Հայերեն   English   Русский  

Հանրային խորհրդում քննարկել են "Զբոսաշրջության մասին" ՀՀ օրենքի նախագիծը


  
դիտումներ: 9089

Հանրային խորհրդում ս.թ. դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Օրակարգի հիմնական հարցը վերաբերել է ՀՀ կառավարության ներկայացրած "Զբոսաշրջության մասին" ՀՀ օրենքի նախագծին:

Նիստին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, ՀԽ Ծառայությունների մատուցման և տուրիզմի հարցերի, ՀԽ օդային տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովների անդամներ:

Վազգեն Սաֆարյանը կարևորել է օրենքի ընդունումը, քանի որ զբոսաշրջությունը համարվում է մեր երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունների մեկը:

Տիկին Զեյթունցյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է տարբեր շահագրգիռ օղակներում: Նա կարևորել է լիցենզավորման տրամադրման հարցը, որը ոչ միայն արդյունավետ, այլ նաև վերահսկելի կդարձնի ոլորտի գործառույթները: Ընդգծվել է, որ նախագիծը կկարգավորի զբոսաշրջիկների ֆինանսական ծախսերի ընթացակարգը, հանրային սննդի ոլորտում որակյալ մասնագետների ներգրավման հարցերը, կսահմանի ծառայությունների որակական չափանիշներ, տեղեկատվական աղբյուրների հավաստիությունը երկրի ճանաչելիության, պատմական անցյալի, ներկայի, տեսարժան վայրերի, պատմական և բնական հուշարձանների վերաբերյալ և այլն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը անդրադարձել է կամավոր կամ պարտադիր լիցենզավորման թույլտվության, վարձով բնակարանների լիցենզավորման, ներգնա տուրիզմի զարգաման համար էլեկտրոնային գրանցամատյան ստեղծելու հարցերին, ինչպես նաև ներկաներին հուզող խնդիրներին:

Թեմայի վերաբերյալ ծավալվել է լայն քննարկում, հնչել են մտահոգություններ, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Առաջարկ է հնչել, օրինակ, նախագծում ներառել նաև բժշկական տուրիզմին վերաբերող դրույթ: Կարևորվել է զբոսաշրջության զարգացման գործում փոքր ավիացիայի վերականգնման անհրաժեշտությունը: Այս հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Հանրային խորհրդի օդային տրանսպորտի հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Աթբաշյանը՝ ներկայացնելով փոքր ավիացիայի շահագործման նպատակահարմարությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի կարճ ժամկետներում զբոսաշրջիկներին հնարավորինս շատ տեսարժան վայրեր հասցնել: Աթբաշյանն անդրադարձել է նաև մեծ ավիացիայի զարգացման խնդիրներին՝ իբրև տուրիզմի զարգացման գործում կարևորագույն օղակներից մեկը:

ՀԽ Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում որոշվել է հավանություն տալ ՀՀ կառավարության ներկայացրած «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագծին և մինչ օրենքի ընդունումը շարունակել նախագծի վերաբերյալ առաջարկությունների հավաքագրումը՝ ներկայացնելով դրանք ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: