Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցի կանայք ցույց են անցկացրել ԱՄՆ դեսպանատան մոտ՝ չմոռանալով նաև Ղարաբաղը


  
դիտումներ: 582

Մի խումբ ադրբեջանցի հավատացյալ կանայք դեկտեմբերի 11-ին բողոքի ցույց են անցկացրել մայրաքաղաք Բաքվում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան առջև՝ իրենց բողոքը հայտնելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, ակցիան կազմակերպվել էր Ադրբեջանի իսլամական կուսակցության կանանց խորհրդի և Զիվորների մայրերի հասարակական միության կողմից: Բողոքի ակցիան, որին մասնակցել են 20 կանայք, տևել է մոտ 20 րոպե:

Կանայք իրենց ձեռքերում պահել են «Վե՛րջ ահաբեկչությանը», «Ղարաբաղը և Գուդուսը (Երուսաղեմ) մահմեդական հողեր են» կարգախոսներով պաստառներ: Նրանք դատապարտել են Թրամփի գործողությունները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Պաղեստինի ժողովրդին:

Ոստիկանությունը չի միջամտել ակցիայի անցկացմանը: Դեսպանատան որևէ աշխատակից ցուցարարներին չի ընդունել:

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Վերջինս նշել է, որ Պետդեպարտամենտին հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է այդ որոշումը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի քննադատությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և մի շարք այլ մահմեդական երկրների իշխանությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: