կունենար…

Հայոց Սարդուրի Բ արքայի համար ճակատագիրը դաժան խաղ էր մտածել: Նա հորից՝ Արարատյան թագավոր Արգիշտի Ա-ից ժառանգել էր աշխարհի ամենազորեղ պետությունը և հպարտությամբ ու արժանապատվությամբ էր կրում իր թագը: Սակայն կյանքի մայրամուտին հայոց զորեղ տիրակալը գրեթե ամեն ինչ կորցրեց:

Սարդուրիի հայրը՝ հայոց Արգիշտի Ա արքան, իր թագավորության շրջանում կարողացավ ոչ միայն պահպանել հորից՝ Մենուա արքայից ժառանգություն ստացած մեծ, շեն երկիրը, այլև ընդարձակել հայոց պետության սահմանները՝ Արարատի թագավորությունը դարձնելով աշխարհի ամենազորեղ երկիրը: Նա անմիջական սպառնալիք ստեղծեց հայոց գլխավոր ոսոխի՝ Ասորեստանի համար, որ Արգիշտիի կառավարման տարիներին թույլ ու խոցելի, բայց մեծ ներուժով մի երկիր էր: Եվ գուցե Ասորեստանի խորտակումն անխուսափելի լիներ, եթե Արգիշտի արքան երկար ապրեր:

Դեռ կառավարման վերջին տարիներին Արգիշտին իրեն գահակից էր հռչակել որդուն՝ դրանով ոչ միայն ապահովելով գահի խաղաղ անցումը , այլև թագաժառանգին ներգրավելով պետական ու ռազմական գործի մեջ:

Մ.թ.ա. 764 թ. Սարդուրի Բ-ն արդեն միայնակ էր իշխում հայոց աշխարհում:

Ի դեպ, Սարդուրի Բ արքայի գահակալման տարիները համեմատաբար լավ են ուսումնասիրված: Վանի ժայռում գտնված ընդարձակ, շուրջ 253-տողանոց արձանագրությունն է (Սարդուրիի տարեգրությունը) նրա մասին մանրամասն տեղեկություններ հաղորդում, բացի այդ, իր թագավորության պատմությունը թողնելու գործում ժլատ չի եղել նրա ոխերիմ թշնամին՝ Ասորեստանի Թիգլաթպալասար Գ արքան:

Սարդուրիի գահակալման սկզբում որոշ ներքին խնդիրներ առաջացան արքայի համար: Արգիշտի Ա-ի մահից հետո Արարատյան թագավորության ծայրագավառների մի քանի կառավարիչներ ապստամբեցին կենտրոնական պետության դեմ: Սարդուրին անմիջապես մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց նրանց դեմ (Մելիտեա, Արմե, Հյուսիսային Միջագետք) և բավական դաժանությամբ ճնշեց ապստամբությունները՝ կառավարիչներից պատանդներ առնելով, երբեմն էլ սրակոտոր անելով նրանց գերդաստանները:

Ապա, ամրապնդելու համար իր տերության դիրքերը, Սարդուրի Բ-ն նաև մի քանի արշավանքներ ձեռնարկեց դեպի հյուսիս, արևելք և արևմուտք՝ նվաճումներ կատարելով այս կողմերում, ընդարձակելով հայոց պետության սահմանները և նախապատրաստելով զորքը գլխավոր ախոյանի դեմ կռվին: Ամենամեծ հաջողությունը Սարդուրին ունեցավ հյուսիսում՝ հայոց թագավորությանը միացնելով Էթիունի և Լիկիու երկրները:

Սարդուրի Բ-ն հյուսիսում հասավ և նվաճեց Կողքիսը՝ ներկայիս Կոլխիդան, շատ ավելի հեռու, քան իր հայր Արգիշտին էր նվաճել: Սույնով, հայոց թագավորության սահմանները Սարդուրի Բ-ն հասցրեց Սև ծովի ափեր: Նա նվաճեց նաև Աբիլիանի և Խուշանի երկրները:

Այնուհետև Սարդուրին արշավեց դեպի հարավ-արևելք: Նա ոչ միայն Արարատյան թագավորության սահմանները հասցրեց Կասպիականի ափերին, այլև շատ ավելի առաջ գնալով՝ նվաճեց Արասբարան և Պուլուադի երկրները Իրանական բարձրավանդակում:

Ապա, ցանկանալով Ասորեստանն առնել լիակատար ակցանի մեջ, Սարդուրին իր հարվածն ուղղեց հարավ և մ.թ.ա. 753 թ. Հյուսիսային Միջագետքում ջախջախեց Աշշուրնիրարի Զ արքայի զորքերը, Ասորեստանից գրավեց հյուսիսն ու Հյուսիային Միջագետքը:

Սարդուրի Բ-ն ռազմերթով անցավ ու կրկին հպատակեցրեց Հյուսիսային Միջագետքում գտնվող Արմեի, Կումմախայի, Մանայի թագավորությունները:

Սա Սարդուրի Բ-ի թագավորության հզորության գագաթնակետն էր և հաղթարշավի կարապի երգը: Այս ժամանակաշրջանում թողած սեպագիր արձանագրություններում հայոց տիրակալը նշվում էր արքայից արքա, հզոր արքա, տիեզերքի արքա և այլ տիտղոսներով:

Սարդուրի Բ-ի ռազմավարությունը պարզ էր. արևմուտքից Միջերկրական ծովի ափերով շրջանցել Ասորեստանը, արևելքից Բաբելոնի վրայով շրջանցել և հասցնել վճռական հարվածը:

Հատկապես հաջող էր արշավանքը Բաբելոնի ուղղությամբ: Հայոց բանակը, ջախջախելով ոսոխին, շուրջ 40 հազար ռազմագերի և հարուստ ավար վերցրեց: Հայոց պետության սահմանները հասան Պարսից ծոցին:

Ի դեպ, Սարդուրի Բ-ի կառավարման առաջին տարիներին հայոց պետությունը սահմանակից դարձավ 4 ծովի. հարավում՝ Պարսից ծոցն էր, հյուսիսում՝ Սև ծովը, արևմուտքում՝ Միջերկրականը, իսկ արևելքում հայոց սահմանները հասնում էին Կասպից ծով:

Իր ծրագրի իրականացման համար նա ստեղծեց հակաասորական երկու ռազմաքաղաքական խմբավորում:

Ի դեպ, ակցանի մեջ առնելով Ասորեստանը, Սարդուրի Բ-ն ձգտում էր նաև տնտեսապես ճնշել հարավի հզոր ախոյանին: Նա Ասորեստանին զրկեց հյուսիսային առևտրային ճանապարհներից օգտվելու հնարավորությունից, ինչպես նաև՝ մետաղագործական կենտրոններից:

Թվում էր՝ ևս մեկ վճռական հարված, և Ասորեստանը վերջնականապես ծնկի կգա և կհպատակվի Արարատյան թագավորությանը: Ավաղ, Սարդուրի Բ-ն հապաղեց: Ասորեստանի գահ բարձրացավ Թիգլաթպալասար Գ արքան (մ.թ.ա. 745-727), որը գործունյա, խելացի, եռանդուն գահակալ էր: Թիգլաթպալասարը շատ արագ բարեփոխումներ իրականացրեց Ասորեստանում: Նա վերստին առաջ մղեց քրմական դասն ու տաճարները, համախմբեց ասորական զորքը, ճնշեց երկրում պառակտիչ ուժերին ու անցավ իր գլխավոր ախոյանի՝ Արարատի թագավորության ոչնչացմանը:

Թիգլաթպալասար Գ-ն ոչ միայն կարողացավ փրկել Ասորեստանը կործանումից, այլև ուժեղ հարված հասցրեց հայոց պետությանը:

Օգտվելով հայոց արքայի դանդաղկոտությունից՝ Ասորեստանի արքան մ.թ.ա. 743 թ. առանձին-առանձին նախ Արփադում, ապա Կումմախայում ջախջախեց Սարդուրի Բ-ի կազմակերպած հակաասորական խմբավորումները: Արարատյան թագավորությունը կորցրեց իր անդրեփրատյան տիրույթները:

Սարդուրին հապաղեց: Հայոց արքան այդպես էլ չներխուժեց բուն Ասորեստան… Դա հայության աստեղային ժամն էր, Սարդուրիի հաջողության դեպքում Հին աշխարհի քարտեզը միանգամայն ուրիշ տեսք կունենար:

Ջախջախելով հայոց դաշնակիցներին՝ Թիգլաթպալասարը միառժամանակ զերծ մնաց բուն Հայաստան արշավելուց: Նա շունչ առավ ու համախմբեց ուժերը վճռական հարված հասցնելու նպատակով: Միևնույն է, ճակատագիրն արդեն նրա բարեկամն էր:

Մ.թ.ա. 742 թ. Թիգլաթպալասար Գ-ն, նպատակ ունենալով խորտակել Արարատյան թագավորությունը, ներխուժեց հայոց երկիր: Հայոց բանակը չկարողացավ դիմագրավել ոսոխին: Ասորեստանի բանակը, սահմանային ամրությունները հեշտությամբ հաղթահարելով, խորացավ հայոց երկրի մեջ ու պաշարեց մայրաքաղաք Տուշպան: Մայրաքաղաքն արքայի գլխավորությամբ հերոսաբար դիմադրեց: Թիգլաթպալասարը չկարողացավ ընկճել մայրաքաղաքի պաշտպաններին: Նա, ավերելով ու թալանելով շրջակայքը, ավարառուական նպատակով մի մեծ ռազմերթ իրականացրեց Արարատյան թագավորությունում՝ անցնելով շուրջ 400 կիլոմետր:

Այս ծանր պարտությունից հետո Սարդուրի Բ-ն այլևս չէր կարող աշխարհակալական ձգտումներ ունենալ:

Սարդուրի Բ-ն մահացավ մ.թ.ա. 735 թ., գահն անցավ նրա որդուն՝ Ռուսա Ա-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: