Հայերեն   English   Русский  

«Այս ի՞նչ խաղի կանոններ են. ամեն 6 ամիսը մեկ փոփոխությո՞ւններ եք բերելու». Միքայել Մելքումյան


  
դիտումներ: 991

«Հարկային օրենսգիրքը դեռ չի մտել ուժի մեջ, դուք նորից բերել եք արմատական փոփոխություններ: Կարող է մի վեց ամիս հետո նորից փոփոխություններ բերեք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում վրդովվեց հայտնեց ԱԺ փոխանախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ խոսքն ուղղելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին։

Նա ընդգծեց՝ դրա համար նախ պետք է լուրջ մտածել, խորապես դիտարկումներ անել, նոր այդ նախագծերը բերել:

Վարդան Արամյանն արձագանքեց, որ երբ իրենք ներկայացնում էին օրենսգիրքը, միաժամանակ ասում էին, որ այն «քարի վրա գրված չէ». « Այս հարկային փաթեթումառաջարկների զգալի մասը բիզնեսից եկող են, որը մենք պարտավոր ենք քննարկել և ներկայացնել պատշաճ ձևով։ Չեմ ընդունում, որ մեկ անգամ օրենքն ընդունել ենք, էլ չպետք է ընդհանրապես ձեռք տանք: Մենք հայտարարել ենք, որ ընդունվող օրենքի փաթեթը պետք է հստակ խաղի կանոններ սահմանի, բայց եթե կարիք կա բարելավելու, պետք է արվի»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահը կրկին վրդովվեց. «Հարկային օրենսգիքը ներկայացնելու ժամանակ հիմնական տրամաբանությունն այն է, որ երկար ժամանակ ձեռնարկատերերի համար խաղի կանոնները չփոխվեն: Եթե մենք 6 ամիսը մի անգամ բերում ենք փոփոխություն, առավել ևս զավեշտալի է, որ հարկային օրենսգիրքը դեռ ուժի մեջ չի մտել, բերում եք փոփոխություն, թույլ է տալիս ենթադրելու, որ ամեն 6 ամիսը մեկ դուք բերելու եք փոփոխություններ, իսկ բիզնեսը մնալու է անորոշության մեջ: Ո՞նց դա աշխատի: Այս ի՞նչ խաղի կանոններ են»։

Ֆինանսների նախարարը խոստացավ, որ եթե լինեն նորմեր, որոնք խեղում կարող են մտցնել տնտեսվարողների կյանքում, ապա իրենք փոխելու են դրանք, որովհետև դա համահունչ է իրենց որդեգրած քաղաքականությանը:

«Հարկային օրենսգրքին փոփոխությունների քննարկումից հետո ես համոզված եմ, որ ձեր կարծիքը կփոխեք»,- նշեց Վ. Արամյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: