Հայերեն   English   Русский  

​«Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից». Մարդու իրավունքների միջազգային օրը նշվել է Արցախում


  
դիտումներ: 643

Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ից 11-ն այցելել է Արցախ:

Պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որին մասնակցել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը և իրավապաշտպան երկու հաստատությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակներում կայացել է Արցախի դպրոցների 9-12-րդ դասարանների աշակերտների համար նախապես հայտարարված «Ինչո՞ւ են մարդու իրավունքները կարևոր. իմ ապրած իրականությունը և Զաբել Եսայանի փորձառությունը» խորագրով մրցույթի արդյունքների ամփոփումը:

Մրցութային հանձնաժողովի նախագահ Արման Թաթոյանը կարևորել է նման մրցույթ անցկացնելու Արցախի գործընկերոջ նախաձեռնությունը: Պաշտպանը ողջույնի խոսքում նշել է, որ իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի կարգավիճակից․ քաղաքակիրթ աշխարհը պետք է ճանաչի Արցախն իր ժողովրդավարական ինստիտուտներով:

«Այս տարի մարդու իրավունքների միջազգային օրը նշում ենք Արցախում: Այն Արցախի դեպքում խորհրդանշական է, քանի որ այդ օրն են տեղի ունեցել Արցախի անկախության 1991 թվականի և առաջին Սահմանադրության 2006 թվականի հանրաքվեները: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միջազգային հանդիպումներում պետք է ունենա ինքնուրույն ներգրավվածություն, իսկ միջազգային գործընկերների այցերն Արցախ պետք է շարունակաբար ակտիվանան»,- ասել է Արման Թաթոյանը:

Պաշտպանն աշխատանքային այցի ժամանակ հանդիպել է Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են գործարարների շահերի պաշտպանությանը, նրանց խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: Ձեռք են բերվել համատեղ ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ:

Աշխատանքային այցի ավարտին տեղի է ունեցել հանդիպում Արցախի պետական համալսարանի ռեկտոր Մանուշ Մինասյանի և նորաստեղծ իրավաբանական կլինիկայի ուսանողների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի

աշխատակազմի հանրային կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: