Հայերեն   English   Русский  

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա ռուսաստանցի մասնագետի գլխավորությամբ


  
դիտումներ: 650

Մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Հայաստանի հավաքականը 2015-ի Եվրոպայի առաջնությունում հանդես կգա ռուս փորձառու մասնագետ Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ:

Այս մասին հայտնում են բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Ուսկովը սերտորեն կապված է Հայաստանի հետ, քանի որ երկար տարիներ բնակվել է էջմիածնում:
Ներկայում նա գլխավորում է «Տուլա-Արսենալ» ակումբը:
Վիկտոր Ուսկովի նշանակման վերաբերյալ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասաց.«Վիկտոր Ուսկովը ծնվել է Ռուսաստանում, սակայն 3 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան և երկար տարիներ բնակվել է Էջմիածնում: Այստեղ նա դարձել է բասկետբոլիստ, ապա մարզիչ: 80-ականներին նրա սաները մեծ հաջողությամբ հանդես էին գալիս Հայաստանի առաջնություններում: ԽՍՀՄ փլուզումից հետո նա բնակություն է հաստատել Ռուսաստանում և աշխատել մի շարք ակումբներում, իսկ ներկայում մարզում է «Տուլա-Արսենալը»:
Ուսկովը շատ լավ ծանոթ է Հայաստանին, շատ լավ խոսում է հայերեն և մեծ սիրով ընդունեց մեր առաջարկը: Վստահ եմ, որ նրա գլխավորությամբ Հայաստանի ընտրանին կդառնա ավելի մարտունակ և հաջող մրցելույթներ կունենա Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի առաջնության ավարտից հետո նա վերադառնալու է Տուլա և շարունակելու է իր աշխատանքն ակումբային մակարդակով»:
ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում ունեցող Վիկտոր Ուկսովը իր պարտականություններին կանցնի 2015 թվականի մայիսին, իսկ հուլիսի 9-19-ը մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը Հունգարիայում կմասնակցի Եվրոպայի առաջնության հանդիպումներին:
Հիշեցնենք, որ մինչև 20 տարեկան տղաների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մրցաշարը նախատեսվում է անցկացնել Հունգարիայի Զեկեշֆեհերվար քաղաքում, և մասնակցելու են 18 երկրի ընտրանիներ, որոնք բաժանվել են չորս ենթախմբերի: Հայաստանի հավաքականը վիճակահանության արդյունքներով ընդգրկվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Բելառուսի, Մակեդոնիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: