Հայերեն   English   Русский  

​Եթե մտքում բիզնես գաղափար կա՝ պետք է անպայման սկսել այն. Մարիամ Կարապետյան


  
դիտումներ: 16524

2013-2014 թթ., երբ «for elegant men» Էկզոտիկ ապարանջանների ու աքսեսուարների պատրաստմամբ ու վաճառքով զբաղվող Մարիամ Կարապետյանը դեռ ուսանող էր և սովորում էր «Եվրասիա» համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի կառավարում բաժնում, իրենց կուրսի համար հայտարարվեց «Լավագույն բիզնես-նախագիծ» մրցույթ:

Ներկայացված բազմաթիվ ծրագրերից հաղթող ճանաչվեցին երկուսը, որոնցից մեկը նրա ծրագիրն էր՝ օրիգինալ նվերների պատրաստում ու վաճառք: Այդպես ուսանող-ձեռներեց Մարիամ Կարապետյանը սկսեց իր առաջին բիզնես նախագիծը: Տանը բնակարանի, հանգստի և ժամանցի օբյեկտների համար դեկորներ էր պատրաստում ու վաճառում ֆեյսբուքի միջոցով: Այնուհետև սկսեց հելունով, շյուղերով բաժակների համար անվանական և օրիգինալ զարդարանքներ պատրաստել: Իսկ 2016-ից արդեն անցավ կաշվե իրերի, հիմնականում՝ գոտիների, դրամապանակների, այցեքարտերի տուփերի, կաշվից ու բնական քարերից ապարանջանների, այլ աքսեսուարների պատրաստմանը: Դրանք էլ վաճառում է «for elegant men» ֆեյսբուքյան էջի միջոցով:

«Սկզբում մտածում էի, թե ինչ կարելի է անել, որովհետև առաջին անգամ պետք է բիզնես գաղափար ներկայացնեի: Մտածում էի, թե ինչ կարելի է անել, որ ծախսը քիչ լինի, իսկ իմ դեպքում մտածում էի, որ այն պետք է հենց զրոյից սկսեմ: Այսինքն՝ կատարեմ զրո ներդրում՝ չհաշված իմ ունակությունները, ժամանակը, ջանքերը, աշխատանքը: Շատ էի ուզում ցույց տալ, որ հնարավոր է իսկապես զրոյից ինչ-որ բան սկսել: Շատ դեպքեր են եղել, որ ընկերներս առաջարկել են ներդրումներ անել, բայց ես կտրականապես հրաժարվել եմ, որովհետև ինձ համար գաղափարի հիմքը զրոյից բիզնես սկսելն էր: Այսինքն՝ տան եղած միջոցներով փորձեցի ինչ-որ հետաքրքիր լուծումներ գտնել ու ստանալ փոքրիշատե արժեքավոր ապրանք»,- «Անկախին» պատմեց Մարիամ Կարապետյանը:

Այսպես նա ձեռքի տակ եղած նյութերով իրեր է պատրաստում ու փորձում վաճառել սոցիալական ցանցերի միջոցով: Որոշ ժամանակ անց սկսում է համագործակցել մի խանութի հետ: Բայց ասում է, որ սկզբում վաճառքը լավ չէր ստացվում, ինչը հուսահատության պահերի պատճառ է դառնում: Հուսահատության, բայց ոչ նահանջի, և Մարիամը շարունակում է իր նախաձեռնությունը վստահ, որ մի պահից սկսած՝ ամեն ինչ կհաջողվի:

«Հուսահատության պահերը, կարծում եմ, այն փորձն էին, որ ես ստացա ու հենց այդ հիասթափություններն ավելի շատ սովորեցրին ու ապացուցեցին ոչ միայն ինձ, այլև, կարծում եմ, մյուսներին, որ հնարավոր է առաջ գնալ, հազարավոր ձախողումներից հետո էլ հնարավոր է հաջողել, միգուցե դեռ հազարավոր ձախողումներ էլ լինեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ այն, ինչ սրտանց ուզում ես, դրանից պետք է հետ կանգնես»,- շեշտում է Մարիամ Կարապետյանը:

Նրա ստեղծած իրերը նախատեսված են միջին ու բարձր հնարավորությունների տեր մարդկանց համար: «Ընդհանրապես ի՞նչ եք ներդրել այս գործը սկսելու և ոտքի կանգնեցնելու համար» հարցին էլ մեր զրուցակիցը ժպտալով պատասխանում է՝ հոգին: Եվ շարունակում է՝ շատ մեծ ցանկություն է ներդրել: Այս նախաձեռնությունը սկսելու և ներկա կետին հասցնելու համար կարևոր էր, որ իր առջև նպատակ է դրել ու հետևողական գնացել դեպի այդ նպատակը, և չի հանգստացել այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր ուզածին:

«Ես միշտ սկզբում պատկերացնում եմ վերջնարդյունքը, օրինակ՝ երբ սկսում եմ հերթական թևնոցը պատրաստել, հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում ստանալ վերջում: Ու քանի դեռ չեմ հասնում այդ վերջնական տեսքին, չեմ հանգստանում: Իմ կարծիքով՝ դա շատ կարևոր հատկանիշ է, պետք է ի սկզբանե հասկանաս, պատկերացնես, տեսնես, թե ինչ ես ստանալու քո աշխատանքի, ջանքերի արդյունքում, հստակ տեսնես ու չհանգստանաս, քանի դեռ չես ստացել այն,- նշում է Մարիամ Կարապետյանը և հավելում,- բայց խանգարող հատկանիշներ էլ կան»:

Եվ այդ կապակցությամբ էլ ասում է, որ համագործակցության շատ առաջարկներ են եղել, բայց ինքը մերժել է՝ ցանկանալով ամեն ինչի ինքնուրույն ու մենակ հասնել, ինչը սխալ է համարում: Բիզնեսն առաջին հերթին, ըստ նրա, թիմային աշխատանք է, աջակիցների ու համախոհների թիմ, օգնող ձեռքեր, ինչը պետք է գնահատել և օգտագործել: Առանց դրանց շատ դժվար է կամ անհնար: Արդեն մտածում է համախոհներ հավաքելու, խումբ ստեղծելու, նրանց իր աշխատանքի նրբությունները սովորեցնելու և իր անձնական գործն ավելի ընդլայնելու մասին:

«Բիզնեսմենը, իմ պատկերացմամբ, մարդ է, որը առաջին հերթին մտածում է, թե ինչ է պետք դիմացինին, ինքն ինչ կարող է անել այդ ուղղությամբ: Այսինքն՝ եթե ես մատուցում եմ ծառայություն, առաջարկում եմ ապրանք՝ թևնոցներ եմ պատրաստում, պետք է առաջին հերթին ոչ թե մտածեմ, թե ես ինչ եմ սիրում, այլ թե պոտենցիալ հաճախորդս ինչ կնախընտրի: Բիզնեսմենը պետք է հասկանա, թե ինչ է պետք, դա ստեղծի ու առաջարկի շուկային»,- նշում է Մարիամ Կարապետյանը:

Մարիամ Կարապետյան

Երբեք չպետք է նահանջել, ընկճվել, պետք է համառորեն ու վճռական առաջ շարժվել դեպի այն տեսլականը, որ ունես, այդ ճանապարհին լինելով նպատակասլաց, հանդուրժողական ու համբերատար՝ անկախ ձախողումներից: Բիզնես սկսելիս էլ, ըստ մեր զրուցակցի, պետք է պատրաստ լինես, որ գաղափարդ միանգամից չի ընդունվելու, որքան էլ այն «հանճարեղ» լինի: Գաղափարդ պետք է այս աշխարհում իր տեղը հարթի, իսկ դրա համար պետք է ժամանակ, աշխատանք, ընդ որում՝ հետևողական աշխատանք: Խոսակցություններին էլ, թե պետք չէ, չարժե այսինչն անել կամ այնինչը պետք է անել, թե իզուր ժամանակ ու էներգիա ես ծախսում, չպետք է ուշադրություն դարձնել, այլ ունենալ տեսլական, նայել առաջ ու շարժվել ըստ այդ տեսլականի:

«Ինձ էլ են սկզբում շատ ասել, որ թողնեմ իմ ձեռնարկը, որ դա ապագա չունի, որ պետք է ինչ-որ լուրջ աշխատանք գտնեմ ու դրանով զբաղվեմ: Ինձ թվում է՝ բոլոր սկսնակ գործարարների դեպքում էլ այդպես է լինում, սկզբում բոլորը համոզում են հետ կանգնել մտահղացումից: Բայց չպետք է նրանց նեղացնել ու կոպտել, այլ ուղղակի առաջ շարժվել՝ ըստ սեփական տեսլականի: Երբ առաջին անգամ ցուցադրության պետք է մասնակցեի ու ներկայացնեի իմ ստեղծած պարագաները, ընտանիքիս անդամները շատ էին ասում՝ քեզ պետք չի դա, իզուր ժամանակ ու ռեսուրսներ ես ծախսում: Բայց ես նախօրոք իմ պատկերացումներում տեսել էի այդ պահը, ուզում էի, որ այն իրականություն դառնար: Ու դարձավ: Հիմա իմ գործը ինքնաբավ է, ինձ պահում է, դեռ մի բան էլ ավելին է բերում, որ հնարավորություն է տալիս արդեն ընդլայնվելու մասին էլ մտածել»,- ասաց Մարիամ Կարապետյանը:

Ի լրումն՝ խորհուրդ տվեց բոլորին՝ եթե մտքում թեկուզ թեթևակի ինչ-որ գաղափար կա, անպայման գրի առնել ու փորձել իրագործել, միշտ առաջ նայել: Եթե բիզնես սկսելու ցանկություն կա՝ անպայման փորձել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: