Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Մարդիկ դեռ մի քիչ միս ու կարագ են ուտում՝ հակառակ ՀՀԿ-ի


  
դիտումներ: 368

«Հայկական ժամանակը» գրում է.

«Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում: Թերևս բոլորը մտածում էին, թե սա անեկդոտ է: Իրականում սա մտածելակերպ է, կյանքի կրեդո, նույնիսկ կարելի է ասել՝ «քաղաքական» դիրքորոշում, աշխարհայացք: Հիմա ուշադիր կարդանք մի մեջբերում. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: ... Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանն է, որը այս մասին ասել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանելիս:

Հիմա ուշադիր կարդանք ևս մի մեջբերում factor.am կայքից: «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել... Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»: Այս խոսքերի հեղինակն էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է, որը մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ վարչապետի, մի քանի ամիս էլ՝ ԱԺ նախագահի պաշտոնը:

Փաստորեն «մեկ ա, ես 1000 դրամի եմ լցնում» արտահայտությունը հորինովի չէ: Կան մարդիկ, ընդ որում՝ բարձրաստիճան, որ հենց այդպես են մտածում: Միայն թե ոչ իրենց վերաբերվող դեպքերում, այլ ուրիշների: Ի՞նչ են ասում ՀՀԿ-ական այս երևելիները: Կարագը թանկացե՞լ է. հա, ի՞նչ անենք, մեկ ա, աղքատները կարագ քիչ են օգտագործում, հիմա մի քիչ ավելի քիչ կօգտագործեն ու նույնիսկ չեն էլ զգա: Սա Հակոբ Հակոբյանի ասածի բովանդակությունն է: Հա, ի՞նչ անենք, պադումաեշ՝ կարագը թանկացել է, մեկ ա, աղքատները կարագ չեն ուտում, հիմա էլ չեն ուտի, աղքատների լամպչկին էլ չի կարագի գինը: Սա էլ Խոսրով Հարությունյանի ասածի բովանդակությունն է: Ընդ որում, Հակոբ Հակոբյանը համոզված է, որ աղքատները թանկ ապրանք չեն գնում ոչ թե այն պատճառով, որ փող չունեն, այլ ուղղակի դա հնուց եկած սովորություն է, հասկանո՞ւմ եք՝ խասիաթ: Թե չէ կառնեին թանկ ապրանքներ: Բայց չեն առնում, սովոր չեն, էլի, մանկուց այդպես են դաստիարակվել, կամ «շրջապատ են ընկել», կամ թանկ ապրանքներից ֆոբիաներ ունեն ...»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: