Հայերեն   English   Русский  

Հանրահայտ մենակատարները միավորվել են կատարելու Վերդիի «Ռեքվիեմը» Երևանում


  
դիտումներ: 3898

Իտալացի, ռուսաստանցի և հայ երաժիշտները միավորվել են Երևանում Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ»-ը ներկայացնելու համար:

Համերգը նվիրված կլինի ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Համերգին որպես մենակատար կմասնակցեն Իտալական բելկանտոյի վարպետներ աշխարհահռչակ սոպրանո Էրիկա Գրիմալդին և լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ինչպես նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեձո սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր Գեորգի Վասիլևը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան նշեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ռեքվիեմ»-ը շատ կախված է մենակատարների վարպետությունից, հրավիրել են հնարավորինս լավ երգիչների.«Այսպիսի կազմ հավաքել գրեթե երբեք չէր ստացվում, որովհետև իսկապես չորսն էլ ֆենոմենալ կատարողներ են: Հպարտություն եմ զգում՝ տեսնելով նրանց Երևանում: Սա նաև խոսում է այն մասին, որ ֆիլհարմոնիկի վարկանիշը բարձրացել է աշխարհում: Մենք երբեք մերժում չեն ստանում հրավերներ ուղարկելիս, ընդհակառակը՝ շատերն են հետաքրքրված մեզ հետ համագործակցելու»,- ասաց մաեստրոն:

Իտալիայի ժամանած, հանրահայտ Ռոբերտո Սկանդիուցին իր հերթին նշեց, որ իր համար շատ կարևոր է լինել Երևանում և հատկապես կատարել իր ամենասիրելի ստեղծագործություններից մեկը. « Ես հաճախ եմ կատարել «Ռեքվիեմը»: Այն յուրահատուկ գործ է: Ես իտալացի եմ. մենք բազում պատճառներ ունենք այն կատարելու, նվիրելու: Մենք կատարել ենք դա Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, Իտալիայում երկրաշարժի զոհերի հիշատակին: Սա ֆանտաստիկ ստեղծագործություն է, որ արտահայտում է այն, ինչ մենք զգում ենք, երբ կարոտում ենք մարդկանց: Իմ ընտանիքը զոհեր է ունեցել պատերազմի ընթացքում, և երբ ես երգում եմ այս ստեղծագործությունը, ես իմ մտքում ունեմ հատուկ մեկին, ում հիշատակին եմ նվիրում այն »,- նշեց Ռոբերտո Սկանդիուցին:

Այն տեղի կունենա դեկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Կմասնակցեն՝

Էրիկա Գրիմալդի, սոպրանո (Իտալիա)

Եվրոպայի ամենապահանջված սոպրանոներից է: Միջազգային մրցույթների դափնեկիր է. Crescentino International Competition (Վերչելլի), International Giacomo Lauri - Volpi Competition (Իսպանիա), Comunità Europea Competition (1-ին մրցանակ, 2008): Գրիմալդին Թուրինի Teatro Regio օպերային թատրոնի առաջատար մեներգչուհի է և Հռոմի Teatro dell’ Opera, Մյունխենի Bayerische Staatsoper, Նեապոլի Teatro di San Carlo, և Մոնպելյեի Opéra National-ի հրավիրյալ մեներգչուհի: Մասնակցել է Նյու Յորքի Mostly Mozart Festival, Շվեյցարիայի Avenches Festival և այլ հեղինակավոր փառատոների:

Ռոբերտո Սկանդիուցի, բաս (Իտալիա)

Միջազգային լայն ճանաչում ունեցող օպերային երգիչ և համերգային կատարող: Ելույթներ է ունեցել աշխարհի ամենհայտնի օպերային թատրոններում և համերգասրահներում՝ անվանի դիրիժորների ղեկավարությամբ (Ռիկարդո Մուտի, Սըր Ջորջ Շոլթի, Կլաուդիո Աբբադո, Սեյջի Օզավա, Վալերի Գերգիև, Ջեյմս Լեվայն, Ֆաբիո Լուիզի, Լորին Մաազել, Զուբին Մետա, Սըր Անտոնիո Պապանո, Ջորձ Պրետրե, Դանիել Գատտի, Ջուզեպե Սինոպոլի, Մարչելլո Վիոտտի և այլք): Ձայնագրություններ է կատարել DECCA, Philips, Nightingale Records, EMI, DGG, Erato, Nuovo Era և այլ ֆիրմաներում:

Օլեսյա Պետրովա, մեձո սոպրանո(Ռուսաստան)

Ազգային և միջազգային մրցույթների դափնեկիր է. "Надежда России” (Գրան Պրի), Գ.Վիշնևսկայայի անվ. մրցույթ (2-րդ մրցանակ), Չայկովսկու անվ. 13-րդ մրցույթ (2-րդ մրցանակ), Փարիզի օպերային երգիչների միջազգային մրցույթ (1-ին մրցանակ): Սանկտ Պետերբուրգի Միխայլովյան օպերային թատրոնի մեներգչուհի է, Լատվիայի Ազգային օպերայի (Ռիգա) և Մետրոպոլիտեն օպերայի (Նյու Յորք) հրավիրյալ մեներգչուհի: Համագործակցել է Յու. Տեմիրկանովի, Վ.Գերգիևի, Վ.ֆեդոսեևի, Մ.Յանսոնսի, Լ.Կրեմերի, Ջ.Լեվայնի և այլ անվանի դիրիժորների հետ:

Գեորգի Վասիլև, տենոր (Ռուսաստան)

Մոսկվայի Ե.Կոլոբովի անվ. Նոր Օպերա թատրոնի և Դյուսելդորֆի՝ Հռենոսյան Գերմանական օպերայի մենակատար: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում: Մասնակցել է միջազգային փառատոների՝ նշանավոր դիրիժորների ղեկավարությամբ: Նրա դերերգերի թվում են. Ռոմեո, Ֆաուստ, Ալֆրեդ, Հերցոգ, Նեմորինո, Էդգար, Պինկերտոն, Ռուդոլֆ, Լենսկի, և այլ առաջատար դերերգեր: Մասնակցել է օրատորիալ գործերի կատարմանը:

Վերդի՝ Ռեքվիեմ (1874թ.): Ռեքվիեմը հոգեհանգստյան պատարագ է: Գրվում է լատինատառ կանոնակարգված տեքստով՝ հնգամաս ավանդական կառույցի սկզբունքով (նախերգանքով և վերջերգով): Հիանալի Ռեքվիեմներ են ստեղծլել Մոցարտը, Բեռլիոզը, Բրամսը, Դվորժակը, Ֆորեն, Բրիտենը և այլ կոմպոզիտորներ: Ռեքվիեմը նվիրված է բանաստեղծ Ալեսանդրո Մանձոնիի հիշատակին: Առաջին կատարումները կայացել են 1875-ին Միլանում՝ Սուրբ Մարկոս տաճարում և Լա Սկալա օպերային թատրոնում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը շատ անգամներ է կատարել այս հանճարեղ ստեղծագործությունը Հայաստանում: Վերջին անգամ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ այն հնչել է երեք տարի առաջ ի հիշատակ մեր ժամանակների դիրիժորական արվեստի հսկա՝ Կլաուդիո Աբբադոյի: Վերդիի Ռեքվիեմը մաեստրո Թոփչյանի ամենասիրելի ստեղծագործություններից է, որին նա ամեն անգամ անդրադառնում է մեծ ոգևորությամբ և նոր մեկնաբանությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: