Հայերեն   English   Русский  

​Լեռնային երկրում ապրում ենք դիտորդի կարգավիճակով


  
դիտումներ: 10518

2003 թ. դեկտեմբերի 11-ը հռչակվել է Լեռների միջազգային օր՝ ի նպաստ լեռնային գոտիների ճանաչման ու զարգացման:

Լեռ,Լեռնագնաց

Ունենալով լեռնային երկիր՝ առանձնապես լավ չգիտենք մեր առանձնահատկությունները, այնինչ պարտավոր ենք: Խնդրի նրբություններին անդրադարձել ենք Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) հիմնադիր, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի վարչության անդամ Տիգրան Շահբազյանի հետ:

- Որքանո՞վ է լեռնային տուրիզմը զարգացած Հայաստանում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, և առհասարակ ի՞նչ ունենք առաջարկելու ոլորտի սիրահարներին:

- Անկախության հաստատումից առաջ մարդիկ ժայռամագլցման պարապմունքների կամ պարզապես ճամփորդության համար գնում էին Խորհրդային Միության տարածքում գտնվող հետաքրքիր ու բարդ լեռները: Մերը քիչ էր ուսումնասիրված: 90-ականներին սոցիալական վիճակի վատթարացման պատճառով մարդիկ ուղղակի դրա գումարն ու տրամադրությունը չունեին, և միայն 2000-ականներից լեռնագնացությունը սկսեց որոշ զարգացում ապրել Հայաստանում: Մարդկանց, հատկապես՝ կիրակիները բնության գրկում անցկացնողներին, ձգում են լեռնային արշավները, որ հանգստի ոչ միայն նոր, այլև մատչելի տեսակ են:

Դրսի լեռնագնացների համար մեր լեռները ալպինիստական տեսանկյունից այնքան էլ հետաքրքիր չեն, ավելի շատ գրավում են որպես լեռնային զբոսաշրջություն՝ հետաքրքիր ու գեղեցիկ երթուղիներով: Բացի այդ, հայկական լեռները սկսվում ու վերջանում են գյուղերով, որտեղ ևս շատ բան կա տեսնելու, օգտվելու (թեկուզ միայն անարատ սնունդը) և, ի վերջո, վայելելու գյուղական շունչն ու կոլորիտը: Բայց այս ամենի իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն, ինչն այս պահին չունենք: Ամեն ինչ ընկած է անհատների ուսերին, որոնք, մեկը մյուսին օգնելով, մասնակիցների ներդրումներով կարողանում են կայանալ: Իսկ պետական մոտեցման դեպքում, իհարկե, շատ ավելի լուրջ ձեռքբերումներ կլինեն:

Չպետք է մոռանալ այն ապացուցված իրողությունը, որ պատերազմի ժամանակ լեռնային երկրներում միայն լեռնագնացները կարող են իրականացնել համապատասխան մարտական գործողություններ, որոնց համար հմտություններ են անհրաժեշտ: Հենց միայն սա պիտի կարևոր պատճառ լիներ, որ պետությունը գիտակցեր ու օգներ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելուն, մասնագետներ պատրաստելուն:

- Հայկական աշխարհագրական նախագիծ. ի՞նչ է դա, ի՞նչ հաջողություններ ունեք:

- Նախագիծը ստեղծվել է 2012-ին, զբաղվում ենք աշխարհագրական տուրիզմով՝ շեշտը դնելով բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների ծանոթության վրա: Լեռնային տուրիզմի զարգացմանն է ուղղված արդեն 3 տարի գործող և ընթացքի մեջ գտնվող «Մերն է» նախագիծը, որի նպատակն է վերելքներ իրականացնել դեպի Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները: Չնայած անհաղթահարելի գագաթ չունենք, «Մերն է» նախագծի իրականացման առաջին ամիսներին յուրաքանչյուր արշավից առաջ նախօրոք ուսումնասիրում էինք տարածքը: Սակայն ընթացքում նոր տարբերակ ձևավորվեց. մարդկանց տանում ենք չուսումնասիրած երթուղիով, ուսումնասիրում ենք միասին: Գագաթներ կան, որոնք առաջինը մենք ենք հաղթահարում, դա շատ հետաքրքիր է արշավորդների համար: Սակայն կան մի քանի ժայռոտ լեռներ, որոնք առանձնացրել եմ նախապես մենակ բարձրանալու համար: Հայաստանի նման քիչ տեղեր կան, որ փոքր տարածքի վրա այդքան հետաքրքիր երևույթներ ունենան տեսնելու ոչ միայն բնության, այլև պատմամշակութային հուշարձանների առումով: Ուղղակի պետք է պրպտել, գտնել: Հայաստանի լեռնաշղթաների ամենաբարձր կետերը բարձրանալուց հետո մեր կայքում գրում ենք հավաքած բոլոր տեղեկությունները, որոնք չես գտնի ո՛չ գրքերում, ո՛չ համացանցում:

- Ո՞ր գագաթները հատկապես խորհուրդ կտաք բարձրանալ:

- Իհարկե, ճաշակին ընկեր չկա, բայց, չգիտես ինչու, մարդիկ հաճախ բարձրանում են միայն Հատիս, Արա լեռ, Արագած, և վերջ: Օրինակ՝ այս տարի բարձրացանք Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Կուսանաց լեռը: Մեր 12 հոգանոց խումբն է միայն հաղթահարել այն, ինչը նաև տեղացիներն են փաստում: Այժմ փորձում ենք այդ լեռան նկատմամբ հետաքրքրություն առաջացնել՝ մեր ցանկում դնելով առաջին հորիզոնականում: Նաև խորհուրդ եմ տալիս բարձրանալ Արցախում գտնվող Մեծ Քիրսը, որ միաժամանակ կնպաստի Արցախ աշխարհի ճանաչողությանը:

- Ի՞նչ գրավիչ և միայն իրենց բնորոշ կողմեր ունեն լեռնային արշավները:

- Հայաստանում բարդ տեղեր չկան, ցանկացած մարդ կարող է մասնակցել այդ արշավներին, եթե առողջական խնդիրներ չունի: Արշավներում կարևորվում է ճանաչողական գործառույթը: Մեր երկիրն ամեն օր նորովի բացահայտման կարիք է զգում: Լեռները նաև ոգեշնչման աղբյուր են և շարժիչ ուժ՝ ներդաշնակ լինելու ինքդ քեզ և բնության հետ: Արշավներն առողջարարական գործառույթ էլ ունեն, բարելավում են օրգանիզմի դիմադրողականությունը, ամրացնում ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես՝ զարգացնելով տոկունություն, սթրեսադիմացկունություն և կամքի ուժ (ով ունի այն՝ նա հասնում է գագաթ): Լեռնային մաքուր և առողջարար օդ, հաղթահարած բազում կիլոմետրեր. այս ամենը ոչ միայն դրական ազդեցություն է ունենում շնչառական և սիրտ-անոթային համակարգի վրա, այլև օգնում է ազատվելու ավելորդ քաշից, ինչը նույնպես առողջության գրավական է: Փաստորեն, ունենում ենք առողջ մարմին և հոգի: Արշավները տալիս են նաև նոր ծանոթություններ: Առհասարակ էքստրեմալ պայմաններում մարդիկ շփման մեջ առավել բաց են դառնում և ավելի շատ են սկսում միմյանց վստահել: Լինում են իրավիճակներ, որոնց շնորհիվ արշավականները համախմբվում և դառնում են ամուր կոլեկտիվ: Եվ վերջում, իհարկե ոչ վերջինն իր կարևորությամբ. արշավները հնարավորություն են ընձեռում բացահայտելու այնպիսի տեսարաններ, որոնք անգամ ամենավառ երևակայություն ունեցող մարդու պատկերացումներում չեն կարող լինել: Օրինակ՝ գագաթից բացվող տեսարանը, որին ուրիշ ոչ մի կերպ չես կարող հաղորդակից լինել:

Լեռ,Լեռնագնաց

Լեռնագնացությունն այն ոլորտն է, որը պիտի սիրես, քանի որ դրանով զբաղվելու այլ պատճառ չկա: Այդ սերն էլ հենց չեզոքացնում է դժվարությունները: Լեռնագնացությունն ապրելաոճ է, որ կլանում է ամբողջությամբ, և անընդհատ մտածում ես՝ հաջորդն ուր ես գնալու: Ունեցածդ ազատ ժամանակն էլ օգտագործում ես այդ ոլորտի մասին որևէ գիրք կարդալու կամ ֆիլմ դիտելու վրա:

- Հայերս, լեռ ասելով, հասկանում ենք Արարատը, լեռ հասկացությունը մի տեսակ դարձնելով գաղափար: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

- Համաձայն եմ, և ճիշտն ասած՝ ինձ դուր է գալիս դա: Արարատը բարձրանալուց հետո մենք այսպիսի կարգախոս որոշեցինք՝ «Երբ կյանքդ փոխվում է 5165-ով» (լեռան բարձրությունն է): Մարդկանց զգացողությունները տարբեր ու հակասական են: Կոնկրետ իմ կյանքն իրոք փոխվեց 5165-ով, և այդ ամենը չես կարող բառերով նկարագրել: Խնդիրը միայն լեռան գագաթի հաղթահարումը չէ, այլ առհասարակ այդ տարածքը տեսնելը, տեղացիների հետ շփվելը, սահմանի կորստի զգացողությունը: Կարծես ինքդ քեզ հետ պայքարի մեջ ես մտնում, սկսում վերլուծել պատմական անցյալն ու աչքով տեսածը: Արարատը հավանաբար հայ լեռնագնացների ամենաամեծ երազանքներից է, չնայած լեռան հաղթահարումը տեխնիկապես բարդ չէ:

- Ի՞նչ անվանի հայ լեռնագնացներ կան: Երիտասարդներն ի՞նչ ապագա ունեն այս ոլորտում:

- Նշեմ ներկայումս կենդանի Աղվան Չատինյանին, որ խորհրդային տարիներին հայտնի լեռնագնաց է եղել Հայաստանում, ինչպես նաև ազգությամբ հայ լեռնագնաց Կարո Հովասափյանին, որ Միացյալ Նահանգներում է ապրում և Հայաստանում հայտնի չէ, բայց բարձրացել է բոլոր մայրցամաքների ամենաբարձր գագաթները՝ գումարած Անտարկտիդայի ծայրհարավային և ծայրհյուսիսային կետերը: Ներկայիս երիտասարդների մեջ էլ կա զարգանալու ցանկություն, բայց համոզված չեմ, որ մինչև կյանքի վերջը կզբաղվեն դրանով, որովհետև, ի տարբերություն Եվրոպայի զարգացած երկրների, մենք չունենք դրա ֆինանսական ներուժը: Ասենք՝ Էվերեստ գնալն արժե 70-80.000 դոլար, ինչն այդ բարձունքը ՀՀ քաղաքացու համար դարձնում է անհասանելի:

- Ի՞նչպես է աշխարհում և Հայաստանում նշվում Լեռների միջազգային օրը: Եվ ի՞նչ կասեք Հայաստանի լեռների օրվա մասին:

- 1829 թ. հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանը ոտք դրեց Մասիսի գագաթին: Հենց այդ օրն էլ մի քանի տարի առաջ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայում առանձնացրել ենք որպես Հայաստանի լեռների օր, որից հետո միջազգայինը մի տեսակ երկրորդ պլան մղվեց: Իսկ աշխարհում ամեն տարի այս տոնին նվիրված կարգախոսներ են մտածում, պատրաստվում և նշում մեծ շուքով:

- Ի՞նչ մաղթանք ունեք լեռների սիրահարներին և լեռներին անծանոթ մեր ընթերցողներին:

- Մեծ կորուստ է ապրել Հայաստանում և չզբաղվել լեռնագնացությամբ: Լեռնային երկրում ապրում ենք դիտորդի կարգավիճակով: Ուստի մաղթում եմ, որ մարդիկ նախ ցանկություն ունենան, ապա առանց վախենալու և առանց մտածելու, թե չեն կարող, անեն այդ առաջին քայլը: Լեռների սիրահարներին էլ կմաղթեմ անփորձանք վերելքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: